Ամերիկյան զորքերը շարժվել են դեպի Իրաքի սահմանը

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը Քուվեյթից հաղորդում է, որ այսօր ամերիկյան եւ բրիտանական զորքերը շարժվել են առաջ եւ ընդհուպ մոտեցել Իրաքի սահմանին գտնվող ապառազմականացված գոտուն: Մասնագետների կարծիքով, դա նշանակում է, որ պատերազմը կարող է սկսվել արդեն այս գիշեր:

Այսօր առավոտյան Հայաստանի արտգործնախարարությունը, խոսնակ Ձյունիկ Աղաջանյանի փոխանցմամբ, հրահանգել է Բաղդադում Հայաստանի դեսպանատանը մնացած վերջին երկու դիվանագետներին դուրս գալ Իրաքից եւ Սիրիայի տարածքով վերադառնալ Հայաստան:

Արտգործնախարար Վարդան Օսկանյանը, խորհրդարանում պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, կարծիք է հայտնել, թե պատերազմն անխուսափելի է: Շարադրելով Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, նախարարը փաստել է, որ Հայաստանը կողմնակից է Իրաքի զինաթափմանը, բայց միայն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնությամբ:

Նախարարը հայտնել է, որ պատերազմին կողմ եւ դեմ երկրները փորձում են ստանալ Հայաստանի աջակցությունը: «Վերջին երկու օրերին ես խոսել եմ տարբեր դիրքորոշումներ ունեցող կողմերի հետ», - ասել է նախարարը՝ ավելացնելով. - «Մենք պետք է պահպանենք հավասարակշռությունը»:

Վարդան Օսկանյանի գնահատմամբ, այս պահին Հայաստանի համար որեւէ վտանգ չկա: Ինչ վերաբերում է Իրաքի հայերին, որոնք կարող են արտագաղթել Հայաստան, ապա հենց սահմանին նրանց անվճար կտրվեն երկարաժամկետ վիզաներ: Հայաստանը, նախարարի վկայությամբ, դիմել է նաեւ հարեւան Իրանին եւ Թուրքիային՝ խնդրելով չխոչընդոտել Իրաքի հայերի հնարավոր տեղաշարժը:

«Հայաստանը ետպատերազմական շրջանում կցանկանար ինչ-որ ներկայություն ունենալ Իրաքում, դա լինի կոալիցիայի շրջանակներում, թե դրանից դուրս, որտեղ կկարողանայինք կոնկրետ մեր համայնքի ներկայացուցիչներին բժշկական եւ այլ արտակարգ իրավիճակներին վերաբերող հարցերում օգնություն ցուցաբերել», - ասաց նաեւ Օսկանյանը: - «Մենք դրան պատրաստ ենք: Այնպես որ՝ կապված իրավիճակից, մենք արդեն կկողմնորոշվենք, թե ինչպիսի քայլերի ենք դիմելու»:

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Ռիչարդ Բաուչերը երեկ թվարկել է այն 30 երկրները, որոնք կողմնակից են, որ Սադդամ Հուսեյնը ստիպողաբար զինաթափվի: Այդ երկրների թվում են նաեւ Ադրբեջանը եւ Վրաստանը: Նախագահ Ջորջ Բուշը հատուկ շնորհակալություն է հայտնել նախագահներ Էդուարդ Շեւարդնաձեին եւ Հեյդար Ալիեւին՝ ԱՄՆ-ին սատարելու համար: Բուշը շեշտել է Ադրբեջանի կարեւորությունը՝ փաստելով. - «Աֆղանստանում ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողությունը չէր կայանա, եթե Ադրբեջանը իր օդային տարածքը չտրամադրեր ամերիկյան ինքնաթիռների թռիչքների համար»:

Բաուչերի թվարկած 30 պետությունների ցանկում է նաեւ Թուրքիան, որը, սակայն, մինչեւ հիմա թույլ չի տվել ամերիկացիներին օգտագործելու իր օդային տարածքը: Այդ հարցը թուրքական խորհրդարանը քննարկելու է վաղը: Վաղը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աշխարհում ստեղծված կացությունը քննարկելու է Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ:



Ռոն Սինովից, Քուվեյթ, Արմեն Դուլյան, Պրահա եւ Ռուզան Խաչատրյան, Երեւան