Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ Ադրբեջանը լարվածությունը բարձրացնում է նոր և շատ վտանգավոր մակարդակի


ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Մոսկվա, 21-ը դեկտեմբերի, 2015 թ․
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Մոսկվա, 21-ը դեկտեմբերի, 2015 թ․

Մոսկվայում այսօր կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովում Հայաստանի նախագահը անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության շուրջ լարվածության աճին:

«Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշքեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ», - ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի իր ելույթում ասել է Հայաստանի նախագահը։ - «Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը»։

Արձանագրելով, որ Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է կոնֆլիկտի սրացմանը՝ Սարգսյանը շարունակել է․ - «Ադրբեջանական կողմը չի սահմանափակվում ծանր հրետանու կիրառմամբ, այդ թվում՝ թուրքական արտադրության։ Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը 1994թ․ հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր առաջին անգամ անցան տանկային ռմբակոծության, ինչը լարվածությունը բարձրացնում է նոր և շատ վտանգավոր մակարդակի»։

«Հաշվի առնելով տարածաշրջանում վերջին շրջանում ձևավորված լարված մթնոլորտը՝ պետք չէ բացառել, որ այդ քայլին Ադրբեջանը գնացել է դրսի կողմի հուշումով կամ աջակցությամբ», - իր ելույթի այդ հատվածը եզրափակել է Հայաստանի նախագահը:

Ընդգծելով, որ ռուսական Սու-24-ի ոչնչացումը թուրքական զինված ուժերի կողմից լուրջ մարտահրավեր դարձավ ահաբեկչության հակազդմանը, Սիրիայում իրավիճակի կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին, և յուրաքանչյուր օժանդակություն ահաբեկչությանը ենթակա է խիստ քննադատման, Սարգսյանը հայտարարել է. - «Խոցված ռուսական ինքնաթիռի հետ կապված իրավիճակի զարգացման մեջ մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես է տեղի ունենում գործուն ռազմաքաղաքական դաշինքների ձևավորումը: ՆԱՏՕ-ի երկրների՝ ներառյալ, օրինակ, Հունաստանի անվերապահ աջակցությունը Թուրքիային, ակնհայտորեն ցույց է տալիս, որ «մեկը բոլորի և բոլորը՝ մեկի համար» սկզբունքը հանդիսանում է նման կառույցների արդյունավետության պարտադիր պայման: Նույնիսկ այն դեպքում, երբ Թուրքիայի գործողությունները հակասում էին բարեկամության և բարիդրացիության բոլոր նորմերին ու սկզբունքներին, նույնիսկ այն դեպքում, երբ այն խոցել էր ահաբեկչության դեմ պայքարող միջազգային հանրության համար կարևորագույն մարտական հանձնարարություն իրականացնող ինքնաթիռ, ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր կասկածի տակ չդրեց թուրքական կողմի գործողությունը: Մենք պետք է դրանից դասեր քաղենք»:

ՀԱՊԿ գագաթնաժողովի ավարտին հրավիրված մամլո ասուլիսին Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այսօր ընդունվել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հայտարարություն․ - «ՀԱՊԿ երկրները հանդես են գալիս ՄԱԿ կանոնադրության դրույթների, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա համընդգրկուն կոալիցիա ձևավորելու օգտին»:

Ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի միջադեպի հարցում ՀԱՊԿ երկրները աջակցում են Ռուսաստանին: «Մենք՝ որպես Ռուսաստանի հետ դաշնակիցներ, մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում այս միջադեպի կապակցությամբ Մոսկվայի դիրքորոշմանը», - Կրեմլում հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Այսօր որոշվել է, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում ևս մեկ տարով կմնա Նիկոլայ Բորդյուժան: Երեկ, հիշեցնենք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը ասել էր, թե այդ պաշտոնում ռոտացիոն կարգով կարող է նշանակվել Հայաստանի ներկայացուցիչը:

«Մենք կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունները մինչև 2017 թվականի հունվարի 1-ը երկարաձգելու մասին միաձայն որոշում ենք կայացրել», - հայտարարել է Հայաստանի նախագահը:

Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում անակնկալներ չեն եղել: ԵՏՄ հանձնաժողովի ղեկավարությունը, ինչպես արդեն հայտարարվել էր, փետրվարի 1-ից անցնելու է Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին:

ԵՏՄ-ի մեկամյա գործունեությունից հետո բոլոր անդամ պետություններում արձանագրվել են բացասական ցուցանիշներ, շոշափելիորեն նվազել է ապրանքաշրջանառությունը բոլոր անդամ պետությունների միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG