Արթուր Բաղդասարյան. «Պիտի կարողանանք ներկայանալ ե'ւ ԱԺ ղեկավարության, ե'ւ կառավարության մեջ»

Նորընտիր խորհրդարանում 22 պատգամավորով ներկայացված «Օրինաց երկրիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով նաեւ որպես նորընտիր Ազգային ժողովի նախագահի հիմնական թեկնածուներից մեկն է, չի բացառում ԱԺ ղեկավարի պաշտոնում իր ընտրվելու հավանականությունը:

«Բնականաբար, մենք քաղաքական բանակցությունների արդյունքում պիտի կարողանանք նաեւ ներկայանալ ե'ւ Ազգային ժողովի ղեկավարության, ե'ւ կառավարության մեջ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Բաղդասարյանը:

Իր՝ խորհրդարանի խոսնակ դառնալու հավանականությանը վերաբերող հարցին Արթուր Բաղդասարյանը պատասխանեց, թե «ամեն ինչ կախված է քաղաքական բանակցություններից»: Եթե «Օրինաց երկիր»-ը ստանա Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, Բաղդասարյանի խոսքերով, դա պետք է լինի «ընտրությունների միջոցով եւ քաղաքական ուժերի հետ փոխհամաձայնության արդյունքում»:

Իսկ խորհրդարանի խոսնակը, ըստ Բաղդասարյանի, պետք է ունենա խորհրդարանական աշխատանքի փորձ, կոնստրուկտիվ հարաբերություններ ստեղծի բոլոր քաղաքական ուժերի հետ եւ իրականացնի կազմավորվելիք մեծամասնության քաղաքական ծրագիրը:

«Օրինաց երկիր»-ի նախագահը չհամաձայնեց դիտարկմանը, թե կարծես լուրջ բարդություններ կան ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածության շուրջ համաձայնությունների կայացման առումով՝ ասելով, թե այդ խնդիրները անձնավորված ընկալում չունեն, այլ քաղաքական քննարկումների դաշտում են:

«Այսօր խորհրդարանում չկա որեւէ ուժ, որ ունի բացարձակ մեծամասնություն: Այստեղ պետք է տեղի ունենա քաղաքական բանակցություններ գործընթաց, եւ այդ բանակցությունների ընթացքում պետք է ծնվի ճշմարտությունը», - ասաց նա՝ ավելացելով, թե ոչ ոք չի կարող անտեսել փաստը, որ «Օրինաց երկիր»-ն իր թիկունքին ունի 150 հազար քվե:

Անդրադառնալով կառավարությունում իր ղեկավարած կուսակցության ներկայությանը, Բաղդասարյանը ասաց. - «Բանակցությունները գնում են ե'ւ Ազգային ժողովի ղեկավարության, ե'ւ կառավարության ձեւավորման շուրջ: Այժմ կոնկրետ որեւէ պայմանավորվածություն կառավարության կազմի հետ կապված ձեռք բերված չէ, որովհետեւ այդ բանակցությունները ընթացքում են»:


Արմեն Զաքարյան, Երեւան