Նախարարը մասնակիորեն հաստատում է մեղադրանքները

Պետական գույքի կառավարման փոխնախարար Վանյա Մխիթարյանն ընթացիկ տարվա մայիսին եւ հուլիսին հրավիրած իր ասուլիսներում հայտարարել էր պետական մակարդակով ընդերքի ու բնական ռեսուրսների թալանի եւ տարեկան 50 միլիոն դոլարից ավելի ապօրինի եկամուտների մասին:

Դեռ մայիսյան ասուլիսից հետո մամուլում հրապարակվեցին այդ ոլորտում անցկացված նախագահի վերահսկողական ծառայության ուսումնասիրությունները: Այնուհետեւ նախագահի հանձնարարականով արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Դավիթ Զադոյանը մոտ մեկ ամիս տեղերում ուսումնասիրում էր ընդերքի օգտագործման վիճակը եւ պայմանները:

Այսօր Դավիթ Զադոյանը Երեւանի հանքերի շահագործման շուրջ աշխատանքային խորհրդակցություն էր անցկացնում Երեւանի քաղաքապետարանում:

Ըստ Զադոյանի, նախնական հաշվարկներով, պետությանը հասցվող վնասը կազմում է տարեկան ոչ թե 50 մլն դոլար, այլ մոտավորապես 10 մլն: Խոսելով մարզերում տիրող իրավիճակի մասին, Դավիթ Զադոյանը, մասնավորապես, ասաց. «Մենք որպես պետություն չենք կարողանում ծավալները ճիշտ հաշվարկել եւ արդարացված պահանջներ ներկայացնել հանքերն օգտագործողներին»:

«Անցյալ տարվա նույն առաջին կիսամյակի նկատմամբ բյուջեն այս մասով կատարվել է 135 տոկոսով», ինչը, սակայն չի ուրախացնում նախարարին, քանի որ, ճիշտ հաշվարկելու դեպքում, բյուջեում կարելի էր ավելի մեծ մուտքեր նախատեսել:

Արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարն ասաց, որ Երեւանում աշխատող 20 հանքերից 11-ի գործունեությունն անօրինական է: Առանց լեռնահատկացման կամ հողահատկացման արտոնագրի շահագործվող հանքերի տերերի կամ վարձակալների նկատմամբ, նրա առաջարկությամբ, դատախազությունը քրեական գործեր է հարուցելու: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում գրանցված մոտ 400 հանքերն օգտագործող ընկերություններից 68-ի նկատմամբ արդեն հարուցվել են քրեական գործեր:

Զադոյանի խոսքերով, կան դեպքեր, երբ հանքերն օգտագործողները պետությունից ստանում են հանքը շահագործելու արտոնագիրն ու այն չեն շահագործում՝ մեծ վնաս հասցնելով պետությանը: Նա առաջարկեց հանքի շահագործման պայմանագրային պարտավորությունները չկատարողներին դատական ճանապարհով զրկել արտոնագրերից:


Անուշ Դաշտենց, Երեւան