Արշակ Սադոյանն ընտրվեց իր ստեղծած «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ

Հրաչ Մելքումյան
«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության հիմնադիր համագումարին, բացի մոտ 100 պատվիրակներից, ներկա էին նաեւ համարյա բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները: Համագումարը պաշտոնապես ամրագրեց կուսակցության անջատումը ԱԺՄ-ից: ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը չէր եկել համագումարին: Շուրջ մեկ ամիս առաջ հայտարարված այս անջատումը լուրջ հարված էր ԱԺՄ-ի համար, որն արդեն իսկ թուլացել էր մի այլ անջատումից: Փետրվար ամսին մի խումբ ԱԺՄ-ականներ՝ Շավարշ Քոչարյանի գլխավորությամբ, հեռանալով ԱԺՄ-ից, հիմադրեցին «Ազգային ժողովրդավարական կուսակցությունը»: ԱԺԿ ղեկավարն այսօր ներկա էր իր նախկին համախոհների համագումարին:

Նորաստեղծ ԱԺԴ-ի հիմնադիրներն իրենց նպատակը հռչակեցին իշխանական համակարգում արմատական փոփոխություններ կատարելը, ծրագրային պետություն ստեղծելը: Իր ծրագրի գաղափարը Արշակ Սադոյանը առաջ էր տանում դեռեւս ԱԺՄ-ում: Սակայն, այդ կուսակցությունը չպաշտպանեց Սադոյանի ծրագիրը, եւ նա որոշեց այն իրականացնել սեփական կուսակցության միջոցով:

Նորաստեղծ դաշինքի ծրագրի մասին հարցին Արշակ Սադոյանը հարցով պատասխանեց. «Ծրագրի ստեղծման մասին ծրագիրը ծրագի՞ր է, թե ոչ»: Համակարգ փոխելը դժվար գործ է, դրա համար էլ կուսակցությունը դաշինք է կոչվում՝ հույս ունենալով, որ այս գաղափարին համամիտ քաղաքական ուժերը, կազմակերպությունները, կհամատեղեն իրենց ուժերն ու կմիավորեն իրենց ջանքերը: «Ես ուղղակի կաղերսեմ, որպեսզի իսկապես ազգային ժողովրդավարության սկզբունքներն ընդունող մարդիկ միավորվեն դաշինքային այս գործընթացում», - ասաց Արշակ Սադոյանը: