Կրկնապատկվելու է ջրառը Արաքս գետից

Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Հայաստանի ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի շրջանակներում վերակառուցվում է դեռեւս 1923 թ. կառուցված Արմավիրի ջրանցքի Ղարաղալայի գլխամասային հանգույցը: Ուրբաթ օրը աշխատանքներին ծանոթանալու նպատակով այստեղ ժամանած Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնին շինարարները վստահեցրին, որ կառույցը շահագործման կհանձնվի մինչեւ տարեվերջ:

Ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի իրականացման գրասենյակի տնօրեն Ադիբեկ Ղազարյանի հավաստմամբ, դա հայկական կողմին թույլ կտա կրկնապատկել ոռոգման ջրառը Արաքս գետից:

«Սա կբերի լրացուցիչ ջրի վերցմանը Արաքս գետից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ղազարյանը: - «Հիմա մենք վերցնում ենք 28 խորանարդ մետր վայրկյանում: Դա հասցնելու ենք մինչեւ 53 խորանարդ մետրի, ինչպես մեր հարեւաններն են վերցնում: Դա միջազգային նորմա է»:

Թուրքական կողմը դեռեւս 10 տարի առաջ վերակառուցել էր իր ջրառի հիդրոտեխնիկական հանգույցը ու այժմ գետից վերցնում է ջրի՝ իրեն հասանելիքի առավելագույն քանակը՝ վայրկյանում 53 խորանարդ մետր։ Այս հանգամանքը, ըստ Ղազարյանի, նկատելիորեն վատթարացրել է հայկական կողմի ջրառի պայմանները, քանի որ ջրի արագությունը ձախ ափում նվազել է, ու ավելացել են գետի բերվածքներով կուտակված նստվածքները, ինչը, հարկադրում է անընդհատ մաքրման աշխատանքներ իրականացնել։

Ադիբեկ Ղազարյանի հավաստմամբ, հիդրոտեխնիկական այդ կառույցի շինարարության ավարտից հետո տարեկան լրացուցիչ կվերցվի մոտ 106 միլիոն խորանարդ մետր ջուր, որը կօգտագործվի ոչ միայն ոռոգման, այլեւ աղակալած 5 հազար հեկտար հողերի գարնանային մաքրման նպատակով:

Հաշվարկները ցույց են տվել, որ Ղարաղալայի ջրբաշխ հանգույցի վերագործարկումից հետո 74 տոկոսով կաճի այդ ջրից օգտվող ֆերմերային տնտեսությունների եկամտաբերությունը։

Անկախ քաղաքական պատճառներից, Հայաստանն ու Թուրքիան պետք է համատեղ վերահսկեն վերցվող ջրի քանակները։ Ախուրյան - Արաքս ջրառ մասնաճյուղի տնօրեն Սլավիկ Իշխանյանի խոսքերով, ամիսը 8 անգամ հայ եւ թուրք տեխնիկական փորձագետները երկուստեք անցնելով Արաքսի ափերը միացնող կամուրջը՝ ֆիքսում են ջրառի քանակները: Կազմվում է ջրառի հաշվեկշիռ, որը ամեն ամիս քննարկվում է հայ-թուրքական միջգերատեսչական հանձնաժողովի նիստում:

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը, դիտելով Ղարաղալայի գլխամասային հանգույցի հայկական կողմի շինարարությունը, ասաց, թե բանկի աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի մեջ սա լավագույններից մեկն է. այն կարեւոր է ոչ միայն երկրի ոռոգման համակարգի զարգացման, այլեւ, հաշվի առնելով ջրաղբյուրի տեղանքը՝ նաեւ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների բարելավման առումով։

«Շատ քաջալերելի եւ խրախուսող են այն ջանքերը, որ տարվել են կոնկրետ այս հատվածի շինարարական աշխատանքների բարելավման եւ երկու երկրների միջեւ համագործակցության բարելավման առումով։ Բոլոր այն երկրներում, որտեղ կան համատեղ ջրային ռեսուրսներ, որոնք կառավարվում կամ կարգավորվում են երկու հարեւան երկրների միջեւ, շատ կարեւորվում են՝ հենց այդ երկրների միջեւ փոխհարաբերությունների սերտացման առումով», - ասաց Ռոբինսոնը:

Անդրադառնալով, հայ-թուրքական սահմանի հնարավոր վերաբացման շուրջ վերջին շրջանում ակտիվացած քննարկումներին, Ռոբինսոնը վերահաստատեց այս հարցի նկատմամբ Համաշխարհային բանկի տեսակետը. - «Ինչպես Թուրքիան, այնպես էլ Հայաստանը Համաշխարհային բանկի անդամ պետություններ են: Մենք երկու երկրներում էլ իրականացնում ենք ծրագրեր: Բնականաբար, բանկը շահագրգիռ է տեսնելու այս երկու երկրների միջեւ փոխհարաբերությունների բարելավումը, քանի որ մենք վստահ ենք, որ առեւտրային եւ մշակութային հարաբերությունների բարելավումը կհանգեցնի տնտեսական եւ սոցիալական իրավիճակի նորմալացմանը»։


Ատոմ Մարգարյան, Արմավիրի մարզ