Սուխումիին չի վախեցնում ռուս խաղաղարարների դուրսբերումը հակամարտության գոտուց

Ռուսաստանում Աբխազիայի ղեկավարի ներկայացուցիչ Իգոր Ախբան այսօր հրավիրած ասուլիսում ասել է, որ Սուխումին չի երկյուղում հակամարտության գոտուց Ռուսաստանի խաղաղարար ստորաբաժանումների դուրսբերման հեռանկարից:

Ախբան ասել է, որ եթե մարտերում չընդգրկվի վրացական բանակը, ապա Աբխազիայի զինված ուժերի հնարավորությունները լիովին բավարար են ներխուժած խմբավորումները ջախջախելու համար:

Վերջին օրերին Կոդորի կիրճի մերձակայքում գտնվող գյուղերի գյուղերի վրա հարձակումների ժամանակ զոհվել են նաեւ հայազգի բնակիչներ: Աբխազական իշխանությունները պնդում են, որ հարձակվողները վրացի եւ չեչեն զինյալներ են:

Վրաստանի խորհրդարանը հինգշաբթի օրը որոշում է ընդունել վրաց-աբխազական հակամարտության գոտուց ռուս խաղաղարարներին դուրս բերելու մասին: Որոշումը, սակայն, առայժմ ենթակա չէ կատարման: Վերջնական որոշումը ԱՊՀ Նախագահների խորհրդի իրավասությունների շրջանակներում է, եւ առաջարկը ներկայացնողը պիտի Վրաստանի նախագահը լինի:

Մինչդեռ Էդուարդ Շեւարդնաձեն այս օրերին հայտարարություններ է անում ռուս-վրացական հարաբերություններն առողջացնելու սուր անհրաժեշտության եւ իր անմիջական ու գործուն մասնակցությունը բերելու պատրաստակամության մասին:

1992 թվականից Մոսկվայում ոչ-պաշտոնական կարգավիճակով գործող Աբխազիայի լիազոր ներկայացուցչության ղեկավար Իգոր Ախբան ուղղակի չպատասխանեց «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե քանի զինծառայող կա Աբխազիայի բամակում: Նա ասաց սոսկ, որ հայազգի զինվորները կազմում են բանակի 30 տոկոսը: Էլ ավելի շատ են հայազգի պահեստայինները, որոնք այս օրերին զորակոչվում են:

Հաշվի առնելով, որ բավական խոշոր հայ համայնքներ կան ինչպես Աբխազաիյում, այնպես էլ Վրաստանում, կարելի է ասել, որ հայության մի շոշափելի հատվածի ապագան այսօր կախված է Աբխազիայի իրադարձությունների հետագա զարգացումից:


Արթուր Տերյան, Մոսկվա