Գործադուլ հայտարարած բժիշկները պահանջում են վճարել ուշացած աշխատավարձը




Երեւանի թիվ 14 պոլիկլինիկայի թերապեւտիկ ծառայության բժիշկները այսօր ցույցի էին դուրս եկել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով վճարել իրենց 17 ամսվա աշխատավարձը: Մայրաքաղաքի խոշորագույն պոլիկլինիկաներից մեկի բժշիկների՝ մարտի 6-ին հայտարարված անժամկետ գործադուլը շարունակվում է:

«Մենք պայքարում ենք մեր խղճուկ աշխատավարձը ստանալու համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ցուցարարներից Սվետլանա Հարությունյանը: - «Ես ներողություն եմ խնդրում իմ տեղամասի հիվանդներից, որ այսօր իրենց այդ վիճակի մեջ եմ դնում: Ինձ թվում է, երեք օրում այս հարցը կլուծվի: Եթե չլուծվի մենք կդիմենք դատարան»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Անդրանիկ Հակոբյանը բողոքավորներին խորհուրդ տվեց դիմել քաղաքապետարան, քանի որ մայրաքաղաքի պոլիկլինիկաները ենթարկվում են քաղաքապետարանին:

Օրվա երկրորդ կեսին Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ վաղը բժիշկները նրանք կստանան միանգամից 4 ամսվա ախատավարձ: Երեկ քաղաքապետանարում անցկացրած խորհրդակցության ժամանակ նախագահ Քոչարյանը խիստ քննադատել էր քաղաքապետին նաեւ պոլիկլինիկայի բժիշկների գործադուլի կապակցությամբ: Ռոբերտ Նազարյանը կարծիք էր հայտնել, թե հարցը որոշ կուսակցություններ փորձում են քաղաքականացնել, եւ բողոքողների թիկունքին ինչ-որ քաղաքական ուժ կա, որը նրանց դրդում է անհնազանդության:

Ցուցարարները, սակայն, հերքեցին դա: «Ոչ մի կուսակցության հետ մենք կապ չունենք: Մենք պահանջում ենք մեր աշխատավարձերը», - «Ազատություն ռադիոկայանին ասաց նրանցից մեկը:


Շաքե Ավոյան, Երեւան