«ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունները չքննարկվեցին՝ խորհրդարանի հոսանքազրկման պատճառով

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանն այսօր պիտի քննարկեր «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունները, որոնցով պատժամիջոցներ էին սահմանվում կարգազանց պատգամավորների համար: Հարցը, սակայն, չքննարկվեց՝ նիստի ընթացքում խորհրդարանի շենքի էներգամատակարարման ընդհատման պատճառով:

Պատգամավորներից ոմանք անկեղծորեն խոստովանեցին, որ կատարյալ խավարի մեջ հայտնվելու պահին առաջին միտքը սեղանի տակ թաքնվելն է եղել: «Հոկտեմբերի 27»-ի իրադարձությունների հիշողությունները դեռեւս թարմ են, եւ ցանկացած «ֆորս մաժորային» իրադրություն ակամա հանգեցնում է ահաբեկչության նկատմամբ վախի:

Հոսանքազրկումը, սակայն, առաջացրեց նաեւ կասկած, թե այդ ճանապարհով նիստի տապալումը դիտավորություն է:

«Այնքան աբսուրդ է, որ կառավարությունը խառնվի Ազգային ժողովի կանոնակարգին, որ երեւի իրենք գլխի են ընկել, որ աբսուրդ, հիմար բան են բերել Ազգային ժողով եւ ամոթից անջատել են լույսը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀԺԿ-ական պատգամավոր Ստեփան Զաքարյանը: Ընդդիմադիր մեկ այլ պատգամավորի՝ Արշակ Սադոյանի խոսքերով, «ամեն ինչ սպասելի է, նույնիսկ՝ Ազգային ժողովի հոսանքազրկում»:

Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը, որը նույնպես դեմ է կառավարության առաջարկած փոփոխություններին, դիտավորությունը բացառեց՝ նկատելով, որ դա կողմերից որեւէ մեկին ձեռնտու չէ:

Ինչպես պարզվեց ավելի ուշ, այսօր ամբողջ քաղաքում եղել են հոսանքի խափանման դեպքեր՝ մեծ վթարի պատճառով: Լուրեր տարածվեցին նաեւ, թե Ազգային Ժողովի նիստերի դահլիճի մեծ ցուցատախտակը հոսաքնի լարման տատանման հետեւանքով շարքից դուրս է եկել եւ անգամ էներգամատակարարման վերականգնման դեպքում նիստը հազիվ թե կայանար:

Մինչեւ հոսանքի խափանումը քվեարկվեցին երեկ քննարկված գրեթե բոլոր օրինագծերը, բացառությամբ «Կուսակցությունների մասին» օրենքի, որի քվեարկությունը հետաձգվեց: Քվեարկվեց նաեւ «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջակվող փոփոխությունների քննարկումը տեսագրելու եւ հանրային հեռուստատեսությամբ հեռարձակելու մասին պատգամավոր Աղասի Արշակյանի առաջարկությունը եւ չանցավ. կողմ էին քվեարկել միայն ընդդիմադիր պատգամավորները:

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը իր աշխատանքը կշարունակի վաղը:


Շաքե Ավոյան, Երեւան