Մատչելիության հղումներ

Փաստաբան․ Նախագիծը սահմանափակում է խաղաղ հավաքների անցկացումը


Գործող Սահմանադրությամբ, մինչդեռ, ամրագրված է․ - «Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունք՝ առանց սահմանափակումների»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը գտնում է, որ սահմանադրական բարեփոխումների նախագծով իշխանությունները փորձում են սահմանափակել խաղաղ հավաքների անցկացումը:

Սահմանադրական բարեփոխումների նախագծի համաձայն, մասնավորապես, բացօթյա տարածքում կազմակերպվող հավաքները պետք է անցկացվեն «ողջամիտ ժամկետում կատարված իրազեկման հիման վրա»:

«Այսօր գործող օրենսդրությամբ, մինչև հարյուր հոգին իրազեկման կարիք չունի, բայց եթե հարյուրից ավել է, պետք է իրազեկումը ներկայացվի: Միևնույն ժամանակ օրենսդրությունն ասում է՝ եթե չես իրազեկել, բայց էլի հարյուրից ավել է, կարող ես անցկացնել այդ հավաքը, ոստիկանությունը պետք է աջակցի: Բայց եթե այս նախագիծը ուժի մեջ մտավ, ստացվում է, որ հավաքների մեր այդ օրենքի դրույթը դառնում է հակասահմանադրական», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ռոբերտ Ռևազյանը:

Նա վստահ է, որ պարտադիր իրազեկման պահանջը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, և եթե այն մնա նախագծում, Հայաստանի կառավարությունը խնդրի առաջ կկանգնի Եվրադատարանում․ - «Կան բազմաթիվ ՄԻԵԴ-ի վճիռներ, որոնք նշել են, որ եթե նույնիսկ իրազեկման կանոնների խախտմամբ է անցկացվում, բայց խաղաղ բնույթ ունի, պետության պարտավորությունն է, որպեսզի աջակցի այդ հավաքին: Իրազեկման նպատակը դա թույլտվություն ստանալը չէ պետությունից: Ուղղակի իրազեկում եմ, որ ես անց եմ կացնելու այս հավաքը, պետության պարտավորությունը նա է լինելու, որ ինքը միջոցներ ձեռնարկի այդ հավաքը անցկացնելու համար»:

Ռևազյանն արդեն առիթ ունեցել է խաղաղ հավաքը խոչընդոտելու հայցով դիմել Եվրադատարան ու շահել գործը․ - «Փորձեցինք անցկացնել այդ հավաքը: Ոստիկանությունն ուղղակի մեզ արգելեց: Անմիջապես դիմեցինք Եվրոպական դատարան, որպեսզի դատարանը ճանաչի խախտումը»:

Քաղաքացիական տարբեր հավաքների մասնակից Վաղինակ Շուշանյանը դժվարանում է հաշվել, թե քանի հավաքի է մասնակցել և դրանցից քանիսն են եղել իրազեկված։ Ակտիվիստը նշում է՝ գործող Սահմանադրությունն իրեն չի արգելել առանց թույլտվության փողոց դուրս գալ․ - «Եթե վերջին շրջանը մի կողմ թողնենք, որովհետև ես եմ նախաձեռնող եղել, մնացածին մասնակցել եմ առանց իմանալու՝ դա իրազեկվա՞ծ ակցիա է, թե՞ ինքնաբուխ ակցիա է, որովհետև կազմակերպիչներն ուրիշ մարդիկ են եղել»:

Բողոքի ակցիաներից հետո բազմիցս բերման ենթարկված Արգիշտի Կիվիրյանը վստահ է, որ սահմանադրական բարեփոխումների նախագծում պարտադիր իրազեկման պահանջն ավելացել է վերջին շրջանում լայն թափ առած հավաքներն ու երթերը ճնշելու նպատակով. - «Իշխանությունները տեսնում են, որ գնալով խաղաղ հավաքներին ավելի շատ մարդիկ են մասնակցում, ավելի շատ քաղաքացիներ են մասնակցում: Առանց այդ էլ եղած սահմանադրական ներկայիս կետը հիմնականում չի կիրառվում, որովհետև ոստիկանությունը ամեն կերպ խոչընդոտում է այդ խաղաղ հավաքները»:

Իշխող Հանրապետական կուսակցությունում, մինչդեռ, ողջունում են պարտադիր իրազեկման պահանջի ավելացումը։ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը շտապում է ընդգծել, թե դա արվում է ոչ թե հավաքների սահմանափակման, այլ դրա մասնակիցների ապահովության համար․ - «Եթե հարյուրից ավել է, պետությունը, իրավապահ մարմինները, մենք բոլորս ասում ենք, որ բարի եղեք, ասեք, որ դուք իրականացնելու եք այսինչ ժամին այսինչ հանրահավաքը, էս երթուղով պետք է քայլեք, և պետք է վերադառնաք այստեղ և պետք է ձեր հավաքը ավարտվի երեկոյան 23:00 կամ 22:00, որպեսզի համապատասխան ժամանակահատվածում այդ երթուղով կարողանան իրավապահ մարմիններն ապահովել իրենց անվտանգ տեղաշարժը»:

XS
SM
MD
LG