Արտագաղթելուց հետո էլ ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետները չեն խզում կապերը Հայաստանի հետ

Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կատարած ուսումնասիրության համաձայն, այդ բնագավառի մասնագետների արտագաղթը թեեւ այժմ էլ չի դադարել, սակայն՝ փոխվել է դրա միտումը:

Ըստ հետազոտության, եթե մինչեւ 90-ական թվականների երկրորդ կեսը արտագաղթող մասնագետների մեծամասնությունը բարձր որակավորում ունեցող համակարգչային ծրագրավորողներն էին ու բնագավառի գիտնականները, ապա դրանից հետո մեկնողների շուրջ 70 տոկոսը համակարգչային ոլորտի ուսուցիչներն են:

«Բանն այն է, որ զուտ ծրագրավորողները արդեն կարծես թե իրենց տեղը գտել են՝ շուկա կա, պահանջարկ կա: Իսկ ուսուցիչները վիճակը ավելի բարդ է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Արտյոմ Բաղդասարյանը, ենթադրելով նաեւ, որ մեկնող ուսուցիչները տարիքով մարդիկ են, մինչդեռ նոր բացվող տեղերում աշխատանքի են վերցնում մինչեւ 40 տարեկան մասնագետների:

Իհարկե, մեկնածների մեջ համակարգչային գործի ուսուցիչների գերակշռությունը անուղղակիորեն հաստատում է այս աճող ոլորտում Հայաստանի մասնագիտական դպրոցի բարձր մակարդակը: Մյուս կողմից, ըստ կատարված վերլուծություն հեղինակների, դա նշանակում է, որ մենք շատ բարձր գին ենք վճարում բարձր որակավորում ունեցող մասնագետներին երկրում պահելու անկարողության դիմաց:

Այդուհանդերձ, արտասահման մեկնած ու այնտեղ մասնագիտությամբ աշխատանք գտած մասնագետների գերակշիռ մասը, ըստ կատարված ուսումնասիրության՝ 68,5 տոկոսը, կապ է պահպանում Հայաստանի բուռն աճող ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերության հետ:

«Մարդկանց մի մասը վերադառնալու հիմք է ստեղծում: Սակայն, նույնիսկ եթե չվերադառնան, մենք հետագայում մտադիր ենք այդ կապերը ակտիվորեն օգտագործել», - ասաց Բաղդասարյանը:

Հարկ է նշել, որ նաեւ հին ու նոր Սփյուռքերի աջակցության շնորհիվ է, որ Հայաստանում ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառը վերելք է ապրում՝ ամեն տարի աճելով 40-50 տոկոսով։ Ընդ որում, արտասահմանյան մասնակցությամբ հայաստանյան ինֆորմացիոն տեխնոլոգիական 27 ընկերություններից 26-ի տերերը հայեր են։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների արտագաղթի մեկ այլ գործոն էլ կա՝ կապված երիտասարդների կողմից պարտադիր զինծառայությունից խուսափելու հետ: Ըստ արված ուսումնասիրության, զորակոչային տարիքը լրացած մասնագետների 37 տոկոսը բանակում չի ծառայել, ընդ որում Հայաստանից մեկնածների 20 տոկոսը երկիրը լքել է հենց բանակից խուսափելու նպատակով:

Ոլորտի յուրահատկությունն այն է, որ այստեղ գիտելիքներն ու հմտությունները արմատապես նորանում են 3-6 ամիսը մեկ, եւ զինծառայության մեկնողները երկու տարում հիմնովին կորցնում են որակավորումը: Այդ պատճառով երիտասարդ մասնագետներն ամեն ինչ անում են, որպեսզի խուսափեն ծառայությունից, այդ թվում եւ՝ երկրից հեռանալով:

Ըստ ուսումնասիրության հեղինակների, զինծառայություն անցած ու զորացրումից հետո կրկին իրենց նախկին աշխատավայրեր դիմած մասնագետների միայն 50 տոկոսին է հաջողվել վերականգնվել նույն հաստիքում, մյուսները մերժվել են կամ հարկադրված են եղել բավարարվել ավելի ցածր դիրքով։


Ատոմ Մարգարյան, Երեւան