Ռոբերտ Քոչարյան. ավիացիայում «արմատական լուծումներ» են պետք

Ուրբաթ օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ներկա վիճակը անհանդուրժելի է, ավելացնելով, սակայն, որ խոսքը կադրային փոփոխությունների մասին չէ:

«Չենք կարող հանդուրժել այս իրավիճակը: Այդ հանգույցն արդեն ինչ-որ տեղ խոչընդոտ է դառնում երկրի տնտեսության զարգացմանը: Ավիացիայի այսօրվա վիճակը երկրի տնտեսությանը հետ է քաշում», - ուրբաթ օրը Մասիսում լրագրողներին ասաց Հայաստանի նախագահը: - «Խոսքը կադրային լուծումների մասին չէ: Խոսքը ավելի ֆունդամենտալ մոտեցումների իրականացման մասին է ավիացիայի բնագավառում»:

«Հայկական ավիաուղիներ»-ի միակ ինքնաթիռը, որը թռիչքներ էր իրականացնում դեպի Եվրոպա, շարժիչի վթարի հետեւանքով չի շահագոործվում այս տարվա հունվարից: Ներկայումս այդ թռիչքներն իրականացնվում են Ռուսաստանից վարձակալված ՏՈՒ-154 ինքնաթիռով, իսկ Ա310-ի վնասված շարժիչի վերանորոգման համար ֆինանսական դժվարություններ ունեցող «Հայկական ավիաուղիները» պիտի վճարի 1 միլիոն դոլար:

Ռոբերտ Քոչարյանը հույս հայտնեց, որ այս տարվա ընթացքում կկարողանան արմատական լուծումներ գտնել, սակայն չմասնավորեցրեց, թե ինչպիսի:

Անցած դեկտեմբերին «Զվարթնոց» օդանավակայանը՝ իր բոլոր ծառայություններով, 50 տարով հավատարմագրային կառավարման է հանձնվել արգենտինահայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանի ընկերությանը, եւ խոշոր ներդրումներ են սպասվում՝ մոտ 50 միլիոն դոլար:


Հրաչ Մելքումյան, Երեւան