Գազատարի վթարը տատանումներ չի առաջացնի Հայաստանում էներգիայի սպառման շուկայում

Էներգետիկայի ոլորտի պատասխանատուների փոխանցմամբ, Ռուսաստանից Անդրկովկաս մտնող մայր գազատարի վթարը չի անդրադառնա Հայաստանի էներգետիկ ռեժիմների վրա, սպառման շուկայում տատանումներ չեն լինի:

Սառցաբեկորը երեկ վնասել է մայր գազատարը, սակայն Հայաստանը եւ Վրաստանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին Էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունից, շարունակում են գազ ստանալ ավելի փոքր տրամագիծ ունեցող խողովակաշարով:

«Հայռուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունից էլ «Ազատություն» ռադիոկայանին ասացին, որ ներկրվող եւ պահուստավորված գազի հաշվին երկրում էներգետիկ ռեժիմները պահպանվում են, էլեկտրաէներգիայի արտադրության պրոբլեմ չի առաջացել: Բնակչությունը եւս գազ ստանում է, սպառման շուկայում տատանումներ չկան:

Ավելին, «Հայռուսգազարդ»-ի մամուլի ծառայության պետ Շուշան Սարդարյանի փոխանցմամբ, հունվարի 1-ից մինչեւ 15-ը ներառյալ, «ԱԷՍ Տելասի» ընկերության հետ ունեցած պայմանագրի համաձայն, օրական շուրջ 2 մլն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա է արտահանվել Վրաստան: Վրացական կողմի առաջարկությամբ այդ պայմանագիրը երկարաձգվել է մինչեւ հունվարի 31-ը:

Դեռեւս հստակ չէ, թե երբ կվերացվի մայր գազատարի վթարը: Պահուստավորված գազը, որ, ոչ պաշտոնական աղբյուրների գնահատմամբ, կազմում է մոտ 200 մլն խորանարդ մետր, կարող է բավարարել շուրջ մեկ ամիս: Վատթար դեպքում անգամ, եթե վթարի վնասների վերականգնումը ձգձգվի, գազը, ամենայն հավանականությամբ, կբավարարի մինչեւ Մեծամորի ատոմակայանի՝ հունվարի 23-25-ը նախատեսված վերագործարկումը:

Ատոմակայանը կանգնեցվել էր անցած հոկտեմբերին՝ միջուկային վառելիքի մեկ երրորդը վերալիցքավորելու նպատակով:Վառելիքի դիմաց հարկավոր է մատակարարին վճարել 8 մլն դոլար: Ատոմակայանը պիտի վերագործարկվեր դեկտեմբերի 3-ին, սակայն ռուսական մատակարարը հերթական անգամ հիասթափեցրել էր՝ պահանջելով անհապաղ վճարել միջուկային վառելիքի դիմաց: Ուստի որոշում է կայացվել ատոմակայանը վերագործարկել առանց վերալիցքավորելու: Իսկ վառելիքը Հայաստան կբերվի, ինչպես անցած շաբաթ հայտարարեց էներգետիկայի նախարար Մովսիսյանը, ապրիլի վերջին եւ ավելի մեծ քանակով:

Վառելիքի եղած պաշարը կբավականեցնի մոտավորապես 2 ամիս եւ կթողարկի 400 մլն կիլովատտ /ժամ էլեկտրաէներգիա:

Նախկինում ատոմակայանը երբեք ամբողջությամբ չլիցքավորված վիճակում չի գործարկվել, սակայն, մասնագետների հավաստիացմամբ, «ռիսկի ամենափոքր մտահոգություն անգամ չկա»:

«Անվտանգության տեսակետից բացարձակապես ոչ մի խախտում տեղի չի ունենում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Պետատոմհսկողության պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը փոխանցմամբ, ըստ ՄԱԳԱՏԵ-ի պահանջների, ատոմոկայանի ռեակտորի կափարիչը բացվում է միայն այդ կազմակերպության տեսուչների ներկայությամբ: Տեսուչները արդեն Հայաստանում են:


Շաքե Ավոյան, Երեւան