Մատչելիության հղումներ

Փաստաբանների անկախ խումբը կոչ է անում «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին


Շուրջ երկու տասնյակ փաստաբանների միավորող խմբի անդամներից Գևորգ Գյոզալյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, թե այսօր Հայաստանում սահմանադրական բարեփոխումների «օբյեկտիվ անհրաժեշտություն չկա»:

«Ցանկացած գործիք փոխելու դեպքում նախ պետք է ցույց տրվի հանրությանը, որ այդ գործիքը նորմալ չի աշխատում: Սահմանադրությունը, որպես կանոն, գործիք է, որը պետք է աշխատացնել: Այս վերջին 10 տարիների ընթացքում պարզապես չի գործել, և դրա վառ ապացույցը կեղծված ընտրություններն են: Այս ամբողջը երբ որ մենք նայում ենք, տեսնում ենք, որ Սահմանադրությանը դեռ հասնելուն, այնքան բան կա այս երկրում փոխելու, որ Սահմանադրությունը ամենավերջին բանն է, որ կարելի է փոխել»:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունները նախաձեռնելու նպատակին՝ փաստաբանն ասաց․ - «Գերակայող հիմնական նպատակը նա է, որ այստեղ ուզում են անցնել կառավարման խորհրդարանական ձևին, և դա ակնհայտ է: Իսկ խորհրդարանական ձևին անցնելու պարագայում, օրինակ, «իքս» կուսակցությունը, դա կլինի Հանրապետականը կամ այլ, կարող է անվերջ իշխանության ղեկին լինել»:

Հարցին, թե ինչն էր խանգարում նախագահական կառավարման պայմաններում նույնն անել, Գյոզալյանն արձագանքեց․ - «Մենք գիտենք, որ երկու անգամ անընդմեջ նախագահը չի կարող լինել իշխանության ղեկին: Մենք Ադրբեջան չենք: Հայաստանը փոքր երկիր է, ռեսուրսները շատ փոքր են: Հայաստանը շատ կախված է գերտերություններից, և գերտերությունների կողմից շատ սխալ կհասկացվի, որ նախագահը փորձում է անվերջ ինչ-որ հավակնություններ ներկայացնել: Եվ շղարշ ստեղծելով ժողովրդավարության, կառավարման խորհրդարանական համակարգ ներկայացնելով՝ երկու հարց կլուծենք․ կլուծենք, որ մենք, տեսեք, ինչ ժողովրդավար ենք, մեզ մոտ պառլամենտարիզմ է, և երկրորդը՝ կլուծենք ինշխանությունը անվերջ պահելու հարցը»:

Գյոզալյանի փոխանցմամբ, իրենց խումբը հաջորդ ամիս հրապարակելիք զեկույցում ցույց է տալու, որ Հայաստանի թիվ մեկ խնդիրը Սահմանադրությունը չէ, այսինքն՝ երկրի մայր օրենքը չի մեղավոր, որ մարդիկ այսօր վատ են ապրում․ - «Մենք ասում ենք՝ ժողովուրդ, որ դուք ուզում եք լավ ապրեք, ուրեմն սա է խնդիրը, Սահմանադրությունը չի խնդիրը: Խնդիրը երկրում առկա կոռուպցիան է, խնդիրը կեղծված ընտրություններն են և այլն»:

Խումբն իր զեկույցում կներկայացնի նաև բարեփոխումների նախագծում տեղ գտած այն դրույթները, որոնք ոչ թե առաջընթաց, այլ լուրջ հետընթաց ու վտանգներ են առաջացնում, օրինակ, մարդու իրավունքների ոլորտում: Ուստի փաստաբանների խումբը կոչ է անում «ոչ» ասել իշխանությունների նախաձեռնած բարեփոխումներին:

«Այո, մասնակցել և «ոչ» ասել: Մենք գնում ենք ինչ-որ անորոշության, որը կարող է կործանարար լինել Հայաստանի հանրության համար: Որոշակի չէ, մենք չգիտենք ուր ենք գնում», - ասաց Գևորգ Գյոզալյանը:

Փաստաբանների այս խումբը, ինչպես փոխանցեց նա, չի միանա սահմանադրական բարեփոխումների դեմ ստեղծված «Ոչ»-ի ճակատին, այդուհանդերձ պատրաստ են իրենց եզրակացությունը տրամադրել այն քաղաքացիական նախաձեռնություններին և քաղաքական ուժերին, որոնք առաջիկայում այցելելու են մարզեր՝ փոփոխությունների իրական նպատակների մասին հանրությանն իրազեկելու:

Հիշեցնենք, որ փաստաբանների այս խմբից բացի, սահմանադրական բարեփոխումների նախագիծը ուսումնասիրում է փաստաբաններից կազմված մեկ այլ աշխատանքային խումբ, որը ստեղծվել է Փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ: Այստեղ ընդգրկված տասներկու փաստաբանները չեն անդրադառնում հարցին, թե արդյոք անհրաժեշտություն կա բարեփոխելու Սահմանադրությունը, և չեն բարձրաձայնում, թե արդյոք կիսում են այդ մտահոգությունը, թե սահմանադրական փոփոխությունները իշխանության վերարտադրության նպատակ են հետապնդում:

Աշխատանքային խմբի համակարգող, Փաստաբանների պալատի փոխնախագահ Արթուր Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում իրենց նպատակը այսպես ձևակերպեց՝ եթե ունենալու ենք նոր Սահմանադրություն, ապա այն չի լինելու ավելի վատը, քան գործողն է:

Հարցին, թե արդյոք կար այս բարեփոխումների հասարակական պահանջարկը, Հովհաննիսյանն արձագանքեց․ - «Դա քաղաքական հարց է և դրան ավելի շատ քաղաքական պատասխան պետք է տրվի՚ Փաստաբանների պալատի աշխատանքային խումբը չէր պատրաստվում նման քաղաքական հարցերին պատասխանել»:

Խումբը հիմնականում ուսումնասիրել է մարդու իրավունքներին և դատական իշխանություններին վերաբերող բաժինները, որտեղ, ըստ Հովհաննիսյանի, կան և՛ դրական կողմեր, և՛ վիճահարույց խնդիրներ: Խոսելով վիճահարույց դրույթների մասին՝ նա ընդգծեց, որ բարեփոխումների նախագծում ընդլայնվել են մարդուն ազատազրկելու հնարավորությունները․ - «Մի քանի կետերով կան ազատազրկման հիմքերը, մի հիմքն էլ այն է, որ՝ եթե անձը թմրամոլ կամ գինեմոլ է: Գործող Սահմանադրությունն ասում է, որ անձին կարող ես զրկել [ազատությունից], եթե թմրամոլ կամ գինեմոլ լինելու պատճառով ինքը հասարակությանը վտանգ է ներկայացնում»:

Մյուս վիճահարույց դրույթը, Արթուր Հովհաննիսյանի խոսքով, վերաբերում է անձին սեփականության իրավունքից զրկելուն՝ առանց դատարանի որոշման:

XS
SM
MD
LG