Մատչելիության հղումներ

«Սդղի գյոլի» գործով տուժողի հայրն ասում է՝ Խաչատրյանները «բժիշկների մոտ մարդ են ուղարկել Մոսկվա»


Ոստիկանները դատարան են ուղեկցում Սյունիքի մարզպետի որդուն, 27-ը հուլիսի, 2015թ.
Ոստիկանները դատարան են ուղեկցում Սյունիքի մարզպետի որդուն, 27-ը հուլիսի, 2015թ.

«Սդղի գյոլի» ծեծկռտուքից տուժած Հարություն Զաքարյանի ընտանիքը վիրավորված է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիմակիցների պնդումներից, որ Հարությունը տեսողությունը չի կորցրել։

Երիտասարդի հայրը՝ Գագիկ Զաքարյանը համոզված է՝ մարզպետի շրջապատը դիտավորյալ է նման տեղեկություններ տարածում՝ փորձելով գործով մեղադրյալներին ազատել պատասխանատվությունից։ Հարություն Զաքարյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով կալանավորված է մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը։ «Սդղի գյոլի» գործով մեղադրվում են նաև մարզպետի եղբայրն ու երկու եղբորորդիները։

Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանն էր վերջերս «Ազատության» հետ զրույցում ասել, որ Հարությունը «աչքի հետ կապված ոչ մի պրոբլեմ չի ունեցել», պարզապես աչքի արյունազեղում է ունեցել, ինչը վիրահատությամբ վերացվել է։

Գագիկ Զաքարյանը այսօր փոխանցեց, որ դեպքի օրվանից՝ մայիսի 2-ից ի վեր Հարությունի աչքը 5 անգամ վիրահատվել է, սակայն տեսողությունը վերականգնելու հույս դեռ չեն տալիս։

«Իրանց էդ խոսակցությունները, որ Հարությունը կարդում է համացանցում, ահագին վատ է տանում էդ բաները։ Ո՞վ չի վիրավորվի, դա վիրավորում է բժիշկներին, վիրավորում է իրավաբաններին։ Ինձ թվում է՝ մտածված քայլեր են կատարում, խելոք թող նստեն, թե չէ լրիվ իրենց իրավիճակը կփոխվի, լրի՛վ։ Ու թող մարդիկ չուղարկեն բժիշկների մոտ Մոսկվա, որ ինչ-որ սպրավկա ձեռք բերեն, որ Հարությունը տեսնում է։ Այո՛, մարդ են ուղարկել կլինիկա, որ էդ բանակցությունները վարեն, սպրավկա ձեռք բերեն։ Նենց որ թող խելոք մնան։ Իհարկե, չի հաջողվել։ Ո՞ր բժիշկը կգնա տենց բանի՝ չտեսնող մարդու մասին սպրավկա տան, որ իբր 20 տոկոս տեսողություն ունի»,- «Ազատությանը» ասաց երիտասարդի հայրը։

Գագիկ Զաքարյանը հավելեց, որ որդու աչքի տեսողության վերականգնումը հենց իրենց երազանքն է.- «Մենք ձգտում ենք, որ տեսնի։ Որ տեսնի տասը հատ ոչխար կմորթենք, սաղ Հայաստանի կիմանա, որ իմ չարչարմունքը տեղ է հասել, ես չորս ամիս է տանջվում եմ»։

Հարություն Զաքարյանի աչքի վիրահատություններն անցկացվում են Մոսկվայում, 6-րդ վիրահատությունը սպասվում է նոյեմբերին։ Հոր փոխանցմամբ՝ բժիշկներն առայժմ նրան թույլ չեն տալիս Հայաստան գալ։

Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանն ասում է՝ տեղեկություն չունի Հարությունի տեսողության վերաբերյալ Մոսկվայից տեղեկանքներ ձեռք բերելու՝ Գագիկ Զաքարյանի հայտարարությունների առնչությամբ։

«Ես նման տեղեկություն չունեմ։ Եթե ինչ-որ մեկն էլ հետաքրքրվել է իր որդու տեսությամբ, ես էդտեղ վրդովմունքի պատճառ չեմ տեսնում։ Հնարավոր է՝ ես ինքս եկող շաբաթ միջնորդեմ վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի համապատասխան բժշկական տեղեկանք պահանջեն նրա աչքի տեսողության հետ կապված, որովհետև մեզ ևս տեղեկություններ է հասել, որ մի շարք վիրահատություններից հետո նրա աչքը սկսել է տեսնել։ Տա Աստված, որ նրա տեսողությունը վերականգնվի»,- ասաց Մելքոնյանը.- «Իմ պաշտպանյալին օգուտ կտա մի բան, որպեսզի արդարադատությունը իրականացվի, և ես վստահ եմ, որ իմ պաշտպանյալը կոնկրետ այս գործով որևէ հանցանք չի կատարել։ Եթե մարդը ներկա է գտնվել վիճաբանությանը, որի ընթացքում ինքը միայն բաժանել է, նրան չի կարող հանցավոր արարք մեղսագրվել»։

Տիգրան Խաչատրյանը դեռ կմնա կալանավայրում, քանի որ երեկ Վերաքննիչ դատարանը մերժեց նրան 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը։

«Ըստ ինձ՝ որևէ հիմնավորում էլ չկա։ Կան տրաֆարետային ձևակերպումներ, որ Տիգրան Խաչատրյանը, մնալով դրսում, կթաքնվի, կխոչընդոտի, վկաների վրա անօրինական ազդեցություն կունենա։ Բայց այդ ամեն ինչը զուտ ենթադրություններ, որևէ հիմք չկա»,- ասաց փաստաբանը։

Մելքոնյանը նաև ասաց, որ իր պաշտպանյալը արդեն ենթարկվել է դատահոգեբուժական փորձաքննության.- «Դեռևս պատասխանը չունենք, բայց եսիմ ինչ էլ մի սպասեք, կարծում եմ՝ Տիգրանը որևէ լուրջ հիվանդությամբ չի տառապել ու չի տառապում»։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը համոզված է, որ Ավետիք Բուդաղյանի սպանության գործով չպատժված Տիգրան Խաչատրյանին այս անգամ ազատ չարձակելը պատահական չէ. նախագահ Սերժ Սարգսյանը կարող է հանուն սահմանադրական անցնցում փոփոխությունների՝ ժամանակավորապես «զոհաբերել» թիմակիցներին։

«Բուդաղյան եղբայրների նկատմամբ ոտնձգությունից և սպանությունից հետո մի հատ էլ էս հանցագործությունը կոծկե՞ն... դա բավական շատ կլինի նույնիսկ իշխանության համար, որովհետև նժարի վրա դրված է Սահմանադրության փոփոխությունների անցնցում անցկացումը։ Ինքը վստահության պաշար է ցանկանում հավաքել, որպեսզի հիմնավորում ունենա, որ տեսեք, ես այնքան էլ սարսափելի չեմ»,- ասաց Սաքունցը։

XS
SM
MD
LG