Մամուլի տեսություն

Ահաբեկչության աֆղանական օջախի մարումը «իր ազդեցությունը կթողնի նաեւ կոնֆլիկտային շրջանների, այդ թվում Հյուսիսային եւ Հարավային Կովկասի իրադարձությունների հետագա ընթացքի վրա, որոշակի տեղաշարժերի կհանգեցնի, մասնավորապես, արցախյան հակամարտության հարցում, - նշում է «Երկիր» թերթի մեկնաբանը: - «Շահագրգիռ ուժերը շատ լավ գիտեն բեն Լադենի կապերը Ադրբեջանի հետ, եւ այսօր այդ երկիրը պետք է միջազգային ատյաններում պատասխան տա ահաբեկչությունը հովանավորելու, նրա ծառայություններից օգտվելու համար»:

Արդյո՞ք ահաբեկչության դեմ սկսված պայքարը լուրջ աշխարհաքաղաքական վերաձեւման կտանի եվրասիական ահռելի տարածքը: Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը այս հարցին «Գոլոս Արմենիի» թերթում պատասխանում է. «Նման ընդհանրացումներ անելու համար անհրաժեշտ են վերլուծական լուրջ կառույցներ, որպիսիք մենք, ցավոք, չունենք: Եվ ընդհանրապես, դրա մասին լրջորեն խոսելու համար համապատասխան լուրջ ինֆորմացիա է պետք, ինչով մենք, իհարկե, հպարտանալ չենք կարող: Բայց ես համաձայն եմ, որ սեպտեմբերի 11-ից հետո աշխարհը փոխվել է, եւ հնարավոր է բոլոր այն չափանիշների վերագնահատում, որոնցով աշխարհը ղեկավարվում էր մինչեւ ամերիկյան ողբերգությունը: Այս իրավիճակում մենք չափազանց զգոն պիտի լինենք»:

Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսական հեռանկարին, Սերժ Սարգսյանի կարծիքով, գնալով կյանքը լավանալու է, գնալով ժողովրդի համար ավելի շոշափելի կլինի այն, ինչ հիմա արվում է: «Ներքաղաքական կյանքն էլ գնալով կաշխուժանա», - ուրվագծում է պաշտպանության նախարարը: - «Միջոցառումները, որ անցկացնում է ընդդիմությունը, ըստ իս, այն պիտի անցկացնի: Սա նորմալ կյանք է, նորմալ պետություն է: Այլ հարց, որ մենք, ցավոք, այլ ընդդիմություն չունենք: Այլ հարց, որ մեր ըմդդիմախոսները քաղաքական փորձ չունեն եւ այդ պատճառով նախընտրական արշավը մեկուկես տարի առաջ են սկսել»: Սերժ Սարգսյանի հայացքով, մենք 2003 թվականին կհասնենք գուցե մեծ աղմուկով, բայց բանը դրանից այն կողմ չի անցնի:

«Եթե ամեն տեղից ելածը խոսում է բռնապետության մասին, կարող է հրապարակավ վիրավորել նախագահին, դա արդեն ոչ միայն բռնապետություն չէ, այլ՝ ամենաթողություն է եւ երկրի ղեկավարության կողմից իր իրավունքների ու պարտականությունների ոչ լրիվ կիրառում: Ես դրանց լիակատար օգտագործման կողմնակից եմ», - ընդգծում է Սերժ Սարգսյանը:

«Ինքնագովազդը եւ սեփական անձի ու արածի ոչ ադեկվատ ընկալումը, որն առավել ակնհայտ էր նախագահ Քոչարյանի ուրբաթ օրվա ելույթում, բացատրվում է, հավանաբար, օտար միջավայրում գավառացու ինքնահաստատման բնազդով», - որակել է այսօր «Առավոտ»-ի խմբագիրը: - «Բազմիցս վկայակոչած «քաղաքական կուլտուրայի» տեսակետից զավեշտական էր, որ Քոչարյանը, ակնհայտորեն ուղղորդելով նախաքննությունը, «Առագաստ» սրճարանի դեպքը որակեց ամենաշատը իբրեւ իր թիկնապահների կողմից «իրավասությունների գերազանցում», բայց ոչ՝ որպես սպանություն: Քաղաքական եւ ընդհանուր կուլտուրան պահանջում էր նախագահից միջադեպի հաջորդ իսկ օրը ցավակցություն հայտնել սպանվածի հարազատներին, ափսոսանք հայտնել, որ միջադեպը կապված է իր թիկնազորի հետ, եւ հրապարակավ խոստանալ, որ մեղավորները խստագույնս կպատժվեն: Փոխարենը նա խոսում է ռիսկի մասին. եթե նախագահը ինչ-որ տեղ է գնում, հնարավոր է, մի երկու հոգի էլ խփվեն՝ ի՞նչ է եղել որ»:

«Սեպտեմբերի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած դեպքի առթիվ», - ըստ «Հայոց Աշխարհ» թերթի ունեցած տեղեկությունների, - «հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 100 հոդվածի հատկանիշներով, այն է՝ դիտավորյալ սպանություն: Այսպիսով՝ իրավապահները առավել արժանահավատ են համարում վիրահայ Պողոս Պողոսյանի դիտավորյալ սպանության վարկածը, եւ մեղավորին սպասում է հինգից մինչեւ տասներկու տարվա ազատազրկում: Սակայն կալանավորված եւ ձերբակալված անձինք առայժմ չկան»:

Իսկ «Իրավունք»-ի փոխանցմամբ, օրերս Կոտայքի մարզ նախագահի այցի ընթացքում նրա թիկնազորի կողմից բռնությունների է ենթարկվել եւս մեկ քաղաքացի:

Արձանագրելով, որ րոպեավճարի դեմ Արշակ Սադոյանի կազմակերպած հանրահավաքն էլ տապալվեց, «Հայկական ժամանակ» թերթը ընդհանրացրել է. «Այս ժամանակաշրջանը ցույց տվեց, որ այսօր քաղաքական ընդամենը մեկ ուժ կա, որ կարող է հազար-երկու հազարից ավելի մարդ հավաքել հրապարակում. դա «Հանրապետություն» կուսակցությունն է»:

«Գնալով ավելի է մեծանում հավանականությունը, որ ընդդիմադիր հայտնի եռյակի հանրահավաքին իսկապես կմասնակցի մի քանի տասնյակ հազար մարդ: Խոսքը տվյալ դեպքում հանրության ակտիվ ընդդդիմադիր հատվածի մասին է, որը, փաստորեն, չի ընդունում ընդդիմադիր էներգիայի պարպման ո'չ կոմունիստական եւ ո'չ էլ հակարոպեավճարական ձեւը», - սահմանում է «Հայկական ժամանակ»-ը:


Վաչե Սարգսյան