«Ե'վ մեխանիզմները կփոխվեն, եւ' մոտեցումները կփոխվեն, եւ' վարչարարությունը կփոխվի», - այսօր ասել է էներգետիկայի նորանշանակ նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, եթե ընդունել ենք, որ բարելավումների ծրագիր պետք է իրականացվի, կլինեն նաեւ կադրային փոփոխություններ:
Արմեն Մովսիսյանը էներգետիկ համակարգի օրվա ամենամեծ խնդիրը համարում է «ֆինանսական վիճակը»՝ խուսափելով ստույգ թվեր հրապարակելուց: Փոխարենը պարզաբանեց, որ այդ վիճակը ստեղծվել է վերջին տարիների ընթացքում գոյացած պարտքերից, ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց չվճարումներից:
Անդրադառնալով համակարգի 30 տոկոս կազմող գերկորուստներին, նորանշանակ նախարարն ասաց. «Եթե պետք է ֆինանսական վիճակը բարելավել, բնականաբար, պետք է կորուստ չունենալ», - ասաց նախարարը, ավելորդ համարելով գերկորուստների մասին խոսելը:
Արմեն Մովսիսյանի կարծիքով, Էլեկտրաբաշխիչ ցանցերի մասնավորեցումից չպետք է հրաժարվել: «Իմ կարծիքով, պետք է մեկ անգամ եւս փորձել մասնավորեցնել», - ասաց նա, ավելացնելով, որ պետք է նախ կրկին փորձել բաշխիչ ցանցերը վաճառել մրցույթով, եթե կրկին չհաջողվի՝ ապա ուղղակի վաճառքով:
Արմեն Մովսիսյանն ասաց, որ ցանցերը հավատարմագրային կառավարման հանձնելու ընդամենը քաղաքական որոշումը կընդունվի մինչեւ տարեվերջ, «իսկ ինչ ձեւերով, ինչ մոտեցումներով, ինչ պայմանագրով, ով ինչ պատասխանատվություն եւ պարտավորություն պետք է ունենա, դրանք լրիվ մի մեծ պրոցես է, որը պետք է քննարկել կետ առ կետ»:
Հրաչ Մելքումյան, Երեւան