Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ընդդիմությունը պահանջում է հետաքննել Ալիևներին վերաբերող Պանամական փաստաթղթերը


Ալիևների ընտանիքը
Ալիևների ընտանիքը

Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը դիմել է երկրի գլխավոր դատախազին։

Ադրբեջանական ընդդիմությունը դիմել է երկրի դատախազությանը՝ պահանջելով հետաքննել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին վերաբերող Պանամական փաստաթղթերը։

Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը դիմել է երկրի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին՝ կոչ անելով հետաքննել Պանամական փաստաթղթերում տեղ գտած Ադրբեջանին վերաբերող բոլոր նյութերը։ «Հետաքննել և ընթացքի ու արդյունքների մասին հանրությանը տեղյակ պահել», - ասված է Ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլիի հայտարարությունում։

Ընդդիմությունը հիշեցնում է, որ ո՛չ Իլհամ Ալիևը և ո՛չ էլ կինը՝ Մեհրիբան Ալիևան, նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց հայտարարագրերում չեն նշել օֆշորային ընկերություններից ստացվող եկամուտների և ունեցվածքի մասին։

Վկայակոչելով Ադրբեջանի ընտրական օրենսգիրքը՝ ընդդիմությունն ընդգծում է, որ վերոնշյալը իրավական լուրջ հիմք է՝ չեղյալ հայտարարելու նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Ապրիլի սկզբներին հեղինակավոր The Gardian-ը հրապարակեց մի հոդված, որում ասվում է, որ Ալիևի գերդաստանը գաղտնի օֆշորային ընկերությունների միջոցով Վիրջինյան կղզում հիմնել է միլիոնավոր ֆունտ ստերլինգ արժեցող անշարժ գույք, մասնավորապես, նշված է, որ ձեռք է բերվել 17 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ հսկա առանձնատուն Լեյլա և Արզու Ալիևաների անունով։

Ապօրինի գործարքներն ու ֆինանսական փոխանցումներն իրականացվել են Ata Holding-ի միջոցով, որը պատկանում է Ադրբեջանի հարկերի նախարար Ֆազիլ Մամեդովին։

Ըստ հրապարակումների, ադրբեջանցի ազդեցիկ նախարարը Ալիևի ընտանիքին հրավիրել է միանալ իրեն՝ հիմնելով հզոր և շահավետ բիզնես ու քաղաքական գործընկերություն։

Բրիտանական թերթի տվյալներով՝ Մամեդովն, ով իր տրամադրության տակ մինչև 600 միլիոն դոլար ունի, հանդիսանում է Ալիևների գերադաստանի «գրպանը»։

Այս տվյալները հայտնի են դարձել Կոռուպցիայի և կազմակերպված հանցագործության հետաքննության կենտրոնի լրագրողների բացահայտած պանամական իրավաբանական ընկերություն փաստաթղթերից։

Ըստ հետաքննող լրագրողների հրապարակած նյութերի, Ադրբեջանում ոսկի արդյունահանող ընկերությունների եկամուտի ավելի քան 70 տոկոսը ստանում են Իլհամ Ալիևի դուստրերը՝ Լեյլան և Արզուն։

Բացահայտած փաստաթղթերում նշվում է նաև Իլհամ Ալիևի քույրը՝ Սևիլը, ով ներկայացվում է որպես Վիրջինյան կղզիներում գրանցված մեկ այլ ընկերության սեփականատեր։

Լրագրողներին, սակայն, չի հաջողվել պարզել, թե ինչով է զբաղվում Սևիլ Ալիևային պատկանող ընկերությունը։ Միայն նշվում է, որ Ադրբեջանի նախագահի քույրը գրանցված է Լոնդոնի արևմտյան այն հատվածում, որտեղ մեկ տան միջին գինը մոտ 9 միլիոն դոլար է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG