Ազգային ժողովը կքննարկի ընտրական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող օրինագիծ

Ազգային ժողովն այսօր քվեարկությամբ եռօրյա օրակարգ մտցրեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող չորս նախագծերից մեկը, որով ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու իրավունք է վերապահվում հանրապետության նախագահին:

Խորհրդարանում շրջանառության մեջ գտնվող չորս նախագծերից առայժմ օրակարգ է մտել միայն իշխող՝ հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հեղինակած նախագիծը: Ավելի վաղ ներկայացված մյուս երեք նախագծերը եռօրյա նիստերի օրակարգ չեն մտել:

Դրանցից մեկի հեղինակները «Օրինաց Երկիր» խմբակցության պատգամավորներն էին: Նրանցից Գեղամ Գասպարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրենց սկզբունքային առաջարկները ներառվել են օրակարգ մտած նախագծի մեջ:

Գործող օրենքով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում է հետեւյալ կարգով. 3 անդամի նշանակում է կառավարությունը, մեկական անդամների՝ Ազգային Ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, խմբակցություն չունեցող, բայց համամասնական ընտրակարգով ընտրությունների մասնակցելու հայտ ներկայացրած եւ 30 հազար վավեր ստորագրություն հավաքած առաջին հինգ կուսակցությունները:

Օրինագծի հեղինակներն առաջարկում են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ լինեն յուրաքանչյուր խմբակցության մեկական նեեւկայացուցիչ, մնացածին նշանակի հանրապետության նախագահը: Վերջինիս նշանակած անդամների թիվը մեկով պակաս պետք է լինի խմբակցությունների նշանակածների թվից:

Գործող օրենքով ԿԸՀ֊ն կազմավորվում է համամասնական ընտրացուցակների գրանցումից հետո երկրորդ օրը, այսինքն, ընտրություններից առաջ, նախագծի հեղինակներն առաջարկում են՝ Ազգային Ժողովի ընտրություններից հետո՝ 40֊-րդ օրը:

Եթե առաջարկվող փոփոխություններն ու լրացումները ընդունվեն, քաղաքական ուժերը 2003֊-ի ընտրությունների կգնան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այս կազմով, որտեղ հանրապետականների կառավարությունն ու իրենք իսկ՝ հանրապետականներն են ուժեղ: Ընտրությունից 40 օր հետո կազմավորվելիք նոր հանձնաժողովում միանձնա կուժեղանա երկրի նախագահը՝ այդպիսին մնալով մինչեւ խորհրդարանի հաջորդ ընտրությունները (հերթականի դեպքում՝ 2007 թվականը):

Մյուս կողմից, շատ քաղաքական ուժեր զրկվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում անդամ ունենալու հնարավորությունից. ոչ միայն նրանք, որոնք խորհրդարանում ներկայացված չեն, այլեւ հենց ներկայացվածները, նրանք, որոնց խմբակցությունների ներսում կուսակցություններն անհաշտ են:

Առաջարկվող օրինագծով 11 մարզային հանձնաժողովների եւ 75 ընտրատարածքների փոխարեն ձեւավորվում են 37 ընտրատարածքային հանձնաժողովներ: Սա բխում է գործող օրենքի պահանջից, որ 2003֊-ից հետո Ազգային Ժողովում 37 մեծամասնական տեղ է լինելու եւ 94 համամասնական:

Առաջարկվող օրինագծով, ի տարբերություն գործողի, նախընտրական դաշինքները մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու չեն կարող առաջադրել: Առաջարկվում է նաեւ, որ հասարակական կազմակերպությունները նախընտրական քարոզչության իրավունք չունենան:


Ռուզան Խաչատրյան, Երեւան