Սահմանադրական դատարանը մերժեց Ստեփան Դեմիրճյանի դիմումը

Չորեքշաբթի օրը Սահմանադրական դատարանը որոշ վերապահումներով մերժեց նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի 2003 թվականի մարտի 5-ին անցկացված նախագահի ընտրությունները անվավեր ճանաչելու մասին դիմումը:

«Հաշվի առնելով 2003 թվականի մարտի 5-ի ընտրությունների արդյունքներով նախագահի թեկնածուների ստացած ձայների փաստացի տարբերությունը, դրա վրա անճշտությունների չափի եւ Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությամբ ոչ հավաստի ճանաչված քվեարկության արդյուքների ազդեցությունը... անփոփոխ թողնել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մարտի 11-ի որոշումը ՀՀ նախագահ ընտրելու մասին», - ասված է մասնավորապես Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հրապարակած որոշման վերջին հատվածում:

Դատարանը, սակայն, փաստեց նաեւ, որ Հայաստանի նախագահի ընտրությունների ընթացքում առանձին ընտրատեղամասերում, հատկապես քվեարկության եւ ձայների հաշվարկման ժամանակ տեղ են գտել այնպիսի խախտումներ, որոնք իրենց բնույթով անհարիր են երկրի ժողովրդավարության հետագա զարգացումներին, անհամատեղելի են միջազգային կոնվենցիաներով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններին:

Ըստ դատարանի որոշման, իրավական առումով հիմնավորապես փաստարկված է, որ տեղ են գտել քվեաթերթիկների լցոնման, ձայները սխալ հաշվարկելու, այլոց փոխարեն քվեարկության դեպքեր, ինչպես նաեւ այլ բնույթի էական խախտումներ, սակայն ստուգումները ընտրատարածքային հանձնաժողովներն անհիմն ձեւով մերժել են, իսկ ընդհանուր իրավասության դատարանները օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չեն պաշտպանել հանձնաժողովների անդամների եւ թեկնածուների վստահված անձանց իրավունքները:

Սահմանադրական դատարանը ընտրությունները ոչ հավաստի համարեց շուրջ չորս տասնյակ ընտրատեղամասերում եւ որոշեց «ընտրությունների ընդհանուր արդյունքները գնահատելու համար նման տեղամասերում առավել ձայներ ստացած թեկնածուի ձայների չափով կրճատել թեկնածուներին տրված ձայների ընդհանուր տարբերությունը»:

Դատարանի որոշմամբ, նշված բոլոր տեղամասերում խախտումներ կատարած անձանց բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ դատախազության կողմից կազմակերպվելու է համալիր քննություն, որի արդյունքների մասին Սահմանադրական դատարանն ու հանրությունը պիտի տեղեկացվեն մինչեւ մայիսի 20-ը:

ՀՀ դատախազությանն են տրամադրվելու նաեւ քննության ընթացքում կեղծ որակված փաստաթղթերը՝ դրանց իսկությունը պարզելու, իսկ
կեղծ լինելու դեպքում՝ կազմողներին եւ շրջանառության մեջ դնողներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

Բացի այդ, Սահմանադրական դատարանն իր որոշմամբ առաջարկեց
մայիսին ընտրվելիք Ազգային ժողովին եւ Հայաստանի նախագահին մեկ տարվա ընթացքում «Հանրաքվեի մասին» օրենքը համապատասխանեցնել երկրի Սահմանդրության 2-րդ հոդվածի պահանջներին, իսկ հասարակական դիմակայությունը հաղթահարելու արդյունավետ միջոց ընտրել վստահության հանրաքվեի կազմակերպումը:


Կարինե Քալանթարյան, Երեւան