Մամուլի տեսություն

«Առավոտ» թերթն արձանագրում է, որ Երկրապահ կամավորականների միությունը շատ օպերատիվ արձագանքել է ԵԿՄ վարչության անդամ Վահան Շիրխանյանի հայտարարությանը, թե «եթե առաջիկա շաբաթվա ընթացքում Երկրապահ կամավորականների միության վարչությունը Վազգեն Սարգսյանի վարկաբեկման քաղաքականությունը դատապարտող հայտարարությամբ չարձագանքի, ինքը դուրս կգա այդ կազմակերպությունից»: Արդեն երեքշաբթի ԵԿՄ վարչությունում քննարկում է եղել, նույն օրը «վարչության նախագահ, ՊՆ փոխնախարար, գեներալ Մանվել րիգորյանը երկար ժամանակ նախագահ Քոչարյանի նստավայրում է եղել»: Բայց անցավ երեք օր, եւ հայտարարություն չի հնչում. «Քաղաքական շրջանակներում ոչ ոք, թերեւս, չի էլ կասկածում, որ հայտարարություն չի էլ լինի», - նշում է «Առավոտ»-ի մեկնաբանը, մյուս կողմից, ընդհանուր առմամբ գնահատելով. - «Իշխանությունները ստեղծված իրավիճակից լավագույն ելք չունեն: Նրանք կորուստ կունենան ցանկացած պարագայում՝ եւ' եթե հայտարարությունն ընդունվի, քանի որ այդ դեպքում ԵԿՄ շարքերն ավելի կուռ եւ միասնական կլինեն, իսկ դա վտանգավոր է իրենց իշխանության համար, եւ' հայտարարությունից խուսափելու դեպքում, երբ այս միությունից մեծ արտահոսք կսկսվի»:

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանի հայացքով էլ, այս հայտարարությունը չի արվի, հերթական անգամ կմնա նախագծային վիճակում: « ԵԿՄ վարչությունը կազմված է 45 հոգուց, որոնց մի զգալի մասը գործող բանակի բարձրաստիճան սպաներ են: Նույնիսկ ծառայության մեջ չգտնվող՝ ԵԿՄ վարչության շատ անդամների համար այնքան էլ հաճելի չէ նման հայտարարության ընդունումը՝ անգամ այն ընդունել-չընդունելու մասին քննարկումը: Եթե վարչության նիստ հրավիրվի, նրանք չեն կարող դեմ քվեարկել դրան, այդ պատճառով ամենաճիշտ ելքը ԵԿՄ վարչության նիստի տապալումն է», - պատկերել է մեկնաբանը:

«Ցանկացած երկրի ընդդիմություն կարող է միայն երազել ունենալ հայաստանյան իշխանության նման հակառակորդ, որն իր քայլերով ու պահվածքով ամեն կերպ նպաստում է ընդդիմության վարկանիշի բարձրացմանը», - գնահատում է այսօր «Հայոց Աշխարհ» թերթը: - «Վերջին շրջանի իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ իշխանությունը դրական միտումները խորացնելու փոխարեն հայտնվել է յուրատեսակ ինքնագոհության թմբիրի մեջ... Իշխանությունը քայլ առ քայլ զիջում է իր դիրքերը եւ նախաձեռնությունները՝ բավարարվելով խոստումներով եւ ընդդիմության կսմիթներին պատասխանելով»: Այնպես որ, չարժե զարմանալ, որ ընդդիմությունը այս օրերին լայն թափ է հավաքում. այն «սնվում է իշխանության սխալներով, իսկ իշխանությունն ամեն ինչ անում է, որ ընդդիմությունը սոված չմնա»:

«Շարունակվում է երկրում իշխանափոխություն իրականացնողների հերթագրման գործընթացը», - հեգնանքով անդրադառնում է «Երկիր» թերթի մեկնաբանը, որի ամփոփիչ ուրվագիծը, սակայն, երկսայր է. - «Իշխանափոխություն իրականացնելու փրկարար «առաքելությամբ» ոտքի ելած առանձին գործիչներ արդեն իսկ ստեղծել են զանազան ճակատներ, շարժումներ ու դաշինքներ, որոնցում անդամագրվել են երկրում մնացածները՝ յուրաքանչյուրին մի քանի քաղաքացի: Էլ դատարկված երկրում մարդ է մնացե՞լ, որ համալրի շարքերը»:

«Առավոտ»-ի փոխանցմամբ, երեկ գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ Արտաշես եղամյանն էլ իշխանական նիստուկացից բացահայտել է, թե «վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանրապետական կուսակցության վարչության անդամներին ասել էր՝ «Անդրանիկ Մանուկյանին ոչ թե գործից եմ հանելու, այլ դատի եմ տալու»։ Բայց Անդրանիկ Մարգարյանը վախենում է Անդրանիկ Մանուկյանին նախարարի պաշտոնից զրկել, քանի որ վերջինս սպառնացել է, որ Անդրանիկ Մարգարյանի գաղտնիքների մասին մի հաստ թղթապանակ ունի»։

«Ժամանակ» թերթը ուշադրություն է սեւեռում, որ Շուշին ադրբեջանական կողմին հանձնելու հարցը պատահականորեն չէր կարող առաջ քաշվել: «Միջնորդները յուրաքանչյուր համառ պահանջի՝ գոնե մասնակի բավարարման փորձեր, այնուամենայնիվ, կատարում են», - գրում է մեկնաբանը: - «Ադրբեջանի նախագահի համար Շուշիի հարցը պարզապես պատրվակ է՝ ի սկզբանե իրեն անընդունելի փարիզյան սկզբունքները վերջնականապես թաղելու»: Միջնորդներն էլ միտումնավոր տեղեկատվական արտահոսք են թույլ տվել՝ «քաղաքական-հասարակական արձագանքները շոշափելու, ինչպես ասում են, «զոնդաժ» անցկացնելու նպատակով»: «Երեւում է՝ Արեւմուտքին բնավ չի հետաքրքրում, որ դա կարող է այնպիսի ներքաղաքական շահարկումների առիթներ ստեղծել Հայաստանում, ինչպես, օրինակ,՝ Մեղրիի փոխանակման հարցը», - մտահոգված է «Ժամանակ»-ի մեկնաբանը:

«Ազգ»-ի թղթակիցը Ղարաբաղից իր ռեպորտաժում գրում է. - «Ի տարբերություն նախորդ անգամ տեղի ունեցած բողոքի ցույցի, այս անգամ շուշեցիները ոչ մի ձեւով չարձագանքեցին համանախագահների այցելությանը: Իրենք՝ միջնորդներն էլ էին մոռացել Շուշին ադրբեջանցիներով բնակեցնելու մտադրությունները»: Ռուսաստանի փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը, սակայն, նույն թղթակցի հետ զրույցում ընդգծել է. «Մենք փնտրում ենք հակամարտության կարգավորման համապարփակ ուղին, որի մեջ ներառված են Շուշին, հայերի եւ ադրբեջանցիների իրավունքները: Ընդհանուր առմամբ, մենք ջատագովն ենք այնպիսի կարգավորման, երբ սահմանի երկու կողմերից փախստականների վերադարձը լինի նորմալ երեւույթ: Մեզ համար այս խնդիրը գլխավորն է»:

Ժնեւում հիմնադրված «Հայ-թուրքական հաշտության հանձնաժողովի» նպատակների, կազմի, գործունեության ոլորտների վերաբերյալ նախնական տեղեկությունները վերլուծելով, «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը հանգել է եզրակացության, որ «դրանով հայ-թուրքական հաշտության քաղաքական պայմանների հստակեցման փոխարեն հերթական անգամ փորձ է արվում հիմնահարցը դարձնել տարածաշրջանային եւ համաշխարհային նորագույն զարգացումների պատանդ»:

«Փաստորեն արդեն ընդհանուր՝ ամերիկա-թուրքական մոտեցման հիման վրա սկիզբ առնող հաշտության գործընթացը իրականում կարող է դառնալ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը մոռացության տալու ճանապարհ՝ իր մեջ ներգրավելով հստակորեն դեպի ԱՄՆ կողմնորոշված հայ քաղաքական շրջանակների (ՀՀՇ, Ամերիկայի հայկական համագումար եւ այլն) ջանքերը: Դրա հետեւանքով», - մտավախություն ունի «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը, - «ինչպես Սփյուռքում, այնպես էլ Հայաստանում կարող է տեղի ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում առկա գրեթե միասնական, համազգային ճակատի պառակտում, ինչն անմիջապես իր անդրադարձը կունենա Հայաստանի քաղաքական դաշտում»:


Վաչե Սարգսյան