Կառավարությունն ու խորհրդարանը տարակարծիք են մահապատժի վերացման հարցում

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշում է, որ «տարակարծություն» կա երկրի իշխանության թեւերի միջեւ՝ Եվրախորհրդի առջեւ ստանձնած առանցքային պարտավորություններից մեկի՝ մահապատժի վերացման հարցում:

«Կա որոշ տարակարծություն գործադիր եւ օրենսդիր իշխանությունների միջեւ», - «երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի արտգործնախարարը՝ ավելացնելով, որ գործադիր իշխանությունը միանշանակորեն կողմ է մահապատժի վերացմանը:

Ընդամենը օրեր առաջ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց նոր Քրեական օրենսգիրքը, որտեղ որոշակի վերապահումներ են արված մահապատժի մասով: Սակայն Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը անցած շաբաթ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, թե ահաբեկչության դեպքում անգամ մահապատիժ չպիտի կիրառվի: «Ես չեմ ուզում մանրամասնել այն լուրջ քաղաքական հետեւանքները, որոնք կառաջանան գործողությունների ցանկացած այլ զարգացման դեպքում», - ասել էր Շվիմերը:

Մինչդեռ օրենսդիր իշխանությունը ժամանակին կողմ էր արտահայտվել Հայաստանի պարտավորությունների ցանկին, այդ թվում նաեւ մահապատժի վերացմանը: Իրենց կամքը հաստատող փաստաթուղթը Ազգային ժողովի խումբ-խմբակցությունները ստորագրել էին 1999-ի հոկտեմբերի 27-ի իրադարձություններից հետո՝ 2000 թվականի հունվարին, եւ «նրանք պետք է հարգեն իրենց խոստումը», - ասաց Օսկանյանը:

Նախարարի խոսքերով, եթե մենք ազգովի որոշել ենք մաս կազմել եվրոպական ընտանիքին,ապա մահապատժի վերացման հարցում երկու կարծիք չի կարող լինել, որովհետեւ Եվրախորհրդի 43 անդամներից 41-ը արդեն վերացրել են մահապատիժը: «Մնացել են Հայաստանը եւ Ռուսաստանը, եւ երկու երկրներում էլ, կարծում եմ, որ լուրջ գործընթացներ կան», - նա:

Անդրադառնալով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցողի նշանակմանը, արտգործնախարարը ասաց, որ Հայաստանի ակնկալիքն այս դեպքում այն է, որ զեկուցողը օբյեկտիվ կարծիք ներկայացնի: Սակայն խնդրի լուծման տարբերակի ցանկացած որոնում ինքնըստինքյան կարող է մրցակցության մեջ հայտնվել Մինսկի խմբի՝ խաղաղ կարգավորման գործընթացի հետ: Ուստի Հայաստանը ակնկալում է, որ «զեկուցողը կներկայացնի օբյեկտիվ իրավիճակը տարածաշրջանում, կողմերի տեսակետները: Կգնան քննարկումներ, կլինեն առաջարկությունները, բայց կոնկրետ որոշումներ հարցի կարգավորման հետ կապված մենք չենք ակնկալում եւ կարծում ենք, որ դա էապես բացասական հետեւանքներ կարող է ունենալ ընդհանրապես գործընթացի վրա»:

Հայաստանը, ակտիվորեն ներգրավված է Եվրախորհրդի կողմից մեր տարածաշրջանում իրականացվող ծրագրերում՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը սկզբնական շրջանում նույնպես մասնակցում էր դրանց, բայց, նախարարի խոսքերով, «հետզհետե նրանք ավելի կոշտացնում են իրենց դիրքորոշումը եւ խուսափում են որեւէ տարածաշրջանային համագործակցությունից»:

Այսօր Ադրբեջանը մեծ ճնշման տակ է ոչ միայն տարածաշրջանային համագործակցությունից հրաժարվելու, այլեւ Եվրախորհրդի առջեւ իր ստանձնած պարտավորությունների կատարման մեջ թերանալու, Լեռնային Ղարաբաղի հարցում ռազմատենչ հայտարարություններ անելու համար: Իսկ այս հարցերը, նախարարի խոսքերով, Եվրախորհրդում մեծ ուշադրության են արժանանում:

Այսօր ուշ երեկոյան Երեւան է ժամանելու Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը: Եռօրյա այցի ընթացքում Հայաստանի ղեկավարության հետ քննարկվելու են Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:


Արմեն Զաքարյան, Երեւան