«Էմնիսթի ինթերնեշնլ». Հայաստանում շարունակվում են կտտանքները եւ բռնարարքները

«Հայաստանից շարունակում են ահազանգեր ստացվել իրավապահ մարմինների կողմից իրականացվող կտտանքների եւ ոչ պատշաճ վերաբերմունքի, ինչպես նաեւ զորակոչիկների նկատմամբ կիրառվող բռնությունների մասին», - ասված է «Էմնիսթի ինթերնեշնլ» (Միջազգային ներում) իրավապաշտպան կազմակերպության՝ Լոնդոնում այսօր հրապարակված տարեկան զեկույցում:

Փաստաթղթում, որը ներառում է միայն 2002 թվականը, փաստվում է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են բանտարկել նրանց, ովքեր կրոնական նկատառումներով հրաժարվում են զինվորական ծառայությունից: «Նոր Քրեական օրենսգիրքը չի վերացրել մահապատիժը», - արձանագրում են իրավապաշտպանները՝ նշելով, որ թեեւ մահապատժի ի կատար ածումը Հայաստանում սառեցված է, 2002 թվականի վերջին մահապատժի դատապարտվածների թիվը հասել է 42-ի, մինչդեռ նախորդ տարի նրանց թիվը 30 էր:

«Քաղաքական կյանքը Հայաստանում աղճատված է բռնությամբ, լրատվամիջոցների նկատմամբ կենտրոնի կողմից իրականացվող վերահսկողությամբ եւ խոսքի ազատության սահմանափակումներով», - նշում է «Էմնիսթի ինթերնեշնլ»-ը:

«Կտտանքներ եւ ոչ պատշաճ վերաբերմունք» բաժնում վկայակոչվում են անցած տարի տեղի ունեցած կոնկրետ դեպքեր: Փետրվարին 22-ամյա Արտյոմ Սարգսյանը մահացել է զինվորական ծառայությունն սկսելուց քիչ անց: Զինվորական հոսպիտալը հայտարարել է, որ մահվան պատճառը սննդային թունավորումն է եղել, սակայն հերձման ժամանակ բացահայտվել են գլխուղեղի եւ որովայնի ծանր վնասվածքներ եւ արյան կորուստ: Դեկտեմբերին սկսված դատավարությունում 15 մեղադրյալների թվում են նաեւ 5 զինվորական բժիշկ, ովքեր եզրակացություն էին տվել սննդային թունավորման մասին: Արտյոմ Սարգսյանը ենթադրաբար 36 ժամ շարունակ տառապել է անտանելի ցավից մինչեւ 6-րդ բժիշկը նրան ուղարկել է հոսպիտալ: 2001 թվականին Արտյոմ Սարգսյանը մասնակցել էր ուսանողների բողոքի հրապարակային գործողություններին՝ ուսումն ավարտելուց առաջ զորակոչվելու դեմ:

«Էմնիսթի ինթերնեշնլ»-ը նշում է նաեւ, որ անցած տարվա հուլիսին պատգամավոր Գեւորգ Հակոբյանը ֆիզիկական բռնության է ենթարկվել ոստիկանների, այդ թվում Երեւանի ներքին գործերի վարչության բարձրաստիճան մի պաշտոնյայի կողմից: Վարչապետի նախաձեռնած ներքին հետաքննության արդյունքում այդ պաշտոնյան արդարացվել է եւ մեկ ամսից նշանակվել ներքին գործերի նախարարության վարչության ղեկավար:

«Ռոբերտ Քոչարյանի թիկնապահներից մեկը՝ Աղամալ Հարությունյանը անցած տարի երկու տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել Պողոս Պողոսյանի չկանխամտածված սպանության համար», - արձանագրում են զեկույցի հեղինակները՝ հիշեցնելով, որ Պողոս Պողոսյանը դիակը հայտնաբերվել է «Առագաստ» սրճարանի զուգարանում այն բանից հետո, երբ ենթադրաբար անհարգալից արտահայտություն է արել նախագահի հասցեին:

Ինչ վերաբերում է կրոնական նկատառումներով զինվորական ծառայությունից հրաժարվելուն, ապա «Էմնիսթի ինթերնեշնլ»-ը փաստում է, որ անցած տարվա վերջին ազատազրկված էր առնվազն 16 մարդ՝ բոլորն էլ Եհովայի վկաներ: «Հայաստանը», - հիշեցնում են զեկույցի հեղինակները, - «Եվրոպայի խորհրդի առջեւ պարտավորվել է մինչեւ այս տարվա վերջը օրենք ընդունել այլընտրանքային ծառայության մասին, իսկ մինչ այդ՝ ներում շնորհել նրանց, ովքեր դատապարտվել են կրոնական նկատառումներով ծառայությունից հրաժարվելու համար»:

Կազմակերպության անցած տարվա զեկույցում կար քաղաքական բանտարկյալներին վերաբերող բաժին, ուր հիշատակվում էին Նաիրի Հունանյանն եւ իր խմբի անդամները: Դա ոչ միանշանակ արձագանք էր առաջացրել Հայաստանի քաղաքական եւ հասարակական շրջանակներում: Այսօր հրապարակված զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում քաղաքական բանտարկյալների մասին որեւէ հիշատակում չկա:

Հիշատակում չկա նաեւ այս տարի տեղի ունեցած որեւէ դեպքի մասին, թեեւ ավելի վաղ հրապարակված միջազգային տարբեր զեկույցներում արդեն հիշատակվել են նախագահական ընտրություններից հետո սկսված ձերբակալությունները: Կարելի է ակնկալել, որ այդ ամենը տեղ կգտնի «Էմնիսթի ինթերնեշնլ»-ի հաջորդ տարվա զեկույցում:

Ընդհանուր առմամբ, ինչպես շեշտել է այսօր «Էմնիսթի ինթերնեշնլ» կազմակերպության գլխավոր քարտուղար Իրեն Խանը, «հիմա մարդիկ աշխարհում ավելի անպաշտպան են, քան երբեւէ սառը պատերազմի ավարտից հետո»:

«Ահաբեկչության դեմ պայքարի եւ իրաքյան պատերազմի քողի ներքո կառավարությունները սաստկացրել են քաղաքական ճնշումները եւ մարդու իրավունքները աշխարհով մեկ տուժել են», - փաստել է Իրեն Խանը:


Արմեն Դուլյան, Պրահա