Մատչելիության հղումներ

Դավիթ Հարությունյանն էլեկտրոնային փոստին դեռ մեկ առաջարկ է ստացել


«Դա [կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարը] պահանջում է աշխատանք, և հենց այդ աշխատանքի սկիզբն է ազդարարել վարչապետը», - ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:

Չնայած Հայաստանում 16 տարի գործում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը աշխատում է 12 տարի, սակայն կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ մենաշնորհների և կոռուպցիայի դեմ պայքարելու համար իշխանությունները դեռ պետք է ուսումնասիրեն խնդիրները:

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում «Ազատության» դիտարկմանը, որ իշխանության վերին օղակներում մարդիկ են, ովքեր 1991 թվականից ի վեր միշտ իշխանության մաս են կազմել, սակայն կոռուպցիայի, մոնոպոլիաների մակարդակով Հայաստանը հայտնվել է մի վիճակում, երբ այլևս վտանգված է երկիրը, և հարցին, թե ինչպես են նույն մարդիկ պատրաստվում պայքարել մոնոպոլիաների և կոռուպցիայի դեմ, Հարությունյանն արձագանքեց․ - «Ես ուզում եմ, որ Դուք մի պահ Ձեզ պատկերացնեք վարչապետի դերակատարման մեջ: Ենթադրենք, Դուք ունեք այդպիսի իրավիճակ, ինչի՞ց եք սկսելու Ձեր աշխատանքը, եթե ոչ այդ հարցում շատ լուրջ թե՛ ուսումնասիրությունից, թե՛ քայլերից: Եթե ենթադրում եք, որ խոսքը վերաբերում է ուղղակի որոշման՝ մտքում, և արդյունքը երևալու է՝ ոչ։ Դա պահանջում է աշխատանք, և հենց այդ աշխատանքի սկիզբն է ազդարարել վարչապետը»:

Նա չհամաձայնեց դիտարկմանը, թե Միհրան Պողոսյանի հետ կապված որևէ շոշափելի արդյունք այդպես էլ չենք տեսել, հակադարձելով․ - «Շոշափելի առաջին արդյունքը՝ Միհրան Պողոսյանը հրաժարական տվեց: Շոշափելի երկրորդ արդյունքը՝ նախապատրաստվում են նյութեր․․․ Եթե Ձեզ թվում է, որ նյութերի նախապատրաստումը պետք է լինի հանձնարարականով, իսկ քրեական գործերը, զուտ այն պատճառով, որ կա հասարակական ընկալում, պետք է մտնեն դատարան, դա այդպես չէ, և դա չի համապատասխանում իրավական պետության սկզբունքներին»:

Երեկ կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը կոչ արեց հենց Հարությունյանի էլեկտրոնային փոստին ուղարկել տնտեսությունը զարգացնելու, մոնոպոլիաների և կոռուպցիայի դեմ պայքարելու առաջարկները: Այսօր Հարությունյանն ասաց, որ մեկ առաջարկություն արդեն ստացել է:

Կառավարության հակակոռուպցիոն նախաձեռնություններից մեկի մասին այսօր բարձրաձայնեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը. քրեական պատասխանատվություն է սահմանվելու, եթե եկամուտների մասին պաշտոնյաները կեղծ կամ թերի հայտարարագրեր ներկայացնեն։

«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ վարչական և քրեական պատասխանատվության սահմանման օրինագիծը մշակվել է և ներկայացվել կառավարություն, և կարծում եմ, որ հաջորդ շաբաթ այն կառավարության նիստում հավանության կարժանանա», - ասաց Հովհաննիսյանը։

Արդարադատության նախարարը ելույթ ունեցավ հակակոռուպցիոն համաժողովին, որին ներկա էր նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

​Վերջինիս խոսքով, հատկապես վերջին իրադարձությունները վկայեցին, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է ազգային անվտանգության հարց․ - «Հայաստանի կառավարությունը ընդունել է շատ կարևոր ու արժեքավոր փաստաթղթեր, ռազմավարություն, գործում է վարչապետի գլխավորած կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, սակայն այն, ինչ մենք սպասում ենք, միայն նոր ծրագրերը, բառերը, հայտարարությունները չեն, ու սա, կարծում եմ, ընդհանուր ընկալումն է: Կարծում եմ, Հայաստանի ժողովուրդը սպասում է իրական փաստերի, տեսանելի ապացույցի, որ կոռուպցիայի դեմ պայքարը առաջընթաց է ապրում: Եվրամիությունը պարտավորվել է 15 միլիոն եվրոյի չափով օժանդակել Հայաստանի կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Մենք ցանկանում ենք տեսնել կոնկրետ արդյունքներ: Եթե մենք չտեսնենք այդ կոնկրետ արդյունքները, 15 միլիոնը չի փոխանցվի Հայաստանի կառավարությանը»:

Լրագրողների խնդրանքով Դավիթ Հարությունյանն արձագանքեց Սվիտալսկու հայտարարությանը․ - «Որևէ մեկը կոռուպցիայի դեմ պայքարի համար փող պարոն Սվիտալսկուց չի ակնկալում․․․ Կոռուպցիայի դեմ պայքարը ամենևին չի շաղկապվում Եվրամիության տված փողերի հետ»:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանի խոսքով, իշխանությունները, թերևս, սկսել են գիտակցել, որ կոռուպցիայի մակարդակի, մենաշնորհների առումով վիճակն այնպիսին է, որ «պետականության կորստի ենք գնում»:

Անդրադառնալով իշխանությունների նոր հայտարարություններին՝ Հոկտանյանը նշեց․ - «Ես հավատալ-չհավատալով չեմ առաջնորդվում, ես առաջնորդվում եմ կոնկրետ քայլերով: Ես այդ քայլերը չեմ տեսնում: Եվ ես միշտ նշել եմ և կշարունակեմ նշել, որ Հայաստանի դեպքում կոռուպցիայի հիմքում արմատները դա տնտեսության մոնոպոլիզացիան է, որից բխում է քաղաքական դաշտի մոնոպոլիզացիան․ դա քաղաքական և բիզնես վերնախավերի սերտաճումն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG