Մատչելիության հղումներ

Զոհվածների ընտանիքները ծանր սոցիալական վիճակում են


Սարգիս Խալաֆյանն ունի 4 չափահաս, իսկ Հրաչյա Մուրադյանը՝ 3 անչափահաս երեխա:

Թալիշում զոհված 33-ամյա պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի ու «Երկրապահ»-ի կամավորական, 49-ամյա Սարգիս Խալաֆյանի ընտանիքները սոցիալական ծանր վիճակում են․ Երևանում վարձով են ապրում:

Հրաչյայի անչափահաս երեք երեխաները մնացել են կնոջ՝ Աննա Համբարձումյանի խնամքին:

«Չեմ պատկերացնում ինչ ա լինելու: Կաշխատեմ ամեն ինչ անել երեխաներիս համար: Ուժ կգտնեմ ոտքի կանգնելու», - «Ազատության» հետ զրույցում ասել էր Աննան:

Տեղ-տեղ սևացած առաստաղով, ճաքճքած պատերով ու մութ սենյակներով տանն արդեն 5 տարի վարձով է բնակվում Սարգիս Խալաֆյանի ընտանիքը: Կինը՝ Նունե Խաչատրյանը, պատմում է, որ երկրորդ կարգի հաշմանդամ ամուսինը, անտեսելով առողջական խնդիրները, առաջնագիծ է մեկնել բարձր տրամադրությամբ: Ասում է՝ հասցրել է միայն ժամկետային զինծառայող որդուն զորամասում հրաժեշտ տալ:

90-ականներին կրկին կամավոր ռազմաճակատ մեկնած ու վիրավորված Սարգսի 84 հազար դրամ թոշակով են տան վարձը մուծել: Նունեն տեսախցիկի առջև զսպում էր արցունքները, ասաց՝ ամուսինն արգելել է տրտնջալ ու օգնություն խնդրել: Թեև ընտանիքն ու ընկերները շատ են հորդորել, որ բնակարան ստանալու հարցով Սարգիսը դիմի Պաշտպանության նախարարություն, բայց միշտ այդ հարցը շրջանցել է:

«Նա չէր դիմում իր համար: Ընկերների համար կդիմեր, կգնար ամեն հարցում: Բայց իրա համար ոչ մի անգամ չի դիմել», - ասաց Նունեն:

Այս երկու ընտանիքներին այցելած նկարչուհի Զարուհի Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկերներ էր տեղադրել, ու գրել․ «Պետությունը պարտավոր է նրանց տուն տալ, չասեք՝ փող չկա»:

Մայրաքաղաքի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունն այս հարցով երկու օր առաջ նամակ է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Անահիտ Բախշյանը հաշվել է այս տարվա փետրվարին ավագանու հաստատած Երևանի սեփականություն հանդիսացող գույքի ցանկն ու տեսել, որ 440 բնակարան կա: Բախշյանի հարցը, թե արդյոք ազատ են դրանք, բարկացրել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Բախշյանի խոսքով՝ քաղաքապետը չպետք է սպասեր այս նամակին․ - «Աստված ոչ անի, հանկարծ մերժվի: Ես կմտածեմ ինչ անեմ․․․ Կարող էր անմիջապես քաղաքապետն ասել, չէ՞, ընդամենը իր գործընկերների միջոցով մի հատ նախադասություն գրեր՝ քաղաքապետարանը տեսել է, մտահոգ է․․․»

Ավագանու ընդդիմադիր անդամը, հիշեցնելով անցած տարի արվեստագետներին բնակարաններ նվիրելու քաղաքապետի որոշումը՝ ասաց, որ այն ժամանակ էլ բուռն քննադատություն հնչեց, որովհետև միշտ չէ, որ այդ գործընթացը թափանցիկ է լինում․ - «Նվիրատվության հետ կապված, դա իր լիազորությունն է, իր անձնական լիազորությունն է: Գուցե պետք է այդ լիազորությունը վերցնել քաղաքապետից, և հանրային քննարկման նույնիսկ կարելի դնել: Եթե լինել ամեն ինչ արդար, այդ վստահությունն էլ է հերիք․ որ վստահում ես քաղաքապետին, որ ինքը պատահական մարդու չի տա: Բայց մենք տեսնում ենք ոնց են անում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG