Մամուլի տեսություն

«Շեւարդնաձեն գնաց՝ Վրաստանը մնաց» վերնագրի տակ «Երկիր»-ի մեկնաբանն ամփոփել է. «Հայ-վրացական կապերում արված են գլխավոր շեշտադրումները՝ հանձին ազգային, պետական եւ տնտեսական ոլորտներում համագործակցության զարգացման... Լավագույն պայմաններ կան մասշտաբային դարձնելու հայ-վրացական համագործակցությունը՝ մինչեւ Բաքուն հաղթահարի սեփական մերժողական իներցիան եւ մասնակցի համակովկասյան տնտեսական զարգացումներին»:

«Հայաստանի ներքին քաղաքական կյանքում էլ հայ-վրացական հարաբերություններում միայն լարվածություն փնտրողները սխալվեցին իրենց հաշվարկներում», - նշում է «Երկիր»-ը: - «Հայաստանը հաստատակամություն դրսեւորեց՝ պաշտպանելու հայոց շահերը ոչ թե Վրաստանի հետ լարվածության մեծացման գծով, այլ՝ սերտ համագործակության: Փլվեց իշխանափոխության պահանջի եւս մեկ արհեստական սյուն»:

«Հայկական ժամանակ» թերթը, ընդհակառակը, Վրաստանի նախագահի այս այցը տեսնում է սառնության ստվերի ներքո, որոշ արտահայտություններից բխեցնելով, թե երկու երկրները մի շարք կարեւորագույն հարցերում այդպես էլ համաձայնության չեն եկել: Խոսքը, մասնավորապես. Ջավախքի խնդրի, տարածաշրջանային խոշոր ծրագրերի իրականացման մասին է:

Ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու՝ Ադրբեջանի նախագահի նորանոր հայտարարությունների առնչությամբ մամուլում շրջանառվում է միայն պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կարճ արձագանքը՝ ««Եթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, դա կլինի Ադրբեջանի վերջին պարտության սկիզբը»։ Նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանն էլ, որին «Առավոտ»-ի թղթակիցը դիմել է Ալիեւի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով, խորհուրդ է տվել բավարարվել պաշտպանության նախարարի պատասխանով:

«ՀԺԿ, «Հանրապետություն» եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունների համատեղ նախաձեռնած՝ վաղը նախատեսվող հանրահավաքով է պայմանավորված այս կուսակցությունների հետագա քաղաքական քայլերի ընթացքը: Ակնհայտ է, որ հանրահավաքի սակավամարդության եւ չհաջողվելու դեպքում այս երեք կուսակցությունները բարդ իրավիճակում կհայտնվեն: Բնականաբար, ուշագրավ է, թե հանրահավաքի հաջողվելու պարագայում կազմակերպիչներն ինչպիսի քայլեր են նախատեսել»: Այս նախաբանի շարունակություն «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի հետ «Հայկական ժամանակ»-ի թղթակցի զրույցը, սակայն, այսօր ընդամենը ի հայտ է բերում, որ եռյակի նպատակը դեռ հասարակությունից վստահության մանդատ ստանալն է. «Հետո նոր միայն նրանք պիտի հանձն առնեն եւ փորձեն այդ վստահությունն իրագործել»: Քայլերի որոշակիությունն այսքան է:

«Հրապարակներում հավաքված կեղծ մարգարեների ժամանակներում ենք ապրում: Դա է ամենասարսափելին», - «Հայոց Աշխարհ»-ում գնահատում է գրող-հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը: - «Տիրոջ անունով գալիս են ու ինչ ասես, որ չեն թափում այս ժողովրդի գլխին: Բա իրենց սեփական դղյակում ապրում են եւ ելնում սոցիալական արդարությունի՞ց են խոսում...Բա մեկը չի՞ ասում՝ ո՞ւր էիք այսքան տարի... Էդ ո՞նց եղավ, որ հանկարծ այսքան ըմբռնող դարձաք: Հապա էդ ո՞ր ժառանգության հաշվին են քո այդ դղյակները, այդ գործարանները... Չեն ասում՝ մի րոպե, ախր, այս ասողն ինքն է իր ընտանիքով այս ամենի հիմքերը դրել»:

Նույն թերթում արձակագիր Պերճ Զեյթունցյանն էլ կիսվում է. «Ես նախագահին պաշտպանելու որեւէ ցանկություն չունեմ, բայց թող ասեն՝ այդ ինփիչմենթ ասածն ի վերջո ինչի՞ համար է. չեն ասում... Ոչ թե իշխանության այս կամ այն մարդուն պետք է փոխել, այլ իշխանության տեսակը, սորտը պիտի փոխվի»:

«Հայաստանում սարսափի մթնոլորտ, փառք Աստծո, չկա. դա որոշ ուժերի ցանկությունն է», - շարունակում է Զեյթունցյանը: - «Սարսափի մթնոլորտ երեկ կար՝ նախորդ իշխանությունների օրոք: Սակայն, ժողովրդի հետ հաշվի նստելու ցանկություն չկա»: Եվ ամենացավալին ժողովրդի լիակատար արտարբերությունն է իշխանությունների հանդեպ՝ «վաղը ինչ էլ պատահի, ժողովուրդը չի զարմանա, շոկ չի ապրի, մի քանի օր կխոսի՝ կվերջանա-կգնա, եւ շատերի հույսը, ինձ թվում է, հենց սրա վրա է»:

«Հայոց Աշխարհ»-ում այսօր արդեն ուրվագծվում են 2003 թվականի ընտրությունների՝ տեսանելի դարձող յուրահատկությունները: Մասնավորապես, տեսաբանի հայացքով, դրանք կլինեն բացառիկ լարված, աննախադեպ կեղտոտ, «կբախվեն ոչ այնքան գաղափարախոսությամբ, որքան պետական կառավարման լծակների օգտագործման հնարավորության աստիճանով տարբերվող ընտրախավերը: Վերջապես 2003-ի ընտրությունները աչքի կընկնեն տեղական իշխանության աննախադեպ միջամտությամբ»:

Անդրադառնալով խորհրդարանով անցնող՝ «Քաղաքական կուսակցությունների մասին» օրինագծին, «Ազգ» թերթը ամրագրում է. «Նախագծում չեն պահպանվում մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների համընդհանուր սկզբունքները... Տխուր փորձը ցույց է տալիս, որ մեր օրենսդիրների ընդունած բազմաթիվ օրենքներ գրվում են մի խումբ մարդկանց համար, պաշտպանում միայն նրանց հետաքրքրություններն ու շահերը»:

Գործադիր իշխանության աշխատանքի համար քաղաքական ուժերի պատասխանատվության ներկա ու ապագա պատկերացումները ըմբռնելու առումով ուշագրավ է «Երկիր»-ի հարցազրույցում արտահայտված՝ «Կայունություն» խմբի նախկին ղեկավար, ներկայումս բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի հետեւյալ մոտեցումը. «Իմ կատարած գործողությունների համար քաղաքական միավորը չի կարող պատասխանատվություն կրել: Եթե ես, որպես նախարար, իմ լծակներն օգտագործելով, թույլ տամ լուրջ բացթողումներ, քաղաքական ո՞ւժը պիտի արածներիս համար պատասխանատվություն կրի. իհարկե՝ ոչ... Ինչ վերաբերում է խմբի հետ իմ գործունեությունը համաձայնեցնելուն, դա չի կարող լինել»:


Վաչե Սարգսյան