Մատչելիության հղումներ

Հայաստանը՝ թրաֆիքինգի զոհերի պաշտպանության առաջատար երկրների թվում


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի, արխիվ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի, արխիվ

Նախկին Խորհրդային Միության երկրներից Հայաստանը միակն է, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի զեկույցում ընդգրկվել է առաջին խմբում:

Միացյալ Նահանգների Պետքարտուղարության կողմից հրապարակված զեկույցի համաձայն, Հայաստանը մարդկանց թրաֆիքինգի զոհերի պաշտպանության հարցում աշխարհի 31 առաջատար երկրներից մեկն է:

Ըստ զեկույցի, որը երկուշաբթի օրը ներկայացրեց ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, Հայաստանը նախկին Խորհրդային Միության երկրներից միակն է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ միասին տեղ է գտել մարդկանց թրաֆիքինգի զոհերի պաշտպանության առաջին խմբի երկրների շարքում:

«Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ բավարարում է թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին: 2014 թվականին խորհրդարանն ընդունեց օրենք, որով միօրինականացվեցին թրաֆիքինգի կասկածյալ ու բացահայտված զոհերի նույնականացման, աջակցության, պաշտպանության և վերաինտեգրման ընթացակարգերը հանրապետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության համար: Սակայն դեռևս չկար տուժողների կամ վկաների պաշտպանության պաշտոնական մեխանիզմ, ինչպես նաև բացահայտվել էին ավելի քիչ թվով զոհեր», - նշում է Պետդեպարտամենտը:

«Ոստիկանությունը հաջողությամբ իրականացրել է Հայաստան թրաֆիքինգի ենթարկված օտարերկրացի զոհերի նույնացում և նրանց ուղղորդել դեպի խնամք ապահովող կազմակերպություններ: Կառավարությունը պահպանել է ամուր գործակցային ու աշխատանքային հարաբերությունները հակաթրաֆիքինգային հասարակական կազմակերպությունների, տեղական զանգվածային լրատվամիջոցների, դոնոր կազմակերպությունների ու տարածաշրջանային գործընկերների հետ: Դատարանների կողմից մարդկանց թրաֆիքինգի համար ավելի քիչ մարդիկ են դատապարտվել», - ասված է զեկույցում:

Թեև Հայաստանը կատարել է թրաֆիքինգի վերացման բոլոր պահանջները, այնուամենայնիվ, խնդիրը կարգավորված չի կարելի համարել, ընդգծում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Մասնավորապես, ըստ զեկույցի, անցած տարվա ընթացքում երկրում վատթարացել է սեռական թրաֆիքինգի խնդիրը: «Ահագնացող խնդիր է հայաստանաբնակ կանանց և երեխաների սեռական ու աշխատանքային թրաֆիքինգը երկրի ներսում: Հայ կանայք և աղջիկները սեռական թրաֆիքինգի են ենթարկվում նաև Միացյալ Արաբական Էմիրություններում (ՄԱԷ) և Թուրքիայում: 2014 թվականին առաջին անգամ գրանցվեց Հայաստանում Չինաստանից բերված կանանց սեռական թրաֆիքինգի ենթարկելու դեպք: Հայ տղամարդիկ հարկադիր աշխատանքի են ենթարկվում Ռուսաստանում և, ավելի փոքր ծավալով, Թուրքիայում», - նշված է զեկույցում:

Բացի այդ, «հայ կանայք և երեխաները երկրի ներսում խոցելի են համարվում մուրացկանության մեջ ներգրավվելու տեսանկյունից»: «Որոշ երեխաներ երկրի ներսում աշխատում են գյուղատնտեսության, շինարարության և ծառայությունների մատուցման ոլորտներում, որտեղ նրանք նաև խոցելի են աշխատանքային թրաֆիքինգի մասով: Մարդկանց թրաֆիքինգի առումով խիստ խոցելի են մնում գյուղական բնակավայրերի կրթական ցածր մակարդակ ունեցող տղամարդիկ և խնամատար հաստատությունների երեխաները», - ասված է զեկույցում:

«Սա պայքար է փողի դեմ, պայքար չարիքի դեմ։ Անընդունելի է, որ 2015 թվականին մենք դեռևս հանդիպում ենք մեր օրերի ստրկության դեպքերին», - ներկայացնելով զեկույցը՝ հայտարարեց ԱՄՆ-ի պետքարտուղարը։

Անդրադառնալով աշխարհով մեկ թրաֆիքինգի վտանգին՝ Քերրին կոչ արեց այդ չարիքի դեմ մղվող պատերազմին միանալ ինչպես ամբողջ աշխարհի պետական կառույցներին, այնպես էլ հասարակական կազմակերպություններին ու լրատվամիջոցներին։

«Դա մի պատերազմ է, որում մենք պարտավոր ենք հաղթել: Դա մեր օրերի մարդու իրավունքների դեմ հսկայական մարտահրավեր է», - ասաց Քերրին ու ընդգծեց. - «Թեև փողով կարելի է շատ բան գնել, սակայն այլևս երբեք հնարավոր չպետք է լինի դրանով գնել մարդու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG