Մատչելիության հղումներ

Սիրիահայ համայնքի ղեկավարները դեմ են հայերի զանգվածային տարհանմանը


Սիրիահայ համայնքի ղեկավարները դեմ են հայերի զանգվածային տարհանմանը
please wait

No media source currently available

0:00 0:04:51 0:00

Սիրիայի Առաքելական, Կաթողիկե և Ավետարական՝ 3 հայկական եկեղեցիների համայնքապետերի ու երեք կուսակցությունների ղեկավարների որոշումն է՝ Հալեպից հայերի միասնական ու զանգվածային տարհանում չկազմակերպել, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայ ավետարանական համայնքի ղեկավար, վերապատվելի Հարություն Սելիմյանը, ով կարճատև այցով Հայաստանում է։

Նա հավելում է, որ պատրաստ են օգնել առանձին ընտանիքների, որոնք պատերազմի պատճառով հեռանալու ցանկություն ունեն․ - «Բայց եթե զանգվածային գաղթ կամ տեղահանություն կազմակերպենք, կարող ենք պատմության առջև պատասխանատու լինել»:

Սելիմյանի խոսքով, նման բարդ որոշում կայացնելիս 3 հիմնական գործոն են հաշվի առել․ նախ այն, որ Հալեպը ողջ աշխարհում հայկական մշակույթի ու լեզվի պահպանման կենտրոններից մեկն է եղել ու այն վերացնել չեն ցանկանում։ Բացի այդ, հայկական համայնքի ղեկավարները կարծում են, որ ազնիվ չէ դժվար պահին լքել Սիրիան, որը ժամանակին ապաստան է տվել Եղեռնից փրկված հազարավոր հայերի։

Հալեպի բնակիչները «Ազատությանը» հայտնեցին, որ թեև այսօր վերջին օրերի համեմատ ավելի խաղաղ է, միևնույն է՝ պայթյունների ձայներ են լսվում, փողոցներն էլ դատարկ են։ Արդեն չորս տարի շարունակվող պատերազմի արդյունքում երբեմնի բարեկեցիկ համայնքի 60-70 տոկոսն արդեն հեռացել է, պատմում է Սելիմյանը․ - «Մնացողները մեզ համար մեր ճիտին պարտքն է, ինչպես ասում են: Չենք կարող հոխորտալ, որ ամեն ինչին լավը, բավարար ունենք․ որքան հնարավոր է՝ այդքան բոլորին հավասարապես բաժանում ենք»:

Սփյուռքի նախարարության պաշտոնական դիրքորոշումն է. քանի դեռ չկա Հալեպի ազգային կառույցները համատեղ չեն որոշել տարհանել հայերին, իրենք այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկի։

Անցյալ տարի Հայաստան տեղափոխված սիրիահայ գրող Հակոբ Միքայելյանը հարց է բարձրացնում․ իսկ եթե համայնքի ղեկավարները հայտարարեին, որ ցանկանում են բոլորին տարհանել Հայաստան, իշխանությունները կարողանալո՞ւ էին հոգալ այս մարդկանց կացության ծախսերը․ - «Հայաստանի կառավարությունը Հալեպի տասը հազար – քսան հազար հոգին այստեղ պիտի բերի․․․ իր մեկուկես միլիոն ժողովուրդը թողեց գնաց՝ նրանց մասին որևէ մեկը մտահոգություն չարտահայտեց, չասաց՝ մի գնացեք, ձեզ գործ կապահովենք, ֆաբրիկաներ կբացենք: Անդադար եկեղեցիներ են սարքում, որևէ մեկը գործարան չի սարքում, որի մեջ մի քանի հարյուր հոգի աշխատի և փրկվի»:

Սփյուռքի նախարարությունը որոշ աջակցություն ցուցաբերում է, բայց Սիրիայում մնացած հայերին օգնում են տեղի հայկական կազմակերպությունները, նկատում է Միքայելյանը, ով ստիպված է եղել Հայաստան տեղափոխվել, քանի որ երկու դստրերն էլ ընտանիքների հետ Սիրիայից ավելի վաղ հեռացել էին։ Նաև պատմում է, որ Հալեպում ոչ մի պահի չես կարող վստահ լինել, որ պայթյուն չի լինի, բայց միևնույն է, հայկական դպրոցները գործում են:

2013-ին Սիրայի ապստամբները առևանգել էին Հակոբ Միքայելյանին: Հարազատները մեծ փրկագին են վճարել նրա կյանքը փրկելու համար։ Գրողի դասընկերը պատերազմի հետևանքով զոհված մի քանի տասնյակ հայերից մեկն է։ Ասում է՝ տեղում իրավիճակը տարեցտարի սրվում է, մարդիկ ավելի հոռետես են դառնում, ուսումնական տարվա ավարտից հետո հեռացողների թիվը կավելանա:

Վերապատվելի Հարություն Սելիմյանը մինչդեռ լավատես է. - «Բոլոր այն տեղերում, որտեղ պատերազմը սկիզբ է ունեցել, ունեցել է նաև վերջ: Կարող է երկար տևել, սակայն մենք պիտի հավատանք և հույս ունենանք, որ պիտի ավարտ ունենա»:

XS
SM
MD
LG