«ԱրմենՏել»-ը կվճարի միջազգային աուդիտի անցկացման ծախսերը

Երկուշաբթի օրը հրավիրված մամուլի ասուլիսում հրապարակվեց անցած շաբաթ կայացած «ԱրմենՏել» - կառավարություն բաց ժողովի եզրակացությունը: «ԱրմենՏել»-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Գեորգիուս Վասիլակիսը հայտարարեց, որ թիվ 60 լիցենզիայի պահանջով անցկացված ժողովը արդար էր եւ թափանցիկ:

Վասիլակիսը ընդունեց ձեռնարկությանը վերագրված մեղքը, որ կանխամտածված խախտել են թիվ 60 լիցենզիայի համապատասխան դրույթները՝ խոչընդոտելով միջազգային աուդիտ անցկացնելուն: Այսինքն՝ «ԱրմենՏել»-ը պատրաստակամություն հայտնեց հատուցել կառավարության կրած 142 հազարի դոլար վնասը: Նախնական գնահատականներով, սա այն գումարն էր, որը, ըստ պայմանագրի, պահանջվում է «WFI Consulting» ընկերության կողմից ստուգումները ավարտին հասցնելու համար:

Դեռ ամռանը Հայաստանի կառավարության հանձնարարությամբ, բրիտանական WFI կազմակերպությունը պետք է ստուգումներ անցկացներ «ԱրմենՏել»-ում, սակայն, «ԱրմենՏել»-ի նախկին գործադիր տնօրեն Նիկոս Գեորգուլասը, հունական OTE ընկերության ներկայացուցիչ, տնօրենների խորհդի նախագահ Վասիլիս Մագլարասի գրավոր հրահանգով արգելել էր շարունակել սկսված ստուգումները:

Նոյեմբերի 26-ին կայացած բաց ժողովում Մագլարասը կառավարությանն ուղղված խիստ հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, թե Հայաստանի կառավարությունը ոտնահարում է խոշոր ներդրողի իրավունքը: Իսկ «ԱրմենՏել»-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Գեորգիուս Վասիլակիսն ընդունեց իր նախորդի կատարած սխալներն ու առաջարկեց լրացուցիչ ստուգումներ անցկացնել ընկերությունում, որի ծախսերը կհոգա «ԱրմենՏել»-ը:

Վասիլակիսը այսօրվա համատեղ ասուլիսում ափսոսանքով նշեց, որ «ԱրմենՏել»-ը փաստորեն ստիպված է փոխհատոցել իր ղեկավարների կատարած սխալների համար:

«Մեր գերագույն նպատակն է ունենալ ժամանակակից որակյալ կապ արդարացի գներով», - ասուլիսում ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: - «Այնպես որ, մենք մեկ անգամ եւս պատրաստվում ենք անցկացնել ստուգումներ, եւ մեր հաջորդ քայլերը կախված կլինեն ստուգման արդյուքներից»:

Դավիթ Հարությունյանի կարծիքով, ճիշտ չեն այն տեսակետներն ու մեկնաբանությունները, թե բաց ժողովի նպատակը «ԱրմենՏել»-ից կրած վնասի դիմաց փոխհատուցում պահանջելն էր: «Ամենամեծ ձեռքբերումը բուն գործընթացն էր», -ասաց նա: - «Առաջին անգամ է, երբ լիցենզիայի ենթադրյալ խախտման վերաբերյալ կազմակերպվում է բաց ժողով՝ գործընթաց, որը նախատեսված է լիցենզիայով»:


Կարինե Քալանթարյան, Երեւան