Արամ Կարապետյանը դուրս մնաց նաեւ համամասնական ցուցակից

Անցած նախագահական ընտրություններում շուրջ 3 տոկոս ընտրողների ձայնը ստացած թեկնածուն՝ «Հեռանկար» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արամ Կարապետյանը, որին ընտրատարածքային հանձնաժողովը անցած շաբաթ արդեն մերժել էր գրանցել որպես մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու, երկուշաբթի օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշմամբ զրկվեց նաեւ մեծամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից: «Արդարություն» դաշինքի համամասնական ցուցակում նրա գրանցումը ԿԸՀ անդամների միաձայն քվեարկությամբ համարվեց անվավեր:

Արամ Կարապետյանը, «Ազատություն» ռադիոկայանին հետ զրույցում բացատրելով, թե ինչու իրեն թույլ տրվեց մասնակցել նախագահական ընտրություններին, սակայն թույլ չտրվեց մասնակցել խորհրդարանականին, ասաց. - «Իմ կարծիքով, այն ժամանակ ես վտանգավոր չէի: Հիմա կամաց-կամաց դառնում եմ երեւի շատ վտանգավոր»:

Կարապետյանի խոսքերով, նախագահական ընտրություններում իրեն ձայն տված մարդկանց շարքերը այժմ, թերեւս, խտացել են: Ինչից նա բխեցրեց, թե՝ «համապատասխանաբար կարելի է «Արդարություն» դաշինքից այդքան տոկոս իջեցնել»:

Եթե «Արդարություն» դաշինքը Արամ Կարապետյանի դեռեւս մեծամասնական ընտրակարգով չգրանցումը արդեն օգտագործում է քարոզարշավում՝ որպես նախագահական ընտրությունները անվավեր ճանաչելու հիմքերից մեկը, ինքը Արամ Կարապետյանը որոշել է նախագահական ընտրություններին այս խնդրի առնչությամբ չանդրադառնալ:

«Չեմ կարծում, որ այս հարցը կարելի է շահարկելի դարձնել՝ վերադառնալու համար նախագահական ընտրություներին», - ասաց նա՝ բացատրելով, թե լավ կամ վատ, ընդունելի կամ անընդունելի, իր համար Հայաստանն արդեն նախագահ ունի, եւ այսօր ինքը մտածում է Հայաստանի միջազգային վարկանիշի մասին:

«Եթե որեւէ ձեւով հարգանք չենք ունենալու գոնե [նախագահի] ինստիտուտի նկատմամբ, ինչպե՞ս է մարդը կարողանալու հատկապես արտաքին դաշտում հարցեր լուծել», - փաստարկեց նա:


Շաքե Ավոյան, Երեւան