Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ի դիրքորոշումը չի փոխվի նույնիսկ Սերժ Սարգսյանի քննադատությունից հետո


Սեյրան Օհանյանը և Նիկոլայ Բորդյուժան հայ-ադրբեջանական սահմանին, արխիվ
Սեյրան Օհանյանը և Նիկոլայ Բորդյուժան հայ-ադրբեջանական սահմանին, արխիվ

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «անիմաստ» է համարում փոխել դաշինքի դիրքորոշումը հայ-ադրբեջանական հակամարտության առնչությամբ, չնայած նախագահ Սերժ Սարգսյանի՝ կազմակերպության հասցեին հնչեցրած աննախադեպ քննադատությանը:

Անցած տարվա դեկտեմբերին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի նախագահը հրապարակավ քննադատեց Ռուսաստանի նախաձեռնած պաշտպանական դաշինքը՝ հայտարարելով, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի պայմաններում կազմակերպությունը չի հետևում իր կանոնադրությանը, և հավելեց՝ այդ առումով պետք է դասեր քաղել ՆԱՏՕ-ից:

Այսօր տեսակամուրջի օգնությամբ Մոսկվայի, Երևանի ու Աստանայի միջև կազմակերպված ասուլիսի ընթացքում Բորդյուժային հարցրեցինք՝ Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունից հետո կփոխվի՞ ՀԱՊԿ-ի մոտեցումը:

«Չեմ կարծում, որ անհրաժեշտ է որևէ ձևով փոխել ՀԱՊԿ-ի դիրքորոշումը այդ գերզգայուն թեմայի առնչությամբ: ՀԱՊԿ-ը ներգրավված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Մենք մոնիտորինգի ենք ենթարկում իրավիճակը, որովհետև այն առնչվում է մեր կարևոր դաշնակիցներից մեկին՝ Հայաստանին: Ինչ վերաբերում է այդ հակամարտության կարգավորմանը, դրանով զբաղվում են միջազգային այլ կառույցներ՝ ստեղծված ԵԱՀԿ-ի ու ՄԱԿ-ի կողմից: Ուստի անիմաստ է ինչ-որ կերպ փոխել մեր դիրքորոշումը այդ հարցի կապակցությամբ»,- ասաց Բորդյուժան։

Անցած տարին, թերևս, ամենալարվածն էր 1994 թվականի զինադադարից հետո: Ադրբեջանական կողմը ծանր սպառազինություն էր կիրառում ոչ միայն Ղարաբաղի ուղղությամբ, այլև ՀԱՊԿ անդամ Հայաստանի նկատմամբ, ինչի հետևանքով կտրուկ աճեց հակառակորդի կրակից զոհված հայ զինծառայողների թիվը։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության համաձայն, 2015թ․-ին գրանցվել է 41 զոհ, ինչն աննախադեպ է նախորդ հինգ տարիների համեմատ՝ 2014թ․՝ 26 զոհ, 2013թ․՝ 5 զոհ, 2012թ․՝ 12 զոհ, 2011թ․՝ 11 զոհ: Գնդակոծվում էին նաև Հայաստանի բնակավայրերը, զոհվեցին խաղաղ բնակիչներ: Այսօր էլ հաղորդվեց՝ հակառակորդի դիպուկահարի կրակոցից երեկ Ղարաբաղում զոհվել է խաղաղ բնակիչ՝ 54-ամյա Հակոբ Համբարձումյանը:

Նիկոլայ Բորդյուժան այսօր ևս մեկ անգամ ներկայացրեց ՀԱՊԿ դիրքորոշումը՝ դաշինքի անդամ բոլոր երկրները կողմ են, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի միայն խաղաղ ճանապարհով, բոլորը դեմ են Հայաստան-Ադրբեջան սահմանին լարվածության աճին, դեմ են ծանր սպառազինության կիրառմանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ «Կովկասում իրավիճակի վերաբերյալ» ամեն տարի հայտարարություններով են հանդես գալիս ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները, դաշինքի անդամ-երկրների արտգործնախարարները:

«Այս կապակցությամբ համարում եմ, որ նախորդ տարիներին արված հայտարարությունները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ 2014թ., 2015թ. ու արդեն այս տարի արված մեկնաբանությունները բավարար են: Չեմ կարծում, որ այս իրավիճակը ինչ-որ կերպ ազդում է կազմակերպության հեղինակության վրա: Կրկնեմ՝ դաշինքը արձագանքում է, արձագանքել է ու կարձագանքի ցանկացած գործողության, որն ազդում է դաշնակիցների անվտանգության վրա»,- ասաց Բորդյուժան։

Անցած դեկտեմբերին ՀԱՊԿ գագաթնաժողում նախագահ Սերժ Սարգսյանն էր խոսել դաշինքի հեղինակությունից՝ հայտարարելով.- «Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը ու կարևորությունը»։

Հատկանշական է, որ Բորդյուժան իր այսօրվա ողջ ներածական խոսքում, գեթ մեկ բառով չանդրադարձավ Հայաստան-Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին, փոխարենը ներկայացրեց կազմակերպության անցած տարվա ձեռքբերումները, անդամ-երկրների առջև ծառացած մարտահրավերները, նաև՝ տաջիկա-աֆղանական սահմանին տիրող իրավիճակը:

«102-րդ ռազմակայանը նախատեսված չէ թուրքական բանակին դիմակայելու համար»

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, ի դեպ, ուշագրավ հայտարարություն արեց Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի մասին։

Հարցին՝ 102-րդ ռազմակայանի ներուժը արդյոք կբավականացնի՞ դիմակայելու թուրքական բանակին՝ ռուս-թուրքական հնարավոր պատերազմի դեպքում, Նիկոլայ Բորդյուժան պատասխանեց.- «102-րդ ռազմակայանի ներուժը բավարար է նրա առջև դրված խնդիրների լուծման համար: 102-րդ ռազմակայանը նախատեսված չէ թուրքական բանակին դիմակայելու համար, այլ նախատեսված է տարածաշրջանում կայունության ապահովման համար: Եթե այդ ռազմակայանը սկսի գործել, այն գործելու է այլ միջոցների համակարգում, որոնք կձեռնարկվեն տարածաշրջանի երկրների, ներառյալ Ռուսաստանի ղեկավարության կողմից: Ուստի, անհրաժեշտ չեմ համարում այսօր այդ տարածաշրջանում ուժերի ավելացումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG