Մատչելիության հղումներ

ՀՀ նախագահ. Կլիմայի փոփոխությունը գլոբալ մարտահրավեր է և այն սպառնում է բոլոր պետություններին


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի լրատվականի

Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 21-րդ համաժողովին։

Կլիմայի փոփոխությունը գլոբալ մարտահրավեր է և այն հավասարապես սպառնում է բոլոր պետություններին՝ անկախ նրանց չափից և զարգացման աստիճանից: Այդ մասին երեկ Փարիզում կայացած «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 21-րդ համաժողովին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախագահը ընդգծել է, որ թեև Հայաստանի մասնաբաժինը համամոլորակային արտանետումներում մեծ չէ և չի գերազանցում երկու հարյուրերորդական տոկոսային միավորը, այդուհանդերձ, ըստ Սարգսյանի, Հայաստանը կարևորում է այս հարցում բոլոր երկրների ջանքերը համատեղելու անհրաժեշտությունը և որպես զարգացող երկիր՝ հանձնառություն է ստանձնել իր ներդրումն ունենալ համամոլորակային ջանքերում:

«Հայաստանի ազգային դիրքորոշումը արտահայտված է մեր կառավարության կողմից հաստատված «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններ» փաստաթղթում, որի հիմքում ընկած են հետևյալ սկզբունքները. առաջին՝ ջերմոցային գազերի գլոբալ արտանետումները պետք է սահմանափակել այնպիսի մակարդակում, որ մթնոլորտի գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը չգերազանցի երկու աստիճանը: Երկրորդ. պետք է որդեգրել «ընդհանուր, սակայն տարբերակված մոտեցում»՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության մեջ երկրների ներկա ու պատմականորեն տարբեր պատասխանատվությունը: Երրորդ՝ ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման բեռի բաշխումը պետք է իրականացնել՝ հաշվի առնելով կլիմայական ռեսուրսներից օգտվելու ներկա ու ապագա սերունդների իրավունքները: Եվ չորրորդ՝ անել այնպես, որ մեր գործողությունները չհանգեցնեն զարգացող երկրների սոցիալ-տնտեսական հետընթացի: Հայաստանը պատրաստ է ստանձնել ջերմոցային գազերի արտանետումների աճի սահմանափակման քանակական հանձնառություն», - ասել է նախագահը:

Ամփոփելով ելույթը՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կլիմայի փոփոխության մարտահրավերը, ինչպես նաև վերջին շրջանում բոլորին անհանգստացնող արդի համաշխարհային սպառնալիքները չեն ճանաչում ո՛չ ազգային սահմաններ, ո՛չ միջազգային իրավունք, ո՛չ քաղաքակրթության նորմեր:

Նախագահի համոզմամբ, այսօրվա փոխկապակցված և գլոբալացված աշխարհում մեկ երկրի առջև ծառացած մարտահրավերը հավաքական առումով բոլորի մարտահրավերն է: Հետևաբար` լուծումները պետք է լինեն համապարփակ, համաձայնեցված և համադրված:

Սերժ Սարգսյանն անհրաժեշտ է համարել վերաիմաստավորել համաշխարհային համակեցության հիմքերը՝ կատարելագործելով եղած գործիքակազմը: Կլիմայի փոփոխության մարտահրավերներին համատեղ արձագանքը, հաջողության դեպքում, ըստ Սերժ Սարգսյանի, կարող է դառնալ նոր տեսակի համատեղ ջանքի նախադեպը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG