Մատչելիության հղումներ

Կրթության և գիտության նախարարը համաձայն չէ, թե Հայաստանը «քոսոտ» երկիր է


Լևոն Մկրտչյանի արձագանքը ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հայտարարությանը։

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը համաձայն չէ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հայտարարության հետ, թե Հայաստանը «քոսոտ» երկիր է:

Նշենք, որ «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ռազմական արդյունաբերությունը Հայաստանում չի զարգանում, Ռադիկ Մարտիրոսյանն ասել էր. - «Միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, և ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ»։

«Խորենացով ասեմ՝ «փոքր, բայց հպարտ երկիր ենք», և մեր երկրում էլ միշտ կատարվել և կատարվում են բաներ, որոնք մեզ իրավունք են տալիս քաղաքակրթության մեջ վստահաբար մեր տեղն ունենալ։ Ըստ երևույթին, պարոն Մարտիրոսյանը նկատի է ունեցել այն հանգամանքը, որ ներկա մրցակցության պայմաններում աշխարհում զենք արտադրող երկրները գերտերություններն են, և շատ դժվար է փոքր երկրների համար զենքի կամ զինատեսակի մի ամբողջական ցիկլ ունենալ։ Մենք փոքր, ուժեղ, հպարտ և մեծ հեռանկար ունեցող երկիր ենք», - ասաց Մկրտչյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից զենքի արտադրության հնարավորություններին, ապա, կրթության և գիտության նախարարի համոզմամբ, դա փոքր երկրների դեպքում հսկայական ծախսեր է ենթադրում, բացի այդ, ըստ նախարարի, միջազգային շուկա մուտք գործելու համար բազմաթիվ դժվարություններ կան։

Լևոն Մկրտչյանի կարծիքով, սակայն, Հայաստանը կարող է ունենալ շատ լուրջ ռազմաարդյունաբերական համալիր՝ այդ ոլորտում համագործակցելով իր ռազմավարական դաշնակիցների և գործընկերների հետ:

Կրթության նախարարն այսօր անդրադարձավ նաև ուսանողների տարկետման իրավունքը վերացնելու և 18 տարին լրացած բոլոր երիտասարդներին բանակ զորակոչելու խնդրին:

Նշենք, որ կառավարությունն առաջիկայում խորհրդարանին կներկայացնի այդ մասին օրենքի նախագիծ:

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք կիսում է հնչող այն մտահոգությունները, թե դա կվնասի գիտության զարգացմանը, Լևոն Մկրտչյանը պատասխանեց, թե որոշ ուղղություններով բացառություններ արվելու են։ «Բնական գիտություններում կան ուղղություններ, որտեղ, ինչպես սպորտսմենը, գիտնականը անընդհատ պետք է զբաղվի գիտությամբ, որպեսզի հետ չմնա և կարողանա իր որակը պահել։ Բայց դա լուծվող խնդիր է, որովհետև, եթե մենք խոսում ենք ռազմաարդյունաբերական համալիրի վերականգնման մասին, կարելի է այնպիսի ձևաչափ գտնել, որ ուսանողները կամ ասպիրանտները զորակոչվելով՝ շարունակեն իրենց գիտելիքը զարգացնել արդեն զորակոչված վիճակում», - ասաց նախարարը։

Ճշտող հարցին, թե այնուամենայնիվ բացառություններ կլինե՞ն, Մկրտչյանը պատասխանեց . - «Որոշակի մասնագիտություններով հնարավոր է լինեն, և ինչպես բացառությունը, այնպես էլ այդ երիտասարդները, զորակոչվելով բանակ, շարունակեն իրենց գիտելիքներով զբաղվել հենց ծառայության ընթացքում»։

Տարկետման իրավունքը վերացնելու մասին գաղափարը, հիշեցնենք, ակտիվորեն շրջանառվեց ապրիլյան ռազմական գործողություններից հետո, երբ հանրությունը սկսեց հարցեր բարձրացնել, թե ինչո՞ւ են սահմանին հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ ծառայում:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, թե պատճառներից մեկն այն է, որ ապահովված ընտանիքի երեխաները համալսարաններ են ընդունվում: «Հիմնականում միջին և բարձր խավերի ընտանիքներից են ընդունվում բարձրագույն ուսումնական հաստատություններ, և նրանց մեծ մասն էլ հետագայում նաև լրացնում է սերժանտական կազմը։ Սա մեկ օբյեկտիվ հանգամանք», - մասնավորապես նշել էր պաշտպանության նախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG