Վազգեն Մանուկյան. - «Իրական ձայներով Ռոբերտ Քոչարյանը անցողիկ չէ»

Նախագահի թեկնածու, ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Վանուկյանը, երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով վերջացող քարոզարշավի մասին, ասաց, որ «սեւ պիար», խաբեություններ են եղել:

Որպես օրինակ Մանուկյանը նշեց Ռուբեն Հախվերդյանի երգերից մեկի օգտագործումը գործող նախագահի քարոզարշավում, Ազգային ժողովրդավարական միությունից «վաղուց վտարված» Ֆիլարետ Բերիկյանին հեռուստատեսությամբ ԱԺՄ խորհրդարանական խմբակցության անդամ ներկայացնելը:

«Ինձ համար շատ կարեւոր է, այնուամենայիվ, թե վերջին օրը ինչ կկատարվի», - շեշտեց Վազգեն Մանուկյանը՝ կիսելով նաեւ իր մտահոգությունները: - «Որովհետեւ իրական ձայներով, ես տեսնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը անցողիկ չէ: Զոռով իշխանության մնալ կամ զոռով իշխանության գալ՝ նշանակում է ցնցումներ»:

Անդրադառնալով պնդումներին, թե հենց առաջին փուլում ընտրություններն ավարտվելու են Ռոբերտ Քոչարյանի հաղթանակով, Վազգեն Մանուկյանն ասաց, թե բոլորը ենթադրում էին, որ Ռոբերտ Քոչարյանը պիտի փորձի առաջին փուլով անցնել, որովհետեւ երկրորդ փուլում իր դեմ ավելի մեծ համախմբում կլինի: Մանուկյանը, միաժամանակ, չբացառեց նաեւ երկրորդ փուլի տարբերակը:

«Առաջին փուլով 50 տոկոսից ավելի հավաքելը նշանակում է դիմացիններին դրդել ցնցումների», - ասաց նա: - «Մարդիկ չեն հանդուրժելու, որովհետեւ չի երեւում, որ ինքը այդպիսի ձայներ ունենա»:

Շարունակելով, Մանուկյանը ասաց, որ կարող է լինել ավելի «խորամանկ սցենար». ցնցումներից խուսափելու համար երկրորդ փուլի գնան, դիտորդներին ու հանրության ցույց տան, որ վերաբաշխումներ եղան եւ՝ Քոչարյանն «ավելի հանգիստ անցնի»: Չէ՞ որ մի ճամբարից մյուսն անցնելը Հայաստանում սովորական երեւույթ է. - «Իմ աչքի առաջ այնքան մեծ արագությամբ մի ճամբարից մյուս ճամբար վազող նապաստակներ եմ տեսել, որ բացի ինձանից ոչ մեկին չեմ երաշխավորի»:

Թեկնածուի կարծիքով, կեղծիքները հիմնականում արվելու են ընտրական հանձնաժողովներում՝ «ուղղակի լրացուցիչ քվեաթերթիկներ լցնելով քվեատուփի մեջ», եւ արդեն զգացվում է, որ այդ ուղղությամբ ընտրական հանձնաժողովներում, ուր ի դեպ ներկայացված է նաեւ ԱԺՄ-ն, նախապատրաստական աշխատանք է տարվում:

«Մեր մարդկանց վրա բավականին ճնշումներ են գնում, եւ փորձում են կաշառել, որպեսզի նրանք աչքերը փակեն այն բանի վրա, թե ինչ է տեղի ունենալու ընտրությունների պահին», - փոխանցեց Մանուկյանը:


Հրաչ Մելքումյան, Երեւան