Զինծառայությունից խուսափողները կկարողանան ազատվել քրեական պատասխանատվությունից

Աշնանային նստաշրջանում Ազգային ժողովում կքննարկվի մի օրինագիծ, որն ընդունվելու դեպքում պարտադիր զինվորական ծառայությունից խուսափողները կարող են բավական շոշափելի գումար վճարելով ազատվել քրեական պատասխանատվությունից:

Տվյալ ոլորտի օրենսդրության մշակման աշխատանքային խմբի փորձագետներից Վահագն Գեւորգյանի փոխանցմամբ, արդեն Ազգային ժողովում շրջանառության մեջ գտնվող եւ պաշտպանության նախարարության հավանությանն արժանացած օրինագիծը վերաբերում է միայն 27 տարին լրացած, այսինքն՝ զորակոչի ենթակա տարիքն անցած անձանց:

«Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները, որոնք զորակոչային տարիքի ընթացքում ձեռք չեն բերել զորակոչից տարկետման իրավունք տվող հիմքեր, պետք է յուրաքանչյուր չծառայած զորակոչի համար մուծեն նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով», - «Ազատություն» ռադիոակայանին ասաց փորձագետը:

Նվազագույն աշխատավարձը Հայաստանում թեեւ 5000 դրամ է, սակայն հաշվարկը ընդունված է կատարել 1000 դրամով: Ուստի, եթե անձը 10 տարի շարունակ (18-ից մինչեւ 27 տարեկանը) խուսափել է զինվորական ծառայությունից, ապա, քանի որ ամեն տարի իրականացվում է երկու զորակոչ, պետք է մուծի երկու միլիոն դրամ (մոտ 3600 դոլար): Նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը յուրաքանչյուր չծառայած զորակոչի համար պիտի մուծեն այն անձինք, ովքեր նախ խուսափել են ծառայությունից, իսկ հետո ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ ձեռք բերելով տարկետման իրավունք: Խնամքի տակ 2 երեխա եւ հաշմանդամներ ունեցող ծառայությունից խուսափածները պիտի վճարեն նվազագույն աշխատավարձի երեսնապատիկը՝ չծառայած յուրաքանչյուր զորակոչի համար:

Անվճար ազատվելու ձեւեր էլ, ըստ Գեւորգյանի, կան՝ ընտրվել Ազգային ժողովի պատգամավոր կամ նշանակվել դատավոր, կամ մինչեւ 27 տարեկանը լրանալը երեք երեխա ունենալ:

Վերոթվարկյալ բոլոր կատեգորիաների նկատմամբ կասեցվում է քրեական գործը, դադարեցվում է հետախուզումը: Այդ անձանց տրվում է զինվորական գրքույկ, նրանք ընդգրկում են պահեստազորում, դառնում են լիիրավ քազաքացիներ:

Ըստ որոշ տվյալների, 1991 թվականին հայաստանյան բանակի կազմավորումից ի վեր քրեական գործեր են հարուցված եւ հետախուզում է հայտարարված 5000-ից ավելի զորակոչից խուսափողների նկատմամբ:


Արմեն Զաքարյան, Երեւան