Մատչելիության հղումներ

Հրաժարական է ներկայացրել ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը


Միհրան Պողոսյան, արխիվ

Միհրան Պողոսյան, արխիվ

«Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին»,- ԴԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրած իր գրառման մեջ նշել է Պողոսյանը։

Օֆշորային սկանդալում հայտնված Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանն այսօր հրաժարական ներկայացրեց։

Ծառայության պաշտոնական կայքէջում տեղադրված է Պողոսյանի գրառումը, որում 8 տարի այս պաշտոնն զբաղեցրած Պողոսյանը չի անդրադառնում օֆշորային ընկերությունների միջոցով բիզնես իրականացնելու մեղադրանքներին՝ խոստանալով այդ մասին մամուլի հրապարակումներին անդրադառնալ արդեն որպես շարքային քաղաքացի:

«Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին: Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի», - գրել է Միհրան Պողոսյանը:

Թրանսփարենսի ինթերնեշընլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Հերիքնազ Տիգրանյանը բազմիցս քննադատված պաշտոնյայի հրաժարականը չի համարում կոռուպցիայի դեմ իրական պայքարի արդյունք:

«Մեկ անգամ չէ, որ Հայաստանի պաշտոնյայի անունը կապվում է օֆշորային սկանդալների հետ, բայց որևէ մեկը չի ասել՝ ներողություն, որ ես անվանարկեցի իմ երկիրը և դարձա միջազգային ԶԼՄ-ների թիրախը: Ընդհակառակը, մենք տեսել ենք ավելի ցինիկ վարքագիծ հանրության նկատմամբ, քամահրանք նրա կարծիքի վերաբերյալ, և ավելի հաջող պաշտոնավարումներ՝ մեկ պաշտոնից ազատվում էին, նշանակվում էին ավելի բարձր պաշտոնի: Պահն էր ավելի պատեհ, հարմար էր ցույց տալու համար, որ պետությունը պարտաստակամ է կոռուպցիայի դեմ պայքարելու: Ես ավելի շատ հակված եմ մտածելու, որ ուղղակի, այս պատեհ պահն օգտագործելով, պետք էր որևէ մեկին զոհել՝ իրենց դեմքը մաքրելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Տիգրանյանը:

Պողոսյանի կողմից պաշտոնը սեփական բիզնեսի զարգացման համար օգտագործելու և սեփական եկամուտները թաքցնելու մասին այս ամսվա սկզբին հրապարակել էր «Հետք» էլեկտրոնային պարբերականը։ «Հետք»-ը գաղտնազերծված օֆշորային ընկերությունների միլիոնավոր փաստաթղթերում հայտնաբերել էր ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի և նրա բարեկամների անունները։ Ըստ այդ փաստաթղթերի, 39-ամյա պաշտոնյան բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերություննների։

Օրերս հայտնի դարձավ, որ Ոստիկանությունը դատախազության հանձնարարականով սկսել է ուսումնասիրել՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում են Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանի՝ պանամյան օֆշորային բիզնեսների վերաբերյալ «Հետք» կայքի հրապարակած տվյալները:

«Այս հրաժարականը որևէ կերպ չի նշանակում, թե այն հարցերը, որ բարձրացվել էին և պետական մարմինները ուսումնասիրում են, դրանք պիտի ուղղակի ծածկվեն, կամ դրանք որևէ ընթացք պիտի չստանան: Ի վերջո պաշտոնից հրաժարվելը չի նշանակում պատասխանատվությունից ազատվել», - նշեց Հերիքնազ Տիգրանյանը:

Թրանսփարենսի ինթերնեշընլ հակակոռուպցիոն կենտրոնը ապրիլի 8-ին դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ ուսումնասիրելու այդ փաստերը, սակայն մինչև այսօր դիմումը վարույթ ընդունելու մասին տեղեկություն կազմակերպությունը չի ստացել:

Էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը «Ազատության»-ը հայտնեց, որ դիմումի հիման վրա դեռ ուսումնասիրություններ և ճշգրտող գործողություններ են անում. գործը վարույթ չեն ընդունել․ - «Վարույթի ընդունման որոշմանը նախորդում է նախավարույթային փուլը: Մենք հիմա նախավարույթային փուլում ենք, և դրա շրջանակներում որոշակի քայլեր են ձեռնարկվում»:

Հարցին, թե պաշտոնից ազատվելու դեպքում նախագահի նստավայրում գործող էթիկայի հանձնաժողովը կշարունակի՞ ուսումնասիրել կոռուպցիայի համար մեղադրվող պաշտոնյայի գործողությունները, թե՞ ոչ, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․ - «Բոլոր այն հարցերի շրջանակը, որը կառնչվի որպես բարձրաստիճան պաշտոնատար անձ եղած ժամանակ գործելակերպին, դրանք կարող են գնահատակի արժանանալ հանձնաժողովի կողմից: Եթե կա վարքագիծ, որը այլևս վերաբերելի չէ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու ուժով, հասկանալի է, որ այլևս հանձնաժողովի ժամանակագրական իրավազորության ներքո չի գտնվի»:

XS
SM
MD
LG