Մատչելիության հղումներ

Երկրորդ փուլի մասին դրույթը կամրագրվի ոչ թե Սահմանադրության մեջ, այլ Ընտրական օրենսգրքում


Մասնագիտական հանձնաժողովի անդամները խորհրդարանում, 4-ը սեպտեմբերի, 2015թ.
Մասնագիտական հանձնաժողովի անդամները խորհրդարանում, 4-ը սեպտեմբերի, 2015թ.

Նախագահին կից մասնագիտական հանձնաժողովը հաստատում է՝ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի մասին աղմկահարույց դրույթն ամրագրվելու է ոչ թե Սահմանադրությամբ, այլ Ընտրական օրենսգրքով:

Պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանի հարցին՝ այսօր հրավիրված խորհրդարանական լսումների ամբիոնից այս մասին հայտարարեց հանձնաժողովի անդամ, Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը՝ միաժամանակ նաև հստակեցնելով, որ մտադիր չեն հրաժարվել «կայուն մեծամասնություն» հասկացությունից։

«Վենետիկի հանձնաժողովի հետ բանակցությունների արդյունքում մենք որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որ եթե կայուն պառլամենտական մեծամասնություն չի ձևավորվում ոչ առաջին փուլի արդյունքում և ոչ էլ քաղաքական կոալիցիայի միջոցով, այսինքն բնականոն ճանապարհով, ինչպես ցանկացած պառլամենտական համակարգում, ապա կարող է Ընտրական օրենսգիրքը նախատեսել ընտրությունների երկրորդ փուլ։ «Կարող է նախատեսելը» չի նշանակում, որ պարտադիր պետք է նախատեսի։ Եվ Ընտրական օրենսգրքում, որը օրգանական օրենք է և 3/5-ով է ընդունվելու, բոլոր այդ մանրամասնությունները սահմանվելու են»,- հայտնեց Պողոսյանը։

Հանձնաժողովը չի թաքցնում, որ իր հեղինակած փաստաթղթում փոխելու է նաև հանրապետության նախագահի ընտրության կարգը՝ հրաժարվելով ընտրիչների մեխանիզմից։

«Գնալու ենք ավելի դասական ճանապարհով, այսինքն հանրապետության նախագահի ընտրությանը Ազգային ժողովի կողմից»,- մանրամասնեց Պողոսյանը։

Տասնյակ քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների հետ լսումներին ներկայացել է8 նաև բովանդակային քննարկումները մերժող Հայ ազգային կոնգրեսը։ Սերժ Սարգսյանի այս նախաձեռնությունը որակելով հանցավոր՝ Լևոն Զուրաբյանը ընդգծեց, որ նախագիծը բարելավելու, առաջարկներ անելու համար չեն եկել։

«Ընտրակեղծիքները, մենաշնորհացումը, արտագաղթը այլ պատճառ ունեն և բացարձակապես կապված չեն Սահմանդրության արատների հետ, այլ կապված են միայն երկրում հաստատված և Սերժ Սարգսյանի կողմից կառավարվող ավազակապետության հետ»,- հայտարարեց Զուրաբյանը։

Ընդդիմադիր Կոնգրեսի համոզմամբ, 2018 թվականին ավարտելով պաշտոնավորումը՝ Սերժ Սարգսյանը շարունակելու է միանձնյա կառավարումը խորհրդարանական պետությունում՝ այժմ էլ զբաղեցնելով Ազգային ժողովի նախագահի աթոռը: «Ժողովուրդն արժանի չէ Սարգսյանին հավերժ Հայաստանի կառավարիչ ունենալու դժբախտ ճակատագրին»,- եզրափակեց Զուրաբյանը՝ թեև նիստը վարող հանրապետական Հովհաննես Սահակյանն արդեն անջատել էր նրա խոսափողը:

Հաջորդն ամբիոնին մոտեցած Էդուարդ Շարմազանովը հակադարձեց.- «Որպես ընդդիմադիր՝ թեկուզ ամենափոքրաքանակ ուժի ներկայացուցիչ, դուք արդեն նստել եք, ասում եք՝ սահմանադրական բարեփոխումները եթե անցավ, Սերժ Սարգսյանը լինելու է գենսեկ և ինքն է կառավարելու։ Շնորհակալ ենք, որ դուք ընդունում եք, որ Հանրապետական կուսակցության՝ հաջողության հասնելու շանսերը 2017 թվականի ընտրություններում ամենամեծն են։ Բայց մենք ազատ մրցակցության կողմնակից ենք»։

Դահլիճում էին նաև առաջիկա հանրաքվեն տապալել փորձող «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամները։

«Նաև հիմնավորում եք նշում, որ ժողովրդավարության հաստատման համար եք դա կատարում։ Իսկ ձեզ մոտ երբևիցե միտք առաջացե՞լ է ժողովրդավարության հաստատման համար զուտ առաջարկել ընտրությունները չկեղծել»,- հարցրեց նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը։

Խորհրդարանական այսպիսի համակարգին կտրուկ ընդդիմացող նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նաև տարակուսած էր՝ ինչպե՞ս են հեղինակներն այս սահմանադրությունը մարդակենտրոն որակում.- «Էս Սահմանադրության մեջ կա 48 մարդու իրավունք, որից 18-ը սահմանափակվում են հասարակական կարգի պահանջով, այդ թվում անձեռնմխելիության իրավունքը։ Հասարակական շահի ներքո, դուք ասում եք, կարող են մարդու ձեռքից տունը խլել՝ իբր թե համարժեք փոխհատուցումով։ Ի՞նչ բան է համարժեք՝ ոչ ոք չգիտի»։

Հնչեց ավելի երեք տասնյակ հարց ու ելույթ, որոնց հեղինակներին կառավարման համակարգի փոփոխությունից ավելի մտահոգում էր, որ հանկարծ նոր Սահմանադրությունը թույլ չտա նույնասեռականներին ամուսնանալ, հայ մարդու տեսակը չվերանա, Արևմուտքը չիշխի Հայաստանում:

XS
SM
MD
LG