Ղարաբաղցիները մերժում են Եվրամիության հայտարարությանը

Լեռնային Ղարաբաղի քաղաքական ու հասարակական շրջանակները կտրականապես մերժում են անցած ուրբաթ տարածված Եվրամիության անդամ երկրների հայտարարությունը, որով անօրինական են համարվում Լեռնային Ղարաբաղում օգոստոսի 11-ին կայանալիք նախագահական ընտրությունները: Ղարաբաղցիները, առանց թաքցնելու իրենց հիասթափությունը, հարցնում են՝ արդյո՞ք հասարակական քաոսն ու բռնապետությունը ավելի ընդունելի այլընտրանք են: Ինչպե՞ս կարելի է մարդկանց մեղադրել ընտրելու եւ ընտրվելու իրավունքի համար:

Տեղի փորձագետները՝ եթե ոչ անտրամաբանական, ապա առնվազն խիստ վիճահարույց են համարում ընդդիմախոսների պնդումները, թե ղարաբաղյան ընտրությունները խոչընդոտում են բանակցային գործընթացը:

Մարդու իրավունքների պաշտպանության Արցախի ասոցիացիայի նախագահ Գեորգի Սաֆարյանի համոզմամբ, նրանք, ովքեր փորձում են խանգարել ընտրություն կատարող հանրությանը, խախտում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթները: Նրա խոսքերով, լավագույնը, ինչ եվրոպական հանրությունը կարող է այսօր անել՝ օգնելն է, որ Ղարաբաղում անցկացվեն, իրոք, ժողովրդավարական, ազատ ու արդար ընտրություններ:

Նախկին պետական ու հասարակական գործիչ Շմավոն Պետրոսյանի կարծիքով, «անհեթեթություն է դեմ գնալ ժողովրդավարական ակտերին, երբ «մենք դեմոկրատական հիմունքներով, ազատ ընտրություններով ընտրում ենք մեր հանրապետության նախագահ»: Նրա խոսքերով, Եվրոպայի մերժողական ֆոնի վրա նախընտրելի է ԱՄՆ--ի դիրքորոշումը, որը երբեւէ բացասական գնահատական չի տվել Լեռնային Ղարաբաղում անցկացված ընտրություններին: Ըստ էության, դա նշանակում է, որ Միացյալ Նահանգները ընտրական գործընթացները խոչընդոտ չեն համարում տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհին:

Սպասվում է, որ Եվրամիության հայտարարության կապակցությամբ հայտարարությամբ հանդես կգա Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը: Հայաստանի արտգործանախարարությունը արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ: «Հայաստանի Հանրապետությունը, անկախ միայն քաղաքական դրդապատճառներից բխող այս եւ նման հայտարություններից, ողջունում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ընտրություններ անցկացնելու եւ դրանով ժողովրդավարական հասարակություն ստեղծելու անհողդողդ կամքը», - ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:


Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ