«Նոյյան տապան»-ը շահում է հայցը ընդդեմ Հեռուստառադիոյի հանձնաժողովի

Տնտեսական դատարանն այսօր բավարարեց «Նոյյան տապան» լրատվական գործակալության հայցն ընդդեմ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի: Դատարանի որոշմամբ, հանձնաժողովը պարտավոր է ընդունել «Նոյյան տապանի» դիմումը՝ Երեւանի հինգ դեցիմետրային կապուղիների համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար:

Ամրագրված են նաեւ ժամկետները. վճիռը ուժի մեջ մտնելուց հետո 3 օրվա ընթացքում հանձնաժողովը պարտավոր է ընդունել «Նոյյան տապան»-ի հայտը: Դատարանի որոշումը ուժի մեջ է մտնելու 15 օրից. օրենքը այդ ժամկետը սահմանել է, որպեսզի պարտվող կողմը հնարավորություն ունենա վճիռը բողոքարկել վճռաբեկ դատարանում:


Նոյեմբերի 8-ին, երբ լրանում էր նշված կապուղիների համար մրցույթային փաթեթների ընդունման ժամկետը, Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովը չէր ընդունել «Նոյյան Տապան» հեռուստաընկերության դիմումը՝ պնդելով, թե դիմումում հարկավոր էր նշել, թե հայտարարված կապուղիներից կոնկրետ որի համար են հայտ ներկայացնում: «Նոյյան տապան»-ի ներկայացուցիչները հրաժարվել էին՝ պատճառաբանելով, թե «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքն այդպիսի պահանջ չի նշում դիմումի համար եւ պնդել էին, որ, թերություններով հանդերձ էլ, հանձնաժողովը պարտավոր է ընդունել դիմումը:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց, թե այս պահին չի կարող հստակ ասել՝ բողոքարկելու են տնտեսական դատարանի վճիռը թե ոչ, քանի որ դեռեւս չեն ստացել դատարանի որոշման գրավոր տեքստը:

Ամալյանը, այնուամենայնիվ, ասաց, թե հանձնաժողովի իրավաբանները իրեն բանավոր ներկայացրել են դատարանի որոշումը, որից ինքը դժգոհ է: «Ինձ չի գոհացնում այդ վճիռը», - ասաց նա: - «Ընդհանուր առմամբ դժգոհ եմ»:

Կարելի է, ուստի, ենթադրել, որ տնտեսական դատարանի որոշումը կբողոքարկվի, ինչի համար կրկին ժամանակ կպահանջվի, եւ մրցույթի անցկացումը նորից կհետաձգվի: Իսկ սա նշանակում է, որ ոչ միայն «Նոյյան տապան»-ի, այլեւ այս տարվա գարնանը կապուղուց զրկված «Ա1+» հեռուսաընկերության աղոտ հույսերը, թե կարող էին եթեր վերադառնալ մինչեւ նախագահական ընտրությունները, կմարեն:

Անցած օրերին մեկնաբանություններ եղան, թե «Նոյյան տապան»-ը գաղտնի համագործակցում է իշխանությունների եւ հանձնաժողովի հետ՝ որպեսզի մրցույթի անցկացումը ձգձգվի, եւ «Ա1+»-ը չկարողանա մինչեւ ընտրությունները եթեր վերադառնալ: Տիգրան Հարությունյանը դրանք «բամբասանք» որակեց: «Ցավում եմ, որ այդպիսի բամբասանքներ են տարածվում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Մենք պաշտպանում ենք մեր իրավունքը... Մենք եւս ակնկալում ենք մինչեւ ընտրությունները լինել եթերում, փորձել օբյեկտիվորեն լուսաբանել ընտրությունները»:

Ավելին՝ նրա խոսքերով, իրենք որոշել են մրցույթին հայտ ներկայացնել այն միակ կապուղու համար, որին «Ա1+»-ը չի հավակնում: Դա այն կապուղին է, որով հիմա Հայաստանում վերահեռարձակվում է CNN-ը: Տիգրան Հարությունյանը ասաց, որ հաղթելու դեպքում մասնակիորեն կվերահեռարձակեն CNN-ը՝ ունենալով նաեւ տեղական լուրերի սեփական թողարկումներ:


Հրաչ Մելքումյան, Երեւան