Մատչելիության հղումներ

Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը «Ոչ»-ի ճակատի հռչակագիր է մշակում, «Ազատության» հետ զրույցում փոխանցեց նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը։

«Այն ուժերը, որոնք կստորագրեն այդ փաստաթուղթը, գնահատական կտան, կգնահատեն որպես Սերժ Սարգսյանի կողմից իշխանության վերարտադրության ծրագիր և որպես Հայաստանում ժողովրդավարության վերջին նշույլները, քաղաքական, հասարակական բոլոր հակակշիռները վերացնող մի ծրագիր, և իրենց պատրաստակամությունը կհայտնեն դրա դեմ պայքարելու և հասարակությանը կոչ կուղղեն միանալու այդ պայքարին։ Դա լինելու է բաց հայտարարություն»,- ասաց Հովհաննիսյանը։

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարում համախոհներ է փնտրում։ Հովհաննիսյանի խոսքով՝ այս ամիս ծրագրվող «Ոչ»-ի համաժողովին մասնակցելու նախնական համաձայնություն են տվել ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն։

«Հանդիպել ենք բոլոր այն քաղաքական ուժերին, որոնց չեք տեսել Սերժ Սարգսյանի հետ ֆոտոսեսիաների ժամանակ։ Նրանք հայտարարել են, որ պատրաստ են իրենց ամբողջ ռեսուրսները տրամադրել, իրենց ամբողջ ուժերով մտնել պայքարի մեջ։ Հայ ազգային կոնգրեսին ենք հանդիպել, «Ժառանգությանը», «Ազատություն» կուսակցությանը, «Հիմնադիր խորհրդարանին», ՀԺԿ-ին, «Հանրապետությանը» և մի քանի այլ արտախորհրդարանական կուսակցությունների»։

Նախաձեռնության մեկ այլ անդամի՝ Արշակ Մուսախանյանի խոսքով՝ երբ վերջնականապես պարզեն համախոհների շրջանակը, հաշվարկեն ռեսուրսները, նաև հրապարակային գործողությունների կանցնեն։

«Միգուցե և Ազգային ժողովի մոտ ակցիաներ իրականացնենք, երբ նախագիծը քննարկվի ԱԺ-ում և նաև այցեր մարզեր, ակցիաներ, պիկետներ... հնարավորության դեպքում, եթե ամեն ինչ շատ հաջող ընթանա, հանրահավաք»,- հայտնեց Մուսախանյանը։

Քաղաքական ուժերի հետ բանակցող քաղաքացիական շարժման անդամները համոզված են՝ եթե հաջողեն, դրանից նախաձեռնությունը միայն կշահի։

«Ընդհանուր գործի հաջողությունը կկայանա այն դեպքում, երբ քաղաքացիականը համագործակցի քաղաքականի հետ», - ասաց Մուսախանյանը։

«Մեր գլխավոր հաջռողությունը մենք կհամարենք մարդկանցով լցված հրապարակները և փողոցները։ Այն հարցը, որը դրվել է, վերաբերում է բոլորին, ամբողջ երկրին և, բնականաբար, մտահոգում է բոլոր այն առողջ ուժերին, որոնք չեն վերահսկվում իշխանության կողմից, չեն ճնշվել, չեն հնազանդեցվել իշխանության կողմից, պատրաստվում են վճռական գործողությունների դիմել»,- հավելեց Հովհաննիսյանը։

Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չե'ք անցկացնի» շարժումը նաև դրամահավաք էր կազմակերպել։ Բոլորին հասանելի հաշվեհամարը չեն ստուգել, բայց գիտեն՝ հասարակական լուրջ աջակցություն ունեն.- «Ոչ»-ի ճակատը ձևավորելու համար նյութական, տեխնիկական մեծ աջակցություն է պետք. մենք հավատացած ենք, որ կան մարդիկ, ովքեր հրապարակայնորեն չեն կարող միանալ մեզ, բայց իրենց լուման կարող են ներդնել «Ոչ»-ի ճակատին։

Իշխող Հանրապետական կուսակցության անդամները քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվությունը հեռուստախցիկների առջև հաճախ են ողջունում։ Այս մեկի հաջողությանը, սակայն, Վահրամ Բադասարյանը չի հավատում։

«Ինչի համար, որ հիմքեր չկան, դատապարտելը շատ դժվար է։ Ես հիմքեր չեմ տեսնում դատապարտելու։ Անկեղծ ասած, այնքան շատ են այդ նախաձեռնության անվանումները, որ արդեն չեմ կարողանում հիշել՝ «Չեք անցկացնի», «Կանցկացնեք», «Այո», «Ոչ» և այլն»,- ասաց իշխող խմբակցության ղեկավարը։

XS
SM
MD
LG