Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզպետի խորհրդականը վստահ է՝ տուժող Զաքարյանը տեսողությունը չի կորցրել


Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյան, 12-ը օգոստոսի, 2015թ․

Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյան, 12-ը օգոստոսի, 2015թ․

Նա իր ղեկավարին՝ մարզպետ Սուրիկ Խաչատրյանին հորդորում է ուժեղ լինել․ - «Իրեն ասում եմ, որ պետք է ապավինել արդարությանը և պայքարել արդարություն հաստատելու համար»:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը չի հավատում պնդումներին, թե Սդղի գյոլի ծեծկռտուքի գործով տուժող ճանաչված Հարություն Զաքարյանը կորցրել է տեսողությունը։

«Հարություն Զաքարյանին, որը այսպես կոչված տուժող կողմ է, ես առողջություն եմ ցանկանում, եթե իր աչքի հետ անգամ պրոբլեմներ կան, բայց ես հավատացած եմ, որ աչքի հետ կապված ոչ մի պրոբլեմներ չկան»,- ասում է Հովհաննիսյանը։ Մարզպետի խորհրդականը համոզված է, որ Զաքարյանը «պարզապես աչքի արյունազեղում է ունեցել», ինչը վիրահատությամբ վերացվել է։

Հարություն Զաքարյանի փաստաբան Լևոն Սահակյանը, մինչդեռ, այս հայտարարությունը Սյունիքի մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի կողմնակիցների կողմից խաղարկվող պաշտպանական հնարք է համարում և պնդում է, որ իր պաշտպանյալի տեսողության կորստի մասին համապատասխան փորձագիտական եզրակացություն կա։

«Կա դատաբժշկական փորձագետի համապատասխան եզրակացություն, որում ամեն ինչ մանրամասն նշված է։ Իսկ հակառակը պնդող այլ հայտարարությունները մեր ընկերության մեկնաբանման տիրույթում չեն», - ասում է փաստաբանը։

Սյունիքի մարզպետի որդին՝ ԵԿՄ-ի մեդալով պարգևատրված 21-ամյա Տիգրան Խաչատրյանը մոտ մեկ ամիս առաջ կալանավորվել է։ Նա մեղադրվում է «դիտավորությամբ մեկ ուրիշի կյանքի համար վտանգավոր վնասվածք պատճառելու» մեջ: Ի սկզբանե շրջանառվող վարկածի համաձայն, մարզպետի որդուն դուր չի եկել հանդիպակաց ուղղությամբ ընթացող մեքենայի կատարած խախտումը: Նա կանգնեցրել է մեքենան, ինչից հետո վարորդի հետ վիճաբանություն է սկսվել, որը շարունակվել է Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում:

Զաքարյանների ծնողները բազմիցս են լրատվամիջոցների հետ զրույցներում պնդել, որ իրենց որդիները մահակների ու մետաղական գործիքների գործադրմամբ դաժան ծեծի են ենթարկվել: Ծեծկռտուքից տուժած Հարություն Զաքարյանը դեռ Մոսկվայում է, որտեղ մի քանի անգամ վիրահատվել է: Նրա ծնողների հավաստմամբ, սակայն, բժիշկները տեսողությունը վերականգնելու հույս չեն տալիս։

Թեև այս գործով նախաքննությունը դեռ չի ավարտվել, սակայն Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը միանգամայն վստահ է, որ իր անմիջական ղեկավարի որդին անմեղ է։

«Կարող եմ փաստել, հավաստիացնել, երդվել, հաստատել, որ Տիգրան Խաչատրյանը այդ ծեծին մասնակից չի եղել։ Նա ընդամենը բաժանողի դերում է եղել։ Եվ երկրորդը՝ նախահարձակ են եղել ոչ թե Տիգրան Խաչատրյանը և նրա կողմնակիցները, այլ Զաքարյան եղբայրները»,- շարունակում է մարզպետի խորհրդականը։

Քրեական գործի նախաքննության ընթացքում Տիգրան Խաչատրյանի կարգավիճակը փոխվեց, վկայից դառնալով կասկածյալ։ Մարզպետի խորհրդականն ասում է, թե հավատացած է, որ Տիգրան Խաչատրյանն այս անգամ էլ կարդարացվի: Նա նաև մարզպետին հորդորում է ուժեղ լինել:

«Ես իրեն ասել եմ, որ պետք է ապավինել արդարությանը և պայքարել արդարություն հաստատելու համար։ Եվ ես ասում եմ՝ ուժեղ եղեք։ Արդարությունը միևնույն է հաղթելու է։ Եվ ինքը ուժեղ է»։

Տիգրան Խաչատրյանը մեղադրվում էր նաև Սուրիկ Խաչատրյանի տան մոտ երկու տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով: Այն ժամանակ, սակայն, նա կալանավայրում մնաց ընդամենը երկու ամիս։ Նախաքննական մարմինը, կատարվածը որակելով անհրաժեշտ ինքնապաշտպանություն, հանցակազմի բացակայության հիմքով գործը կարճեց։

XS
SM
MD
LG