Պուտինը եւ Բուշը հորդորում են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին ճկուն լինել խաղաղ բանակցություններում




Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահները այսօր Մոսկվայում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում անդրադարձել են հարավկովկասյան հակամարտություններին:

«Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը կհամագործակցեն՝ լուծելու նպատակով տարածաշրջանային հակամարտությունները, ներառյալ Աբխազիայում, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաեւ՝ մերձդնեստրյան խնդիրը Մոլդովայում», - ասված է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության մեջ:

Այսօր Մոսկվայում սկսված գագաթնաժողովի շրջանակներում արված համատեղ հայտարարության մեջ, մասնավորապես, շեշտվում է. - «Մենք քաջալերում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին՝ ճկունություն եւ կառուցողական մոտեցում ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման նկատմամբ: Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից երկուսը, պատրաստ են աջակցելու այդ ջանքերին»:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները այս շաբաթ հաստատել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված նոր հանդիպում անցկացնելու իրենց ցանկությունը, թեեւ չեն նշում հնարավոր բանակցությունների անցկացման տեղն ու ժամկետը: Ամերիկյան «Բիզնես ուիկ»-ի հաղորդմամբ, Միացյալ Նահանգները ճնշում են գործադրում կողմերի վրա՝ գնալու դժվարին փոխզիջումների: Ըստ ամերիկյան այդ հանդեսի, Քոչարյանն ու Ալիեւը կարող են հանդիպել մայիսի վերջին Պրահայում:

Չեխիայի արտաքին գործերի նախարարությունից չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասել էին, որ չեն կարող հաստատել կամ հերքել այդ տեղեկությունը: Արտգործնախարարությունը, այդուհանդերձ, պատրաստակամություն հայտնեց կրկին հյուրընկալելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ բանակցությունները: Այս ամիս Պրահայի մերձակայքում արդեն տեղի են ունեցել բանակցություններ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների անձնական ներկայացուցիչների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջեւ:


Հրայր Թամրազյան, Պրահա