Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ Բաքուն պետք է չխոչընդոտի հրադադարի խախտումների քննության մեխանիզմի ներդրմանը


Համանախագահ երկրների նախարարների հայտարարության «թանաքը չչորացած»՝ Ադրբեջանը փորձում է հետքայլ կատարել, շեշտում է ՀՀ ԱԳ նախարարը:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների հայտարարության թանաքը չչորացած՝ Ադրբեջանը նորից փորձում է հետքայլ կատարել, հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում մեկնաբանելով ադրբեջանցի մի շարք պաշտոնյաների պնդումները այն մասին, թե Բաքուն «Վիեննայում պարտավորություններ չի ստանձնել», Հայաստանի դիվանագիտական գերատեսչության նախարարն ընդգծեց՝ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների հայտարարության մեջ հստակ՝ սևով սպիտակի վրա արձանագրված են այն հանձնառությունները և պայմանավորվածությունները, որոնք ստանձնել են կողմերը:

«Դեռ հայտարարության թանաքը չչորացած՝ Ադրբեջանը նորից փորձում է հետքայլ կատարել: Հատկանշական է, որ այդ հայտարարությունների հեղինակներն են իրենց մտքի գոհարներով աչքի ընկնող ադրբեջանական հայտնի պաշտոնյաները, ինչպես նաև, հենց Ադրբեջանի արտգործնախարարի բնորոշմամբ, առանց մայրաքաղաքից ստացված հանձնարարականների ինքնագործունեությամբ զբաղվող ադրբեջանցի դեսպանները», - ասաց Նալբանդյանը:

Նախարարի խոսքով, Բաքվի տրամաբանությամբ՝ գագաթնաժողովի բոլոր ներկաները, այդ թվում՝ ԱՄՆ-ի պետքարտուղարը, Ռուսաստանի արտգործնախարարը, Ֆրանսիայի պետքարտուղարը, սխալ են հասկացել ձեռք բերված պայմանավորվածությունների էությունը: «Դա ևս մեկ անգամ վերահաստատում է, որ միջազգային հանրությունը և Բաքուն խոսում են տարբեր լեզուներով: Բաքվի փորձերը՝ որոշ պաշտոնյաների միջոցով հրամցնել իր շինծու վարկածները, ապարդյուն են», - հայտարարեց Էդվարդ Նալբանդյանը, հավաստիացնելով, որ Հայաստանը համանախագահ երկրների հետ միասին անելու է հնարավորը՝ կյանքի կոչելու Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները, համապատասխան պայմաններ ստեղծելու՝ շարունակելու համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

«Ազատության» հետ զրույցում Հայաստանի արտգործնախարարը անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահի՝ այսօր Ստամբուլում հնչեցրած հերթական մեղադրանքներին, թե հակամարտության գոտում հայկական ուժերը քիմիական զենք են օգտագործում: «Դա բացահայտ կեղծիք է», - շեշտեց Նալբանդյանը՝ հավելելով, որ Բաքուն այդ կարգի «բեմականացումներով» նպատակ ունի շեղել միջազգային հանրության ուշադրությունը Արցախի և Հայաստանի կողմից միջազգային տարբեր ատյաններ ներկայացված՝ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական նորմերի կոպտագույն ոտնահարումների աղաղակող փաստերից:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի համոզմամբ, եթե Բաքուն իրոք մտահոգված է իրականության բացահայտմամբ, ապա պետք է չխոչընդոտի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից առաջարկվող և Վիեննայում հավանության արժանացած զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, «օր առաջ գործնական քայլեր կատարի դրա ներդրման ուղղությամբ»:

Էդվարդ Նալբանդյանը, հիշեցնենք, այսօր Բրյուսելում մասնակցում է Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին մասնակցում են նաև Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի արտգործնախարարները:

«Հայաստանը ակտիվորեն շարունակում է համագործակցությունը Եվրամիության հետ: Արդեն կայացել են հարաբերությունների նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների երեք փուլ», - նշեց Նալբանդյանը՝ խոսելով Բրյուսելում արձանագրված արդյունքների մասին: Խորանում է գործակցությունը մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության, լավ կառավարման և այլ ոլորտներում, ասաց նա՝ շարունակելով․ - «Քննարկում ենք մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսակցության մեկնարկի հարցը»:

«Այս բոլոր հարցերը այսօր քննարկման առարկա էին Բրյուսելում», - փոխանցեց Հայաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG