Նախագահի թեկնածուները ընտրարշավում կարող են ծախսել շուրջ 100 հազար դոլար

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր քննարկեց ու հաստատեց հանրապետության նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների եւ ծախսերի հաշվառման կարգը:

Ըստ այդմ՝ թեկնածուների հիմնադրամներին կարելի է մուծումներ կատարել բացառապես ՀՀ արժույթով՝ դրամով: Նախընտրական հիմնադրամից թեկնածուի կատարած ծախսի չափը չպիտի գերազանցի նվազագույն աշխատավարձի 60-հազարապատիկը:

Եթե նկատի առնենք, որ նվազագույն հաշվարկային աշխատավարձը 1000 դրամն է, ապա ստացվում է, որ թեկնածուներից յուրաքանչյուրը կարող է ծախսել 60 մլն դրամ, (այսօրվա փոխարժեքով՝ 100 հազար դոլարից քիչ ավելի):

Ըստ սահմանված կարգի, Ֆիզիկական անձինք կարող են փոխանցումներ կատարել հիմնադրամներին նվազագույն աշխատավարձի մինչեւ 200-ապատիկի, իսկ իրավաբանական անձինք՝ մինչեւ 500-ապատիկի չափով: Այսինքն՝ համապատասխանաբար մինչեւ 200 հազար եւ կես միլիոն դրամ:

Նախընտրական հիմնադրամներին փոխանցումներ կատարելու իրավունք չունեն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, բյուջետային հիմնարկները, օտարերկրյա ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, ինչպես նաեւ կրոնական ու բարեգործական մարմիններն ու կազմակերպությունները:

Այսօր տեղի ունեցավ նաեւ Ազատամարտի վետերանների միության (ԱՎՄ) համագումարը, որը որոշեց առաջիկա ընտրություններում պաշտպանել գործող նախագահի թեկնածությունը: ԱՎՄ-ն չորրորդն էր (ՀՅԴ, ՀՀԿ եւ «Օրինաց երկիր» կուսակցություններից հետո), որ համագումարով հայտարարեց Ռոբերտ Քոչարյանին սատարելու մասին:

«Թեքեյան» կենտրոնում այսօր տեղի ունեցած հավաքում Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը վերահաստատեց դեռ անցած տարի հնչեցրած դիրքորոշումը նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանին սատարելու մասին:


Արմեն Զաքարյան, Երեւան