Մատչելիության հղումներ

Ալիևի կլանը ստանում է ոսկու արդյունահանման եկամուտի 70 տոկոսը


Օֆշորային գործարքներ ապահովող Mossack Fonseca իրավաբանական ընկերության ցուցանակը։

Օֆշորային գործարքներ ապահովող Mossack Fonseca իրավաբանական ընկերության ցուցանակը։

Այս օրերին ամբողջ աշխարհում վերլուծում են Կոռուպցիայի և կազմակերպված հանցագործության հետաքննության կենտրոնի լրագրողների բացահայտած Mossack Fonseca պանամական իրավաբանական ընկերության փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ մոլորակի հայտնի քաղաքական այրերը և հանրային ճանաչում ունեցող մարդիկ օֆշորում հսկայական գումարներ են թաքցրել։

Այդ ցուցակում ընդգրկված է նաև Հայաստանի դատական ակտերի կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը, ինչի մասին օրերս մանրամասն վերլուծություն է հրապարակել «Հետք» պարբերականը։ «Պանամայի գեներալի» գործարքները անպայման կդառնան մանրամասն քննարկման թեմա։

Պանամական իրավաբանական ընկերության փաստաթղթերում անդրադարձ կա նաև Ադրբեջանի նախագահի և նրա գերդաստանի բիզնեսին։

Ըստ հետաքննող լրագրողների հրապարակած փաստաթղթերի, Ադրբեջանում ոսկի արդյունահանող ընկերությունների եկամուտի միայն 30 տոկոսն է փոխանցվում պետությանը, մնացած 70 տոկոսը ստանում են Իլհամ Ալիևի դուստրերը` Լեյլան և Արզուն։

2006 թվականին Ադրբեջանի նախագահը ոսկի արդյունահանող վեց ընկերությունների կառավարումը փոխանցել է Globex International LLP բրիտանական ընկերությանը և օֆշորային երեք ընկերություններին` Londex Resources-ին, Willy & Meyris-ին և Fargate Mining Corporation-ին։

Այդ չորս ընկերություններն էլ դարձել են հանքային պաշարների բիզնեսով զբաղվող AIMROC ադրբեջանական միջազգային ընկերության բաժնետերերը։

Իշխանությունը դրանք ներկայացնում է որպես բրիտանա-պանամա-ճապոնական համատեղ ձեռնարկություն, սակայն, ըստ հետաքննող լրագրողների, համահիմնադիր 4 ընկերություններից 3-ը կեղծ են, իսկ ճապոնականը՝ սեփականության իրավունք չունի։

Դեռ 2012 թվականին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը պնդել է, որ Լեյլա և Արզու Ալիևաներին է պատկանում Globex International-ի բաժնետոմսերի 11 տոկոսը, իսկ հիմա պարզվում է, որ «պետության առաջին դուստրերի» փայաբաժինը մի քանի անգամ ավելի մեծ է։

Ոսկու արդյունահանմամբ զբաղվող մեկ այլ ընկերությունը` Fargate Mining-ը վերահսկվում է Իլհամ Ալիևի մտերիմ Նասիբ Հասանովի հսկողության տակ։

Պանամական փաստաթղթերը վկայում են, որ Ալիևի գերդաստանին է պատկանում նաև Redgold Estates Azerbaijan Ltd օֆշորային ընկերությունը, որը փորձել է ոսկու արդյունահանում սկսել Ղրղըզստանում։

«Պանամագեյտի» նյութերն ապացուցում են, որ շատ երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, ինչպես նաև անվանի աստղեր, օրինակ՝ մոլորակի թիվ մեկ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, ուղղակի կամ միջնորդված առնչություն ունեն օֆշորային գործարքների հետ։

XS
SM
MD
LG