Հայաստանի էներգետիկայի նախարարը Մոսկվայում շարունակում է բանակցել միջուկային վառելիքի մատակարարման հարց շուրջ




Ակնկալվում էր, որ Մոսկվայում ատոմակայանի վերալիցքավորման խնդիրներով բանակցություններ վարող Հայաստանի էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը երեկ պետք է ավարտեր իր առաքելությունը: Նախարարը, սակայն, դեռեւս Մոսկվայում է եւ, էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանի խոսքերով, դեռ վաղն էլ հանդիպումներ ունի, որից հետո միայն պարզ կլինի, թե ինչ աղբյուրներից է ֆինանսավորվելու միջուկային վառելիքի ձեռքբերումը ու ինչ ժամկետներում այն կտեղափոխվի Հայաստան։ Արեգ Գալստյանը վստահություն հայտնեց, որ հարցը դրական լուծում է ստանալու:

Հուլիսի 7-ից ընթացիկ վերանորոգման եւ վառելիքի վերալիցքավորման նպատակով 45 օրով աշխատանքը դադարեցրած ՀԱԷԿը մինչեւ այսօր չի վերագործարկվել՝ միջուկային վառելիքի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

Ռուսաստանի կառավարությունը, որը միջուկային վառելիքի դիմաց արդեն ստացել է 4 մլն դոլար, պահանջում է ըստ համաձայնեցված ժամանակացույցի վճարել մնացած 13 մլն դոլարը: Հունիսին կառավարությունը, հրաժարվելով ռուսաստանյան վարկից, որոշում էր ընդունել 10 միլիոն դոլարի վարկային երաշխիք տրամադրել ատոմակայանին` որեւէ բանկից վարկ ներգրավելու ու միջուկային վառելիքի դիմաց վճարումները կատարելու նպատակով։ Այդ վարկը առայժմ չի հաջողվել ստանալ:

Իսկ մինչ ատոմակայանը կանգնեցված է, ջերմային էլեկտրակայաններն աշխատում են գերբեռնված՝ ծախսելով կրկնակի քանակով բնական գազ: Իսկ դա նշանակում է, որ արտադրվում է կրկնակի թանկ էլեկտրաէներգիա, քանի որ ջերմակայանների արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքը գրեթե մոտ է սակագնին։ Սրա հետեւանքներն առայժմ չեն երեւում, սակայն, եթե ատոմակայանի վերալիցքավորման հարցը ձգձգվի, չի բացառվում, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման խնդիր առաջանա։

Փաստորեն, վերջին մեկուկես ամիսների ընթացքում Հայաստանը այնքան գազ է ստացել, ինչքան դրան նախորդող չորս ամիսների ընթացքում, ընդհանուր առմամբ` շուրջ 360 միլիոն խորանարդ մետր։

Ըստ Արեգ Գալստյանի, մատակարարվող ռուսաստանյան գազի դիմաց ընթացիկ վճարումներն առայժմ նորմալ են ընթանում, քանի որ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց մուծումները եւս բավարար են։


Ատոմ Մարգարյան, Երեւան