Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրումը հնարավոր է միայն քաղաքական ուժերի լայն դաշինքի աջակցության դեպքում




Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրումը 2003 թվականի փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում, ըստ Տեր-Պետրոսյանի մերձավորների, հնարավոր է միայն այն դեպքում, եթե նրա շուրջ հաջողվի կազմել «լայն քաղաքական ներկապնակի դաշինք»:

«Արմատ» հասակարական կազմակերպությունը ներկայացնող քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, թե Տեր-Պետրոսյանը հազիվ թե առաջադրվի, եթե «վստահ չլինի, որ իրեն հարում են մեկից ավելի ուժեր»:

Ազգային ժողովի նախկին խոսնակ Արա Սահակյանի խոսքերով, «բազմաթիվ հասարակական-քաղաքական ուժեր, անհատ անձինք նույնպես պատրաստ են եւ հորդորում են Լեւոն Տեր-Պետրոսյանին առաջադրել [նախագահական ընտրություններում] ու պատրաստ են նրան աջակցել»: Սահակյանը չմասնավորեցրեց, թե կոնկրետ որ քաղաքական ուժերն են պատրաստ աջակցելու Տեր-Պետրոսյանին, նշելով, այդուհանդերձ, որ դրանք «իրական ընդդիմության կուսակցություններն են»՝ այն կուսակցությունները, որոնք 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո «խզեցին իրենց կապերը գործող իշխանությունների հետ»:

Ակնարկը, ակնհայտորեն, վերաբերում է «Հանրապետություն» կուսակցությանը, գուցե նաեւ՝ ՀԺԿ-ին: Վերջինիս մամլո քարտուղար Ռուզան Խաչատրյանի տեղեկացմամբ, «որեւէ առնչություն կամ հանդիպում ՀԺԿ-ն եւ ՀՀՇ-ն չեն ունեցել եւ չունեն»: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդներից Արամ Սարգսյանի համար էլ Սահակյանի խոսքերը անսպասելի էին: «Ես շատ կուզենայի, որ ընդդիմադիր ամբողջ դաշտը հանդես գար մեկ միասնական թեկնածուով», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նախկին վարչապետը: Ինչ վերաբերում է կոնկրետ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությանը, ապա, Արամ Սարգսյանի խոսքերով, Տեր-Պետրոսյանն ինքը պիտի հայտ ներկայացնի, «որից հետո ընդդիմադիր դաշտը կնայի՝ պաշտպանո՞ւմ է նրան, թե՞ ոչ»:

Տեր-Պետրոսյանի նախկին օգնական եւ խոսնակ, ներկայումս նրա խորհրդական Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե նախկին նախագահի թեկնածության առաջադրման վերաբերյալ «քաղաքական որոշում առայժմ չի ընդունվել»: Նախկին նախագահը, Զուրաբյանի խոսքերով, ուզում է վստահ լինել, որ կա ակտիվ քաղաքականություն իր վերադարձի «հասարակական պահանջը»:

Այս տարվա գարնանը նախկին իշխանական կուսակցությունը՝ Հայոց համազգային շարժումը (ՀՀՇ) փորձ արեց միավորել արբանյակ կուսակցություններն ու կազմակերպությունները՝ «21-րդ դար», «Արմատ», Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն եւ այլն: Գործընթացը, սակայն, սահմանափակվեց միայն (գոնե առայժմ) Դավիթ Շահնազարյանի «21-րդ դար» կուսակցության միավորմամբ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ հանգրվանում է միավորման այդ գործընթացը հիմա, երբ հայտնի է դարձել, որ ՀՀՇ-ն մասնակցելու է առնվազն երկու՝ տեղական ինքնակառավարման մարմինների եւ խորհրդարանական, ընտրությունների, եւ չի բացառվում մասնակցությունը նախագահական ընտրություններին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությամբ, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց : «Ես վստահ եմ, որ այդ գործընթացը շարունակվելու է, տալու է իր պտուղները», - ասաց նա: - «Որովհետեւ այսօրվա մեր հիմնական պրոբլեմներից մեկը Հայաստանի քաղաքական դաշտի աղճատվածությունն է»:

Ըստ խորհրդարանի նախկին փոխխոսնակ Արա Սահակյանի, ՀՀՇ-ն ներկայումս «ինքնակազմավորվում է, փորձում է զբաղվել իրական քաղաքականությամբ»:

«Մենք երբեք էլ կազմակերպորեն ՀՀՇ-ից դուրս չենք եղել», - ասաց ներկայումս «Արմատ» կազմակերպության ղեկավարներից Արա Սահակյանը: - «Բոլորս մնում ենք որպես ՀՀՇ շարքային անդամներ: Բայց նաեւ կարեւոր է, որ այն տարակարծությունները, քաղաքական տարաձայնությունները, որոնք սկսվեցին 99 թվականին եւ «Արմատ»-ի առանձնացման, ՀՀՇ-ից խզման պատճառ դարձան, հարթվում են, եւ մենք առաջիկա ընտրություններում հանդես ենք գալու միասին: Ընդ որում՝ պարզապես իբրեւ Հայոց համազգային շարժում»:

Ըստ ՀՀՇ վարչության նախագահ Ալեքսանդր Արզումանյանի, ՀՀՇ-ի եւ գաղափարակից ուժերի միջեւ տարակարծություններ չեն եղել: Եթե անգամ ինչ-ինչ հարցերում եղել են, ապա այսօր դրանք հաղթահարված են, քանի որ գոնե նախագահի թեկնածության հարցում բոլորը միակարծիք են:


Անուշ Դաշտենց եւ Էմիլ Դանիելյան, Երեւան