Դժբախտ պատահար Երեւանի մետրոպոլիտենում

Երեկ Երեւանի մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» եւ «Հանրապետության հրապարակ» միջկայարանային թունելում դժբախտ պատահարի հետեւանքով զոհվել է 57- ամյա մետրոյի գնացքի մեքենավար Վիգեն Սիմոնյանը: Երեւանի մետրոպոլիտենի լրատվական ծառայության տարածած հայտարարության համաձայն, պատահարը տեղի է ունեցել զոհված մեքենավարի մեղքով:

Ըստ մետրոպոլիտենի տնօրենի տեղակալ Սերգեյ Չախոյանի, դեպքից մի քանի րոպե առաջ Վիգեն Սիմոնյանը դիսպետչերին զեկուցել է, որ գնացքը տեղից չի շարժվում եւ օգնություն է խնդրել: Օգնության ժամանած գնացքը նույնպես չի կարողացել տեղից շարժել արգելակված գնացքը: Մեքենավարը դուրս է եկել գնացքից անհաջողության պատճառը պարզելու եւ մոտենալով բարձր լարման կոնտակտային ռելսերին, սայթաքել է, վայր ընկել ու էլեկտրահարվել:

Վթարի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողովի փորձագետների եզրակացությամբ, մեքենավարի կողմից թույլ է տրվել նման իրավիճակներում գործող հրահանգների խախտում: Ըստ փորձագետների, կոնտակտային ռելսերին մոտենալը անվտանգության տեխնիկայի կոպիտ սխալ է:

Մետրոպոլիտենի տնօրինության եւ փորձագետների վարկածի համաձայն, գնացքի արգելակները սկսել են գործել մեքենավարի սխալի հետեւանքով: Նրանց պնդմամբ, Սիմոնյանը մի քանի տարի առաջ եւս երկու անգամ թույլ է տվել անվտանգության կանոնների կոպիտ խախտումներ:

Ըստ ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Վարդազարյանի, Կենտրոն համայնքի դատախազության աշխատակիցների նախնական վարկածը հետեւյալն է. մետրոպոլիտենի տարբեր հատվածներում բարձր լարման կոնտակտային ռելսերին հոսանքը մատակարարվում է տարբեր հոսանքագծերից, ինչի հետեւանքով ռելսերի վրա կան հոսանքազուրկ հատվածներ, որոնք գնացքներն անցնում են իներցիայով: Ըստ իրավապահների, Սիմոնյանը գնացքն արգելակվել է հենց այդպիսի մի հատվածի վրա:


Անուշ Դաշտենց, Երեւան