Դատարանը ապացույց չհամարեց Ստիվեն Նյուտոնի գրավոր ցուցմունքը


Ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը


«Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության գործի դատավարության այսօրվա նիստում տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան Ռուբեն Սահակյանը դատարանին ներկայացրեց դեպքի հիմնական վկաներից մեկի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ստիվեն Նյուտոնի գրավոր ցուցմունքը: Դատարանը, սակայն, ապացույց չհամարեց այն, թեեւ կցեց գործին:

Ստիվեն Նյուտոնը, որ այժմ աշխատում է Ռումինիայում, կնիքով հաստատված իր ցուցմունքը ստորագրել էր այդ երկրում բրիտանական հյուպատոսի ներկայությամբ:

Նախագահի թիկնազորի անդամ Աղամալ Հարությունյանի դատավարությունը արդեն հասել է վերջին՝ դատական վիճաբանությունների փուլին: Այսօր ճառերով հանդես եկան մեղադրող Էդուարդ Սարիկյանն ու ամբաստանյալի շահերի պաշտպան Վահան Յանիկյանը:

Մեղադրողը, մանրամասն ներկայացնելով դատարանում, իր կարծիքով, բացահայտված գործի հանգամանքները, միջնորդեց Աղամալ Հարությունյանին պատժել երկու տարի ազատազրկմամբ: Միաժամանակ, հաշվի առնելով մեղմացուցիչ հանգամանքները (որ Հարությունյանն առաջին անգամ է դատապարտվում, որ Պողոս Պողոսյանին սպանելու ցանկություն չի ունեցել), միջնորդեց պատիժը չկիրառել եւ մեկ տարի փորձաշրջան նշանակել:

Փաստաբան Յանիկյանը միջնորդեց Աղամալ Հարությունյանի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնել:

Սպանվածի եղբայրը եւ նրա շահերի պաշտպան Ռուբեն Սահակյանը մի քանի միջնորդություն ներկայացրին բացի Ստիվեն Նյուտոնից եւս մի քանի նոր վկաների հրավիրելու վերաբերյալ, սակայն դատարանը բոլոր միջնորդությունները մերժեց եւ անցավ խորհրդակցական սենյակ:

Իսկ մինչ այդ Անդրանիկ Պողոսյանը հանդես եկավ հայտարարությամբ:

«Նախաքննության մարմինը գործը կեղծիքների հիման վրա է կազմել, կեղծված են Աղամալ Հարությունյանի եւ Ստեփան Նալբանդյանի ցուցմունքները, չեն քննվել կարեւոր վկաներ, եւ դատարանն էլ հրաժարվեց նրանց հրավիրել ու քննել», - ասաց Անդրանիկ Պողոսյանը: - «Մտավորականները վախեցած են.... Բոլորը գիտեն, թե ովքեր են ծեծողները, բայց լռում են: Սրանով մեր նախագահին արջի ծառայություն եք մատուցում: Այս դատական ավարտը, երեւի, նրա հրաժարակի սկիզբն է ազդարարում»:

Անդրանիկ Պողոսյանը, նրա շահերի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանը, ինչպես նաեւ նիստին ներկա մոտ 20 մարդ լքեցին դահլիճը:

Իսկ Աղամալ Հարությունյանն այսօր դատական նիստի սկզբում բավական լարված էր: Նույնիսկ հայտարարեց, թե տուժողի իրավահաջորդը դատավարությունը վերածել է կուսակցական շոուի, հետո էլ վիրավորեց փաստաբան Ռուբեն Սահակյանին:

Իսկ ամբաստանյալի շահերի պաշտպան Վահան Յանիկյանը մեղադրեց «Հյումըն Րայթս Ուոթչ» (Human Rights Watch) միջազգային իրավապաշտպան կազմակերպությանը, թե՝ բանը հասել է նրան, որ ինչ-որ միջազգային կազմակերպություն իր գործը թողած զբաղվում է Նյուտոնի գրառումը հայաստանյան օրենքներին համապատասխանեցնելով:

«Հյումըն Րայթս Ուոթչ»-ը անցած դեկտեմբերին հանդես էր եկել Աղամալ Հարությունյանին ներկայացված մեղադրանքի քննադատությամբ՝ նշելով, որ «մեղադրանքը չի համապատասխանում կատարված հանցագործության ծանրությանը»: Կազմակերպության փորձագետ Ալեքս Անդերսոնը անցած շաբաթ լրատվամիջոցներին էր տրամադրել Նյուտոնի հարցազրույցը, որը վերջինս խնդրել էր հրապարակել իր՝ Հայաստանից հեռանալուց հետո:

Անդրանիկ Պողոսյանը անցած շաբաթ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե մտադիր է պայքարը շարունակել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ատյաններում կամ նրանց միջոցով:


Կարինե Քալանթարյան, Երեւան