Համաշխարհային բանկի ներկայացուցիչը խուսափում է գնահատել բաշխիչ ցանցերի մասնավորեցման գործարքը

Եռօրյա այցով Հայաստանում է Համաշխարհային բանկի Անդրկովկասյան տարածաշրջանի նորանշանակ տնօրեն Դոննա Դաուսեթ-Կոյրոլոն։ Այսօր նա հանդիպել է Հայաստանի նախագահի եւ վարչապետի հետ։

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, Ռոբերտ Քոչարյանը հանդիպման ժամանակ գոհունակությամբ նշել է, որ «Համաշխարհային բանկի հետ մեր երկրի համագործակցությունը զարգանում է բավականին արդյունավետ, եւ բանկը կարեւոր դեր է խաղացել բարեփոխումների ողջ ընթացքում: Տարիների ընթացքում ձեւավորված փոխգործակցության ավանդույթներն այսուհետ եւս հաջողությամբ կշարունակվեն»:

Իսկ Անդրանիկ Մարգարյանի կաբինետը պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով Համաշխարհային բանկի ՍԱՔ-4 վարկի երրորդ, ինչպես նաեւ ՍԱՔ-5 վարկի առաջին մասաբաժինների հատկացման հետ կապված լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ Այդ պատճառով, տարածաշրջանային նոր տնօրենի հետ արդեն այս այցի ընթացքում այդ հարցերի շուրջ ինչոր նախնական համաձայնության պետք է ձեռքբերվեն, այլապես տարեվերջին՝ բյուջեի ծախսերի առումով կառավարության համար ծանր վիճակ կստեղծվի։

Ընդհանուր առմամբ 40 միլիոն դոլար կազմող այդ երկու վարկաբաժինները չստանալու դեպքում Մարգարյանի կաբինետը, բնականաբար, լուրջ բարդություններ կունենա, ինչը քաղաքական դիտանկյունից նախընտրական շրջանում բոլորովին ցանկալի չէ գործող կառավարության համար։ Հիմնական փորձաքարին, իհարկե, բաշխիչ ցանցերի կայացած գործարքն է, որի շարունակությանը ուշադիր հետեւում են դոնորներ կազմակերպությունները։

Ընդ որում, ըստ մամուլի հրապարումների, միջազգային ֆինանսական կառույցները, առաջին հերթին՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, ամենեւին էլ հիացած չեն բաշխիչ ցանցերի կայացած վաճառքով։ ործարքից շատ չանցած, հիմնադրամի Երեւանի գրասենյակի տնօրեն Կարպիս Իրադյանը հրապարակավ իր մտահոգությունն էր հայտնել ցանցերի գնորդի՝ էներգետիկ ոլորտի կառավարման փորձ չունենալու առնչությամբ։ Իր հերթին Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի նոր տնօրեն Ռոջեր Ռոբինսը գործարքի վերաբերյալ դեռեւս տեսակետ չի հայտնել, հավանաբար սպասելով, որ դա կանի Դոննա Կոյրոլոն։ Սակայն, բանկը շարունակում է ձեռնպահ մնալ ցանցերի գործարքը խրախուսող որեւէ հրապարակային հայտարարությունից, համենայնդեպս, մինչեւ ցանցերի կառավարիչ ընկերության ի հայտ գալը։

Այս ամենը, իհարկե, նյարդայնացնում է երկրի կառավարիչներին: Վերջերս, միջազգային կառույցների վերաբերմուքի առթիվ տրված հարցին ի պատասխան, Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը այսպես արձագանքեց. - «Ինձ ցավ է պատճառում, որ ասում եք՝ Արժութի հիմնադրամը կամ Համաշխարհային բանկը մտահոգված են գործարքով: Կարծես, մենք մեր երկրով այդքան մտահոգված չենք, միայն իրենք են մտահոգված: Մտաոգված էին, թող գային առնեին ՝ երեք տարի է կյանքս կերան: Հիմա հազիվ առնող ենք գտել՝ մտահոգված են...»:

Կարելի է ենթադրել, Համաշխարհային բանկի տարածաշրջանային նոր տնօրենը, հաշվի առնելով Հայաստանում նախընտրական տրամադրությունները, գիտակցաբար ձեռնպահ է մնում որեւէ հրապարակային գնահատականից։

Մյուս կողմից, ՍԱՔ տիպի վարկերի հատկացման շուրջ առկա տարաձայնությունները անորոշություն են ստեղծում 2003 թվականի բյուջեի ծրագրավորման մեջ, ուստի չի բացառվում, որ հաջորդ տարվա բյուջեի նախագծում արդեն նման տիպի վարկեր չնախատեսվեն:

Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպման ընթացքում վարչապետը ակնարկել է, թե 2003 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է աշխատավարձերի եւ սոցիալական վճարների բարձրացում. Սակայն, հարց է ծագում, թե ինչի՞ հաշվին է դա արվելու։ Ակնհայտ է, որ արտաքին դոնորական վարկավորման բացակայության դեպքում նման բարձրացման մասին կարող խոսք լինել սոսկ տեսականորեն։


Ատոմ Մարգարյան, Երեւան